Արցախի ներկայիս տարածքը զիջման ենթակա չէ. Աշոտ Ղուլյանն արձագանքեց Փաշինյանին
Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին մեկնաբանել ԼՂ հակամարտության կարգավորման մասով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանը:
«Արձագանքելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու հայտարարում եմ.
1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:
2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:
3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության:
4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն:
5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող:
Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար»,- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ Կապանում ընթացող ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հորդորեց Արցախի նախագահի թեկնածուներին մեկնաբանել նախորդ իշխանությունների թողած ժառանգությունը, որոնց հիմքում մադրիդյան սկզբունքներն են: