22.11.2024
Թուրքիան 21-րդ դարում վարելու է էքսպանսիոնիստական արտաքին քաղաքականություն
prev Նախորդ նորություն

Փաշինյան-Լևոն Տեր-Պետրոսյան. նոր-հին ինտրիգ՝ մի շարք հարցականներով

Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տոնում էր ծննդյան 75-ամյակը:

Այս կապակցությամբ նախկին նախագահին շնորհավորական ուղերձներ հղեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Օրվա ինտրիգն էր, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կշնորհավորի Լևոն Տեր-Պետրոսյանին, առավել ևս, որ լուրերը, թե նրանք պարբերաբար հանդիպում են, ժամանակ առ ժամանակ հայտնվում են հայկական մամուլում: Շնորհավորանք այդպես էլ չեղավ:
Տեր-Պետրոսյանի համակիրների բանակը առիթը բաց չթողեց սոցիալական ցանցերում մեղադրել Փաշինյանին այս «բացթողման» համար, ոմանք անգամ կանխատեսեցին, թե՝ «ինչպես դու ես այսօր ուրանում, վաղը նույնպես քեզ են ուրանալու»:

Հրապարակային դաշտում Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի հարաբերություններն ավարտվել են դեռևս 2012 թվականին, թեև քչերն են դրան հավատում ու Փաշինյանի ընտրվելուց հետո էլ հայտարարում էին, որ նա Տեր-Պետրոսյանի քաղաքական կուրսն է շարունակելու: Այս շշուկներն էլ ավելի շոշափելի են դառնում այն արդարացի հարցերի ֆոնին, թե ինչո՞ւ կոռուպցիոն մեխանիզմների, երկիրը քանդելու և այլնի շուրջ քննությունը տարվում է Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալու օրվանից սկսած, մինչդեռ արժեր Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիները ևս առնել խոշորացույցի տակ: Ի վերջո, թե այն ժամանակ, թե այսօր շատ հարցեր այդպես էլ մնացել են անպատասխան՝ ի՞նչ եղավ մազութը, ո՞ւր են միլիոնները, որ աշխարհից ստացվում էին Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնելու համար (հիշեցնենք, 30 տարի անց էլ Հայաստանում գոյություն ունի աղետի գոտի հասկացություն, որի համար պատասխանատու են հավասարապես ՀՀ նախկին բոլոր նախագահները), ո՞ւր են Հայաստանին ուղղված հումանիտար օգնության միլիոնները, ինչպե՞ս հնարավոր եղավ կեղծել ընտրությունները: Եվ սրանք հարցերի միայն երևացող հատվածն է, որ հանրությունն անընդհատ հնչեցնում է...

Այդ տարիների կառավարման վերաբերյալ եզակի գնահատական Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է՝ հայտարարելով, որ Հայաստանում 1996 թվականից սկսած բոլոր ընտրությունները կեղծվել են, և օրվա իշխանությունները պահել են իրենց պաշտոնները.

«1996 թվականի ընտրությունների արդյունքներով, որոնք չեն ընդունվել ընդդիմության կողմից, իշխանությունը պահել է Լևոն Տեր-Պետրոսյանը»,- մի քանի ամիս առաջ հայտարարեց վարչապետը։ Հաջորդիվ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը միայն ասաց, որ ծանոթ է 1996 թվականի իրադարձությունների մասին Փաշինյանի մոտեցումներին, բայց հրաժարվեց բարձրաձայնել իր գնահատականը՝ ասելով, որ այդ իրադարձությունների վերաբերյալ կան դատական, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի որոշումներ։ Ի դեպ, Կարապետյանը, ում նշանակումն ավելի ամրապնդեց Փաշինյան-Տեր-Պետրոսյան տանդեմի մասին ասեկոսեները, քանի որ նա միշտ համարվել է առաջին նախագահի կադրը, նախօրեին ազատվեց վարչապետի խոսնակի պաշտոնից՝ սիմվոլիկ ազատում Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն իսկ:

Հարցերից մեկը, որ Փաշինյանին պարբերաբար ուղղում են լրագրողները, վերաբերում է հենց այդ հարաբերություններին կամ դրանց բացակայությանը: Ընդ որում, այն հետաքրքրում է ոչ միայն հայ լրագրողներին. վերջերս ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն այն հնչեցրել էին նաև ռուս լրագրողները, մասնավորապես հետաքրքրվելով, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը լուրերը, թե ինքը բավականաչափ մոտ է ՀՀ Տեր-Պետրոսյանի հետ, կիսում է նրա հայացքներն այն այն աստիճան, որ նույնիսկ համարվում է Տեր-Պետրոսյանի նոր վերամարմնավորումը հայկական քաղաքականության մեջ:

«Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, և դա հրապարակավ արձանագրվեց: Ոչ թե օրը եկավ, և մենք ասացինք, որ վերջ, մեր քաղաքական հարաբերություններն ավարտվում են: Դա բավականին երկար և հրապարակային գործընթաց էր: Ես գրել եմ մի շարք հոդվածներ 2011-ի վերջին, և դրանից հետո՝ 2012-ին, մենք խզեցինք բոլոր քաղաքական կապերը: Դրանից հետո ես սկսեցի իմ քաղաքական նախաձեռնությունը, և փաստացի ես ո՛չ գաղափարական, ո՛չ կազմակերպչական և ո՛չ էլ քաղաքական կապ չունեմ Տեր-Պետրոսյանի հետ: Ոչ մի կապ ընդհանրապես: Եվ հիմա էլ չունեմ»,- նշել էր Փաշինյանը:

Նա խոստովանել է, որ վարչապետ ընտրվելուց հետո Տեր-Պետրոսյանը ցանկացել է հանդիպել իր հետ և այդ հանդիպումը տեղի է ունեցել.

«Նա ասաց, որ շատ կարևոր տեղեկություններ ունի (Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ – խմբ.): Մենք հանդիպեցինք կառավարական տանը և խոսեցինք: Եվ սա մեր միակ հանդիպումն էր 2012 թվականից ի վեր… 2012 թվականից հետո ես պարոն Տեր-Պետրոսյանի հետ չունեի և չունեմ որևէ քաղաքական կապ»,- հավելել է Փաշինյանը:

Եթե հարաբերություններն ավարտվել են 2012 թվականին, ապա սպասել ծննդյան կապակցությամբ շնորհավորանք պետք չէ… բայց ոչ այն դեպքում, երբ խոսքը երկրի առաջին նախագահի՝ սիմվոլի և գործող վարչապետի մասին է, որը մշտապես ընկալվել և որքան էլ ջանան կողմերը միևնույնն է շարունակելու է ընկալվել, որպես «Լևոնի մարդ»: