ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին նախագիծը
Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Քվեարկության արդյունքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը» 0 կողմ, 36 դեմ, 88 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ չի ընդունվել:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տեղեկացմամբ՝ համաձայն Սահմանադրության 202 հոդվածի 2-րդ մասի, եթե սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշման, այն կարող է դրվել հանրաքվեի:
Այնուհետեւ խորհրդարանի քննարկմանը ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: Նրա գնահատմամբ նախագիծն այս տեսքով չի կարող դրվել հանրաքվեի եւ տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Ազգային ժողովի որոշման նախագծին:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշել է, որ խնդրի լուծման ամենաժողովրդավար ձեւը հանրաքվեն է եւ ժողովուրդն է որոշողը:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշել է, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը խորհրդարանն ընդունել է 88 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: