Առողջապահության նախարարությունը հայտնոմ է, որ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ռիսկային երկիր չի համարվում: Միևնույն ժամանակ նախարարությունը քայլեր է կատարում հնարավորինս վաղ՝ 10 օրվա ընթացքում վիրուսի լաբորատոր թեստեր ստանալու ուղղությամբ:
Այս մասին այսօր՝ հունվարի 29-ի, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել են ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը և Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանում կորոնավիրուսի լաբորատոր թեստերի անհրաժեշտություն առայժմ չի եղել: Նման կասկածի դեպքում այժմ նմուշը կարող է ուղարկվել այլ երկիր, հավելեց նա: Բանն այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից վիրուսի լաբորատոր թեստերը տրամադրվում են առաջին հերթին Չինաստանի հարևանությամբ, բարձր ռիսկային գոտում գտնվող երկրներին:
ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով էլ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանում բժշկասանիտարական կանոնների ներդրման գնահատում է իրականացվել և Հայաստանի պայմանները բարձր են գնահատվել։
Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող ՀՀ 5-6 քաղաքացու հետ մշտական կապ կա, նրանք վարակված չեն և պահպանում են անվտանգության կանոնները: Այս պահին ՀՀ-ում հսկողության տակ է գտնվում Չինաստանի մեկ քաղաքացի, նրա մոտ 37 աստիճան ջերմություն է եղել:
Այս համատեքստում նա նադրադարձավ հարևան Վրաստանում կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումներին: Նախ տեղեկացրեց, որ Վրաստանի գործընկերոջ հետ խոսել է, ու վերջինիս ժխտել է Վրաստանում կորոնավիրուսի առկայության մասին տեղեկությունը։ «Կորոնավիրուսը մարդուց մարդ փոխանցվում է Չինաստանում։ Իսկ այն երկրներում, որտեղ վիրուսի բերովի դեպքեր են արձանագրվել, դեռևս մարդուց մարդ փոխանցման դեպքերի արձանագրում չկա։ Ներկայումս կլինիկական ուղեցույցներն ենք մշակում» , - ասաց նա։
«Այն հաստատելուց հետո կտրամադրենք մեր բուժաշխատողներին, որպեսզի նրանք իմանան՝ ինչպես է իրականացվում բուժումը»,- ասաց Լիանա Թորոսյանը։
Նշենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԱՆ քննարկման արդյուքնում որոշվել է հունվարի 26-ից արգելել կենդանական ծագմամբ մթերքների և ծովամթերքի մուտքը Հայաստան, այս պահին սահմանային անցակետում 4 լեզվով պաստառներ կան՝ անհրաժեշտ ինֆորմացիայով և թեժ գծի հեռախոսահամարով: ԱՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային տարբեր կառույցների հետ:
Աշխարհում ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի 4537 դեպք՝ 106 մահվան ելքով: Գրանցվել են դեպքեր ոչ միայն Չինաստանում, այլև Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Չինաստանից դուրս գրանցված դեպքերը կապված են այդ երկրից ժամանած մարդկանց հետ: