Ոչ մի գործադիր իշխանության ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տա պառլամենտի վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, սահմանադրական փոփոխությունների հարցով ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
«Վարչապետի ելույթի մի ամբողջ հատված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մեծ նամակից էր, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է ձևավորվել ՍԴ-ում Հրայր Թովմասյանի նախագահությունը։ Մի հատվածը հայտնի քրեական գործից է, որը հարուցված է նախկին ԱԺ նախագահի նկատմամբ և ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավարի տեղակալի նկատմամբ։
Ինձ մոտ հարց առաջացավ, բայց եթե կան դատավորներ, որոնք նշանակված են Լևոն Տեր-Պետրոսյանի կամ այլ նախագահների կողմից, ուրեմն նրանք չպետք է պաշտոնավարեն։ Սա սխալ տրամաբանություն է, որովհետև այն մարմինները, որոնք պետք է լինեն, ըստ Սահմանադրության, անկախ մարմիններ, նրանք պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ, տարբեր իշխանությունների կողմից նշանակված։ Այսօր առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում աշխատում են հարյուրավոր դատավորներ, ովքեր նշանակվել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կողմից, չեմ բացառում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից աշխատող դատավորներ էլ կան։ Փաստորեն, այս տրամաբանությունը կարելի է կիրառել նաև ընդհանուր իրավասությունների դատարանների վրա։ ՍԴ-ի իմաստն այն է, որ տարբեր ժամկետներում նշանակվում են տարբեր իշխանությունների կողմից մարդիկ, որը ևս որոշակի անկախության երաշխիք է։ Բայց սա էլ մի կողմ, դե հիմա մոտեցում է, սա էլ ձեր մոտեցումն է։
Ինձ անհանգստացնում և վտանգավոր է թվում ձեր այն մոտեցումը, որ, դուք ի սկզբանե այս ամբիոնից մեզ սպառնում եք, այն ուժերին, որոնք կարող են իրավական ճանապարհով վիճարկել այսօրվա որոշումները։
Դուք ասում եք՝ այն ուժերը, որոնք իրավական ճանապարհով կամ այլ կերպ այնպես կանեն, որ հանրաքվեն չլինի, նրանք կհայտարարվեն հակապետական ուժեր։ Ասում եք՝ այն ուժերը, որոնք կաջակցեն այս պրոցեսին, նրանք կհամարվեն ազգի նվիրյալներ։
Փաստորեն, դո՞ւք եք որոշում՝ ովքեր են հակապետական ուժերը, ու ովքեր են ազգի նվիրյալները․ մենք ո՞ւր ենք գնում, պարոն վարչապետ, սա՞ է ձեր երազած ժողովրդավարությունը։ Այսինքն՝ ձեր երազած ժողովրդավարությունն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին և ազգի բարեկամներին, նվիրյալներին, կարող է սրբեր կարգել, կարող է դավաճաններ կարգել, անիծյալներ կարգել, սատանաներ։
Քանի դեռ մենք այս Պառլամենտում ենք, ոչ մի գործադիր իշխանության ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տա Պառլամենտի վրա»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: