22.11.2024
Վանեցյանն ազդարարեց սորոսական ցանցի կազմաքանդման մեկնարկը
prev Նախորդ նորություն

Թուրքիան 21-րդ դարում վարելու է էքսպանսիոնիստական արտաքին քաղաքականություն

Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմքում ընկած են երեք ռազմավարություններ՝ պանթուրքիզմ, պանիսլամիզմ և նեոօսմանիզմ: Անկարան տարբեր տարածաշրջաններում իր շահերն առաջ տանելու ընթացքում կիրառում է այս ռազմավարություններից կամ կեյսերից որևէ մեկը:


Կովկասում, ՌԴ-ի թյուրքախոս շրջաններում և Կենտրոնական Ասիայում իր դիրքերն ամրապնդելու համար Անկարան լայնորեն օգտագործում է պանթուրքիզմի ռազմավարությունը, որն ունի դարերի պատմություն և որի հիմքում ընկած է Մեծ Թուրանի կառուցման գաղափարն ու թյուրքախոս ժողովուրդների միավորումը մայր-հայրենիքի՝ Մեծ Թուրքիայի շուրջ:


Անկարայի պանթուրքիստական ռազմավարությունն ուղիղ սպառնալիք է ՌԴ-ին, Իրանին, Չինաստանին, նրանց ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՀՀ-ին, որը կանգնած է Մեծ Թուրանի կառուցման ճանապարհին և հանդիսանում է սեպ՝ խրված թյուրքական աշխարհի միջև:


Պանիսլամիզմի ռազմավարությունն Անկարան կիրառում է սուննիական աշխարհում իր դիրքերն ամրապնդելու համար. մինչև Օսմանյան կայսրության փլուզումը թուրքերը հսկում էին բոլոր մահմեդականների գլխավոր սրբավայրերը՝ Մեքքան և Մեդինան: Այժմ Անկարան ընդլայնում է իր կապերը մահմեդական աշխարհի՝ սուննիական աշխարհի հետ և ցանկանում է դառնալ այդ երկրների համար քաղաքական-ֆինանսական մոդել, որի շուրջը պետք է տեղի ունենա սուննիական աշխարհի համախմբում: Այդ ռազմավարությունն Անկարան կիրառում է Բալկաններում, Պակիստանի, Արաբական աշխարհի հետ հարաբերություններ կառուցելու ընթացքում:


Ինչ վերաբերվում է նեոօսմանիզմի ռազմավարությանը, ապա Թուրքիայի իշխանություններն իսլամը, նախկին օսմանյան մշակութային ժառանգությունը, տնտեսական և քաղաքական կապերն օգտագործում են նախկին Օսմանյան կայսրության տարածքում կորցված դիրքերն ամրապնդելու համար՝ Լիբիա, Իրաք, Սիրիա, Կիպրոսի հյուսիս և այլ շրջաններ: Թուրքիան այնտեղ է վերադառնում տնտեսական, կրոնական, ռազմական ներկայության տեսքով կամ փորձում է հենվել այդ շրջանների թյուրքական տարրի վրա՝ Սիրիայի թուրքմեններ, Կիպրոսի հյուսիսի թուրքեր և այլն:


Հայաստանի համար կարևոր է ամրապնդել կապերն այն երկրների հետ, որոնք դեմ են Նոր Օսմանյան կայսրության կառուցմանը նոր ֆորմատներով, և առաջին հերթին դրանք այն երկրներն են, որոնց համար պանթուրքիզմն ուղիղ սպառնալիք է՝ ՌԴ, Իրան, Չինաստան: Երևանի համար կարևոր է ունենալ վերոնշյալ երկրների տնտեսական, քաղաքական, ռազմական աջակցությունն ու միջազգային հարթակներում միմյանց աջակցելու հստակ տեսլականը:


80 միլիոնանոց Թուրքիան շարունակելու է իր դեմոգրաֆիական, տնտեսական, ռազմական էքսպանսիան իր սահմանների երկայնքով ու դա իրենց վրա արդեն իսկ զգում են թե՛ Սիրիան, թե՛ Կիպրոսը, թե՛ Վրաստանը Աջարիայում, Քվեմո-Քարթլիում և այլ շրջաններում, որտեղ թուրքական էքսպանսիան արդեն իսկ վերածվել է քաղաքական ազդեցության լուրջ լծակի: