22.11.2024
Հայաստան են ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և միացյալ շտաբի պետը
prev Նախորդ նորություն

ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել է Անջեյ Կասպրչիկի հետ իրավիճակը շփման գոտում

Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում իրադրության ապակայունացման միտումները:

Պաշտպանության նախարարը դեսպանի Կասպրչիկին տեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետերից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ`120 մմ տրամաչափի ականանետեր:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի Զինված ուժերի նման մարտավարության պայմաններում իրադրության սրման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Դեսպան Կասպրչիկը հավաստիացրել է, որ իր լիազորություններից բխող առավելագույն ջանքեր կգործադրի իրադրությունը կայունացնելու ուղղությամբ: