Թուրքիան իր պանթուրքիստական արտաքին քաղաքականությունը կյանքի կոչելու համար հենվում է թուրքական ներկայության վրա և հանդես է գալիս, որպես ամբողջ աշխարհում թյուրքական տարրի գլխավոր պաշտպան:
Գեոպոլիտիկ ազդեցության ընդլայնման համար Անկարան Կիպրոսում հենվել էր տեղի թուրքական համայնքի վրա և այդ համայնքի պաշտպանությունն, որպես պատրվակ օգտագործելով օկկուպացրել էր Կիպրոսի հյուսիսային թուրքական հատվածը:
Թուրքիան 1974 թ.-ին «Атилла» գործողության ընթացքում օկուպացրել է Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, Կիպրոսի հյուսիսում իրականացրել հույների էթնիկ զտումներ և այդ շրջանում տեղակայել է իր ռազմաբազաները:
Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան դատապարտվել է միջազգային տարբեր կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի կողմից, բայց չնայած միջազգային բացասական վերաբերմունքին, Անկարան Հյուսիսային Կիպրոսում ստեղծեց երկրորդ թուրքական պետությունը՝ 1983թ.-ին ճանաչելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:
Այս պահի դրությամբ Հյուսիսային Կիպրոսում է գտվում Թուրքիայի ԶՈւ-րի 11-րդ բանակային կորպուսը, որի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 40.000-ի:
Թուրքիան իր զինված ուժերի օգնությամբ իրականացնում է Հյուսիսային Կիպրոսի վերահսկողությունը: Անկարան իր պանթուրքիստական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից ելնելով Հյուսիսային Կիպրոսի պարագայում առաջնորդվել է «Մեկ ազգ՝ երկու պետություն» բանաձևով, որն այժմ այդքան հաճախ գործածվում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները նկարագրելու համար:
Թուրքիան Հյուսիսային Կիպրոսը օկուպացնելուց հետո այնտեղ էթնիկ զտումներ է իրականացրել: Թուրքական ներխուժման հետևանքով Հյուսիսային Կիպրոսը լքել է 200.000 հույն՝ թողնելով իրենց բնակավայրերը և գույքը: Կղզու հյուսիսային հատվածի ժողովրդագրական դեմքը փոխելու համար Անկարան, սկսած 1974թ.-ից, կղզում վերաբնակեցրել է 80.000-100.000 թուրք Անատոլիայից և այլ շրջաններից: Այդ նույն ժամանակահատվածում Հյուսիսային Կիպրոսը լքել է 55.000 կիպրոսցի թուրք, որոնք տեղափոխվել են Թուրքիա և ԵՄ-ի տարբեր երկրներ:
Եթե Կիպրոսի հույներն առաջ են քաշում էնոզիսի Հունաստանի հետ միավորվելու քաղաքականությունը, ապա Կիպրոսի թուրքերը հանդես են գալիս թաքսիմի (Taksim)–ի ռազմավարության օգտին` կղզու թուրքական, մահմեդական հատվածը անջատելու և Թուրքիայի հետ միավորվելու օգտին։
Ի դեմս Հյուսիսային Կիպրոսի, Թուրքիան ունի իր քվազիպետությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Միջերկրական ծովում և այդ քվազիպետության տարածքն օգտագործում է, որպես պլացդարմ՝սեփական շահերն առաջ տանելու համար:
Ինչ վերաբերվում է ՀՀ-ի գեոպոլիտիկ շահերին, ապա ՀՀ-ն պետք է ամրապնդի գործընկերային կապերը Կիպրոսի հունական, միջազգային ճանաչված հատվածի հետ ու տեղի հայ համայնքն օգտագործի, որպես կապող կամուրջ հայ և հույն ժողովուրդների միջև:
ՀՀ-ն, Կիպրոսն ու Հունաստանը թուրքական էքսպանսիայից տուժած պետություններ են, ինչպես նաև ազգեր՝հայերը և հույներն ենթարկվել են ցեղասպանության ու էթնիկ զտումների Օսմանյան Թուրքիայի կողմից:
Ընդհանուր հակառակորդի առկայությունը պետք է ամրապնդի Հայաստան-Կիպրոս-Հունաստան գեոպոլիտիկ եռանկյունին, որպես Թուրքիայի պանթուրքիստական և նեոօսմանական ձգտումները սահմանափակող ու զսպող կոալիցիա:
Այդ կապերի հիմքում, բացի ընդհանուր գեոպոլիտիկ շահերից, պետք է լինեն նաև տնտեսական նախագծեր և ակտիվ առևտրա-տնտեսական հարաբերություններ՝ Կիպրոսի և Հունաստանի հայ համայնքների ներուժն օգտագործելու միջոցով: