Սլուցկի. Պերմյակովի դատավարությունը կանցկացվի Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանում
Ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը ընթանալու է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում, Ավետիսյանների գերեզման այցելելուց ու ծաղիկներ դնելուց հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Հարցին՝ դատավարությունը կընթանա բաց, թե փակ ընթացակարգով, Սլուցկին դժվարացավ պատասխանել, այդուհանդերձ նշեց՝ որպես պատգամավոր, իր համար ընդունելի է դատավարության բաց տարբերակը: Իր հերթին Սլուցկիի տեղակալ Տատյանա Մոսկալցովան ընդգծեց, որ եթե նույնիսկ դատավարությունն ընթանա փակ դռների հետևում, ապա վճիռը, ըստ Ռուսաստանի օրենսդրության, կկայացվի բաց ընթացակարգով:Սլուցկին վստահեցրեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում նախաքննությունը կավարտվի:
Սլուցկին անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և ռազմա-տեխնիկական համագործակցությանը նշել է, որ Ռուսաստանի համար և Հայաստանը, և Ադրբեջանը հանդիսանում են գործընկերներ, և իրենք չեն կարող դադարեցնել նրանցից որևէ մեկի հետ համագործակցությունը: Նրա խոսքով` միակ տարբերակը Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումն է, որի համար էլ կան Մադրիդյան սկզբունքները: Սլուցկին ընդգծել է, որ Ադրբեջանը Ռուսաստանին սպառազինությունների համար վճարում է կոմերցիոն գներով, իսկ Հայաստանը զենքեր է ստանում լրիվ այլ պայմաններով և նույնիսկ այդ պայմանների դեպքում ՌԴ-ը համապատասխան վարկեր է տրամադրում:
Նա նշել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունում հանդիսացել է և հանդիսանալու է գլխավոր խաղաղարարը: Սլուցկին անդրադարձ կատարելով ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներին, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից և լքեց կուսակցությունը նշել է, որ Ռուսաստանի հակառակորդները շատ կցանկանային, որ ՀՀ-ում տեղի ունենա պետական հեղաշրջում, սակայն դա տեղի չի ունենա: «Նրանց հույսերը չարդարացան և Վիկտորիա Նուլանդի տարածաշրջանային այցին ընդառաջ Երևանում տեղի չունեցավ հեղաշրջում», - նշել է Սլուցկին հավելելով, որ Ծառուկյանը ելնելով հայ ժողովրդի շահերից միակ ճիշտ որոշումն է կայացրել, փոխանցում է arminfo-ն:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր հրամանատարն իր պարտականություններին կանցնի երկուշաբթի օրը՝ մարտի 30-ին: Այդ մասին հայտնել է ԱՊՀ գործերով Ռուսաստանի Պետական դումայի հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը: «Վաղվանից իր պարտականություններին կանցնի նոր հրամանատարը», - ասել է նա Գյումրիում Շիրակի շրջանի և քաղաքի ղեկավարության և ռուս պատգամավորների հետ հանդիպմանը:
Լեբեդևը ղեկավարում է Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունից հետո ստեղծված համատեղ խորհրդարանական հանձնաժողովի ռուսական բաժինը: Նա չի նշել, թե ով է ղեկավարելու ռուսական ռազմաբազան, սակայն interfax.ru-ն, Գյումրիում ստացած տվյալների համաձայն, նշում է, որ դա լինելու է գեներալ-մայոր Ուստինովը: