23.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կոչը Արցախի նախագահի թեկնածուներին՝ խոսել ԼՂ մասով Սարգսյանի ժառանգության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Արցախի նախագահի թեկնածուներին կարծիք հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ նախկին իշխանությունների թողած ժառանգության մասով:


Հղում անելով վերջերս մի հրապարակման, որտեղ խոսվում է, թե որ կետում է թողել բանակցային գործընթացը նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և նշելով, որ նախկին իշխանությունների կողմից պաշտոնական հերքումներ չեն եղել, նա հիշեցրեց հիմնական երեք պարբերությունները.


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են 7 շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի Զանգելանի, Կուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը: Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները: Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում:


Պարբերություն երկրորդ. վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները: Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը, և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների: Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ:


Պարբերություն երրորդ. միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչև վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղի պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը.... սա է այդ ժառանգությունը»,- մեջբերեց Փաշինյանը:


Նա ասաց, որ այսօր իրենց մեղադրում են, թե այդ ժառանգությունը կորցրել են.


«Որ պահին հենց այս նույն կետից Հայաստանը ցանկանա շարունակել բանակցությունները՝ միջազգային հանրությունը ոչ մի խնդիր չի ստեղծի: Առաջարկում եմ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն` այս տեքստն իրենց համար ընդունելի է, թե ոչ, թող հայ ժողովուրդն ու Արցախի ժողովուրդն էլ ասեն՝ ընդունելի է, թե ոչ: Եթե Արցախի ու Հայաստանի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին»,- հավաստիացրեց Փաշինյանը: