ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի դեպքը առանձին պատմություն է, որը առանձին քննության կարիք ունի: Ընդհանրապես, նա լինելով գործող սահմանադրության տեքստի հեղինակներից մեկը, կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը սահմանադրության տեքստը գրողների խմբում եւ պրոցեսի դե ֆակտո ղեկավարը, ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը իր սեփական պլաններին հարմարեցնելու համար: Ըստ էության գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ՝ հետեւյալ տրամաբանությամբ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե Թովմասյանը ստեղծում է սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն պետք է այդ տեքստը նաեւ իրեն ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա՝ որպես սահմանադրական դատարանի նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության:
Եւ ի դեպ, հին սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը չի կրճատել, այսինքն նրանց նոր սահմանադրությամբ նախատեսված ժամկետից ավել պաշտոնավարելու հնարավորություն է տվել ոչ թե ՍԴ այդ անդամների, այլ իր սեփական շահերի համար, որովհետեւ նրան պետք է եղել հին կարգով ընտրված ՍԴ անդամների պաշտոնավարումը մինչեւ 65 կամ ոմանց դեպքում 70 տարեկանը լրանալը պահպանել, որովհետեւ ինքը ի սկզբանե նախատեսած է եղել, որ ՍԴ անդամ պիտի ընտրվի իրեն նույնպես այդ հնարավորությունը տվող հին կարգով:
Նա հին կարգով ՍԴ անդամ է ընտրվել 2018 թվականի մարտի 2-ին, չնայած՝ գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ՍԴ անդամ ընտրվելու կարգը, ամբողջությամբ փոխվելու է: Նրան ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո Աժ նախագահը զրկվելու է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրելու լիազորությունից, նա սահմանադրական դատարանի անդամ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ իր ընտրվելուց ընդամենը 37 օր հետո ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանվելու 12 տարին:
Ահա այս նպատակին հասնելու համար է Հրայր Թովմասյանը հոգ տարել, որ ի հեճուկս սահմանադրական դատարանի մասին բոլորովին նոր նկարագրության առկայությանը, գործող Սահմանադրության մեջ, ՍԴ հին անդամները շարունակեն պաշտոնավարել, որովհետեւ եթե նրանց պաշտոնավարման ժամկետը կրճատվեր, Հրայր Թովմասյանը չէր կարող 17 տարով ընտրվել ՍԴ անդամ:
Նույնը վերաբերվում է նաեւ ՍԴ նախագահի պարագային: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018 թվականի մարտի 21-ին, Ազգային ժողովի կողմից, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո Ազգային ժողովը զրկվելու է ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունից, Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի թեկնածու է առաջադրել Ազգային ժողովի նախագահը, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունից, Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, որտեղ նկարագրված է երազանքի սահմանադրական դատարանը եւ որտեղ գրված է, որ Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվում է Սահմանադրական դատարանի կողմից 6 տարի ժամկետով, նույն անձը չի կարող մեկից ավելի անգամ ընտրվել ՍԴ նախագահ:
Բայց հիմա, այդպիսի սահմանադրական դատարան ունենալու համար, ինչպես նկարագրված է Սահմանադրության մեջ, հայ ժողովուրդը պետք է սպասի մինչեւ 2035 թվականը, որովհետեւ Հրայր Թովմասյանը իր կուսակցության, ՀՀԿ-ի օգնությամբ մինչեւ 2035 թվականը իրենով է արել Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակը, չնայած գործող Սահմանադրությամբ բոլորովին այլ բան է նախատեսված:
Չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս ճանապարհին Հանրապետականները կարծես անցել են ոչ միայն տրամաբանության ու բարոյականության, այլեւ քրեական օրենսգրքի սահմանը:
Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018 թվականի մարտի 25-ին: Եթե նա շարունակեր մինչեւ վերջ պաշտոնավարել, Հրայր Թովմասյանը չէր կարող ՍԴ նախագահ ընտրվել Ազգային ժողովի կողմից, չէր կարող ընտրվել 17 տարի ժամկետով:
Ու որպեսզի սա հնարավոր դառնա, նրանք Գագիկ Հարությունյանին, որին արդեն շնորհել էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակը, համոզում են հրաժարական տալ մարտի սկզբին, իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 20 օր առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կարողանա ցմահ ՍԴ նախագահ ընտրվել ԱԺ 2018 թվականի մարտի 20-ին մեկնարկող հերթական նիստում, որը նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց առաջ ԱԺ վերջին հերթական նիստն էր:
Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրում 2018 թվականի մարտի հինգին, բայց Ազգային ժողովի այն ժամանակվա աշխատակազմում հասկանում են, որ եթե Գագիկ Հարությունյանը հրաժարականը արձանագրվի մարտի 5-ին, առաջանում են ընթացակարգային այնպիսի խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում Հրայր Թովմասյանի 17 տարով ՍԴ նախագահ ընտրվելը 2018 թվականի մարտի 20-ին նախատեսված ԱԺ հերթական նստաշրջանում, ուստի, ըստ հրապարակված տվյալների, կեղծիք են թույլ տալիս, եւ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը գրանցում են մարտի 2-ով, թույլ տալով պաշտոնեական կեղծիք: Այս դրվագով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցված, բայց իմ քաղաքական գնահատականը միանշակ է. այս կեղծիքով եւ ընդհանրապես այս ողջ պատմությամբ թույլ է տրվել իշխանության յուրացում:
Տիկնայք եւ պարոնայք, ուզում եմ հայտարարել, որ մի շարք սահմանադրական մանիպուլյացիաների բերումով՝ սահմանադրական գործող դատարանի և նրա նախագահի կողմից յուրացվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին պատկանող իշխանությունը:
Դրա առաջին դրվագի մասին ես արդեն խոսեցի. խոսքը գործող սահմանադրության 213 հոդվածի մասին է, որով հին սահմանադրական դատարանին հնարավորություն է տրվել շարունակել գոյություն ունենալ նոր Սահմանադրության պայմաններում եւ ի հեճուկս նոր Սահմանադրությամբ նկարագրված Սահմանադրական դատարանի:
Բայց կա մեկ այլ, ոչ պակաս կարեւոր դրվագ: Հրայր Թովմասյանը Սահմանադրության գործող տեքստում առնվազն Սահմանադրական փոփոխությունների հարցում Սահմանադրական դատարանին ավելի մեծ լիազորություն է վերապահվել, քան Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է: Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման, Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց Սահմանադրական դատարանի թույլտվության:
Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է ցանկանալ որեւէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց Սահմանադրական դատարանը թույլ չտա, այդ ձգտումը համարելով հակասահմանադրական: Ընդ որում, ոչ ոք, ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ-ի այդ դիրքորոշումը:
Այսինքն, այս վիճակում՝ Հայաստանի ժողովուրդը կարող է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի՝ ապօրինի ձեռքբերված կարգավիճակից զրկելու ցանկություն ունենալ, բայց Սահմանադրական դատարանը դա թույլ չտա, համարելով հակասահմանադրական: Այսինքն՝ Հրայր Թովմասյանի եւ ՀՀԿ-ի թեթեւ ձեռամբ մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից եւ այդ սուբյեկտը Սահմանադրական դատարանն է: Սա ժողովրդին պատկանող իշխանության յուրացման աղաղակող օրինակ է:
Աբսուրդը հասել է այնտեղ, որ Սահմանադրական դատարանն անբեկանելի որոշումներ կարող է կայացնել նույնիսկ ինքը իր, իր կարգավիճակի վերաբերյալ: Սա իսկապես աղաղակող աբսուրդ է, ինչպե՞ս կարող է Սահմանադրական դատարանը նման որոշում կայացնել ինքը իր, իր կարգավիճակի վերաբերյալ: Կան իրավաբաններ, որոնք հակադարձում են՝ այդ դեպքում ինչպե՞ս է, որ Ազգային ժողովը որոշում է կայացնում ինքը իր վերաբերյալ, կառավարությունը որոշում է կայացնում ինքը իր վերաբերյալ, նախագահը որոշում է կայացնում ինքը իր վերաբերյալ:
Թվում է՝ զորեղ փաստարկ է, բայց՝ Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումներն ու օրենքները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարան մի քանի սուբյեկտների կողմից, Կառավարության որոշումները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարան, Վարչական դատարան, նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարան, Վարչական դատարան եւ միակ մարմինը որի որոշումները, այդ թվում իր կարգավիճակի վերաբերյալ, չեն կարող բողոքարկվել՝ Սահմանադրական դատարանն է:
Ես չեմ ասում, թե Սահմանադրական դատարանի որոշումները պետք է դարձնել բողոքարկելի: Քավ լիցի: Ես ասում եմ, որ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերվում է այլ մարմինների ուղղակի լիազորություններին, առավելեւս ժողովրդի լիազորությանը, ժողովրդի իշխանությանը, Սահմանադրական դատարանի լիազորությունները պետք է լինեն խիստ կանոնակարգված, կանխատեսելի եւ սահմանափակված ժողովրդի ինքնիշխան իրավունքով: Աշխարհում, ի դեպ, չկա գոնե մեկ երկիր, որ Սահմանադրական դատարանի սահմանադրական վերահսկողության լիազորությունը լինի առանց ծավալների սահմանափակման, այսինքն լինի բացարձակ, անքննելի և անբեկանելի: Աշխարհում գոյություն չունի այդպիսի երկրորդ երկիր և միակ այդպիսի իրավիճակը առկա է այսօրվա Հայաստանի Հանրապետությունում:
Իսկ այն իրավիճակը, որ մենք նաեւ այս առումով ունենք սահմանադրական դատարանում, ուղղակի սպառնալիք է ժողովրդավարությանը, որովհետեւ ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչը հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմն է: Մեր երկրում, ըստ այդմ, ինչպես վերը նշեցի՝ հակակշռված եւ փոխզսպված է նախագահի ինստիտուտը, կառավարության ու վարչապետի ինստիտուտը, Ազգային ժողովը նույնիսկ, իսկ Սահմանադրական դատարանը չունի ոչ մի հակակշիռ եւ ընդհանրապես ոչ մի զսպում, փոխարենը կարող է եւ փաստացի սահմանափակում է իշխանության բարձրագույն կրողի, ժողովրդի իշխանությունը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի կարգավիճակի վերաբերյալ:
Սա ուղիղ եւ սարսափելի սպառնալիք է ժողովրդավարության համար եւ այսպիսի Սահմանադրական դատարանը ձեւավորվել է Հայաստանում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար, որովհետեւ այս Սահմանադրության գրողները այդպես էլ պլանավորել էին, որ առնվազն մինչեւ 2035 թվականը Հայաստանում ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն չի լինելու եւ ինչպես Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու խորհրդարանական քննարկման ժամանակ եմ հայտարարել, լինելով ԱԺ պատգամավոր, խմբակցության ղեկավար, այսպիսի Սահմանադրական դատարան ձեւավորվել է եւ Հրայր Թովմասյանը այսպիսի եղանակով Սահմանադրական դատարան է ուղարկվել որպես կոռումպացված, հակաժողովրդական, ապօրինի համակարգի վոչդոգ, որը թարգմանաբար նշանակում է պահապան շուն:
Այլ կերպ ասած՝ հենց Սահմանադրական դատարանում է թաղված շան գլուխը: Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները երբեմն զայրանում են, չեն հասկանում, կարկամում են, թե էդ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկուները եւ օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շուտով, շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, եւ դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու, բոլորով:
Ինչի՞ վրա է նրանց հույսը: Միայն ու միայն մի բանի: Հրայր Թովմասյանի ու գործող Սահմանադրական դատարանի: Ինչու՞ են նրանք քմծիծաղով նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իրենց մասին արված բացահայտումներին, ինչու՞ են նրանք արհամարհանքով վերաբերվում նույնիսկ իրենց դատավարություններին: Որովհետեւ նրանք սպասում են, հույս ունեն, որ ահա շուտով, ահա բան չմնաց՝ իրենց Սահմանադրական դատարանը իրենց, բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից, եւ շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու:
Բայց մենք դա թույլ չենք տա, մենք նրանց կպարտադրենք ուրիշ մի գործողություն եւ այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար: Մենք այսօր պետք է որոշում կայացնենք այս հարցը ժողովրդով լուծելու համար եւ Ազգային ժողովը հույս ունեմ որոշում կայացնի Սահմանադրության վերը հիշատակված 213 հոդվածը փոխելու հարցով համաժողովրդական հանրաքվե նշանակելու մասին:
Այդ հոդվածի փոփոխությամբ պետք է հին կարգով ընտրված Սահմանադրական դատարանի բոլոր անդամների լիազորությունները դադարեցվեն: Սա տեղի կունենա այն պարագայում, եթե հանրաքվեի նշանակված օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր եւ այո ասեն այդ փոփոխություններին, այո ասեն հեղափոխությանը, այո ասեն ժողովրդի իշխանությանը: Այդ պարագայում, ՍԴ-ում կշարունակեն պաշտոնավարել երկու նորանշանակ դատավորները՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված Արման Դիլանյանը եւ նախագահի կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված Վահե Գրիգորյանը:
Հանրաքվեից հետո Հայաստանի կառավարությունը, հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը, հերթով կառաջադրեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ, դատավորներին կընտրի Ազգային ժողովը եւ մի քանի ամսվա ընթացքում կամ գուցե ավելի կարճ, մենք կունենանք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված եւ գործող Սահմանադրական դատարան, որը իր կազմից կընտրի Սահմանադրական դատարանի նոր նախագահ:
Իհարկե, նոր Սահմանադրական դատարանի առաջ մենք պայման կդնենք, որ նրանք պետք է աջակցեն Սահմանադրական դատարանի Սահմամադրական վերահսկողության լիազորությունները հավասարակշիռ դարձնող օրենքների եւ սահմանադրական փոփոխությունների ընդունմանը:
Եւ այս պրոցեսի ավարտին մենք կունենանք մի սահմանադրական դատարան, որը չի լինի քաղաքական որեւէ ուժի կամ խմբավորման կամ պաշտոնյայի կրնկի տակ, այլ կլինի ժողովրդի առաջ, հաշվետու ժողովրդին, սահմանադրական բարձրագույն դատական ատյան, բայց ոչ ավելի բարձր՝ քան ժողովուրդը: Հենց այսպիսի Սահմանադրական դատարան է պետք Հայաստանի Հանրապետությանը, մեզ բոլորիս, Սահմանադրական դատարան, որը կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, իրավունքի գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ թե սպառնալիք կլինի ժողովրդավարության համար:
Եվ Ազգային ժողովում, և նրա սահմաններից դուրս լինելու են բազմաթիվ տեսակետներ, քննարկումներ, շահարկումներ հանրաքվե անցկացնելու որոշման մասին: Քննարկվող նախագծի փաթեթում բոլոր իրավական հիմնավորումները բոլոր մանրամասնություններով բերված են: Չեմ ուզում մտնել մանր կամ մեծ դետալների մեջ եւ կարող եմ այս բարձր ամբիոնից արձանագրել ամենակարեւորը.
Հայաստանի Հանրապետությունում չկա մի խնդիր, որի լուծման լիազորություն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի: Հայաստանի Հանրապետությունում չկա մի հարց, որը լուծելու լիազորություն, իրավասություն, իշխանություն չունենա ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինքնիշխան է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին տիրակալ է եւ նա իրավասու է, կարող է լուծել ցանկացած հարց եւ կլուծի»,- հայտարարել է վարչապետը:
Փաշինյանը նաև հորդորել է ՍԴ անդամներին հրաժարական տալ.
«Սահմանադրական դատարանի շուրջ, այո, ստեղծվել է ճգնաժամ, որը ավելի լայն ճգնաժամ դառնալու վտանգներ է պարունակում, բայց ուզում եմ ասել, որ դուք ինքներդ՝ ՍԴ անդամներդ, կարող եք լուծել այդ ճգնաժամը՝ մեծ ծառայություն մատուցելով պետությանը եւ ժողովրդին, գնահատելի ծառայություն մատուցելով:
Դուք՝ խոսքս Սահմանադրական դատարանի անդամների, հին կարգով ընտրված Սահմանադրական դատարանի անդամների մասին է, ահա դուք բոլորդ կարող եք հրաժարական ներկայացնել ՍԴ անդամի կարգավիճակից: Դա կարող եք անել այսօր, վաղը, կարող եք անել մինչեւ հանրաքվեի մասին որոշումը Հանրապետության նախագահի կողմից ստորագրելը:
Ի դեպ, ուզում եմ ասել, որ մենք ՍԴ ճգնաժամի լուծման հարցով քննարկումներ ենք ունեցել Հանրապետության նախագահի հետ եւ համոզվել, որ նա համաձայն է տվյալ իրավիճակը հանրաքվեով լուծելու առաջարկվող բանաձեւի հետ, ինչի մասին կարծում եմ ինքը կհայտարարի»,- հավելել է Փաշինյանը: