Էդվարդ Նալբանդյանը խիստ քննադատեց "քար շպրտողներին"
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խորհուրդ տվեց չքննադատել, «քար չշպրտել» եւ «մեջքից չհարվածել» հայ դիվանագետներին, քանի որ նրանք «նույն զիվորներն են», սակայն արտաքին քաղաքական հարթակներում: Այս մասին արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարեց՝ արձագանքելով քաղաքական դաշտում ԵԽԽՎ-ում բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի ընդունման համատեքստում հայ դիվանագետների և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հասցեին հնչող քննադատությունները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵԽԽՎ-ում ներկայացված բրիտանացի եւ բոսնիացի պատգամավորներ Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցները բուռն հանրային եւ քաղաքական քննարկումների առիթ դարձան Հայաստանում: Թեպետ Ուոլթերի զեկույցի ընդունումը ձախողվեց, այնուամենայնիվ որոշ վերլուծական շրջանակներ ե ընդդիմության ներկայացուցիչներ Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի ընդունումը Վեհաժողովի լիագումար նիստում գնահատեցին որպես «Հայաստանի դիվանագիտության ձախողում»:
«Սա ձախողում է, եւ եթե ասում են, որ առաջին բանաձեւը չի ընդունվել, ես կարծում եմ, որ նման դեպքում ուրախանալը նույնն է, երբ որ թշնամին գալիս է գրավելու քո քաղաքը, եւ դու հանձնում ես մի երկու թաղամաս եւ ասում ես, որ ամբողջ քաղաքը չեմ հանձնել, դա մոտավորապես նույն տրամաբանության մեջ է տեղավորվում»,- օրեր առաջ հայտարարել էր ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, հայտնում է Armtimes.com-ը:
Էդվարդ Նալբանդյանն իր այսօրվա ասուլիսին բավականին կտրուկ էր տրամադրված նման քննադատությունների նկատմամբ: Նա անգամ անբարոյական համարեց քննարդատել կամ ինչպես ինքը նշեց «քար շպրտել» դիվանագետների վրա:
«Շատ վերլուծաբաններ ու քաղաքագետներ են հայտնվել, որ սկզբից քննադատում են, հետո բացատրում՝ ինչո՞ւ: Ես կարծում եմ, որ քար շպրտելը դիվանագետների վրա անբարոյականություն (այդ արտահատությունը նախարարը կրկնեց մի քանի անգամ իրեն ուղղված տարբեր հարցերի համատեքստում – խմբ.) է, քանի որ դիվանագետները նույն զինվորներն են՝ ուղղակի արտաքին քաղաքականության մեջ: Դիվանագետներն ու ԵԽԽՎ-ում մեր խորհրդարանական պատվիրակությունը գործադրել, գործադրում եւ վստահ եմ՝ գործադրելու են ջանքեր տարբեր կարեւոր խնդիրներ լուծելու համար», - ասաց նա՝ նշելով, որ ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցի դեմ քվերակորղները «քվերակեցին հանուն խաղաղության»:
Միեւնույն ժամանակ Նալբանդյանը խորհուրդ տվեց չուռճացնել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի ընդունման նշանակությունը: «ԵԽԽՎ-ում էլի են ընդուվել զեկույցներ Լեռնային Ղարաբաղի մասին, եւ ի՞նչ է փոխվել», - հարց հնչեցրեց նա՝ հիշեցնելով, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը կազմվել է մի պատգամավորի կողմից, որն անգամ Ղարաբաղ չի այցելել՝ չնայած բազմաթիվ հրավերներին:
Քննադատներին եւ «քար շպրտողներին» ավելի պատկերավոր պատասխանելու համար նախարարն օգնության դիմեց իր ֆրանսերենի գիտելիքներին, հիշեց այնտեղից համապատասխան ժողովրդական ասացվածք, գտավ դրա հայկական տարբերակը եւ արտաբերեց. «Գինին թան չէ, ամեն հիմարի բան չէ»:
Նալբանդյանի դիրքրոշումն անընդունելի է համարում Լեւոն Զուրաբյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ իր քննադատությունները վերաբերել են Հայաստանի արտաքին քաղքականությունւ, այն է՝ դիվանագիտությունը ղեկավարողներին: «Ես կարող եմ խոսել միայն իմ հնչեցրած քնարդատությունների մասին, որոնք վերաբերել են Հայաստանի դիվանագիտությունը ղեկավարողներին: Իսկ դա Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն են: Հուսով եմ՝ Նալբանդյանն ինքն իրեն չի համարում քննադատությունից դուրս մարդ: Նա կառավարության անդամ է եւ ենթական է անխնա քննադատության, հատկապես, երբ իր գործողություններով արժանանում է դրան», - ասաց Լեւոն Զուրաբյանը: