Փորձագետ. ԱՄՆ-ին ձեռնտու է Մերձավոր Արևելքի ապակայունացումը
ԱՄՆ-ի քաղաքականությունը ուղղված է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացմանը, քանի որ նրանց ձեռնտու է Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի այլ երկրների թուլացումը: Այդ մասին АиФ.ru-ի հետ զրույցում հայտարարել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Քաղաքական գիտության բաժնի ավագ դասախոս Լեոնիդ Իսաևը:
«ԱՄՆ-ին ձեռնտու է ամեն ինչ ապակայունացնել՝ դա նրանց ռազմավարությունն է: Նրանք փաստացի չունեն դաշնակիցներ, այլ միայն ժամանակավոր գործընկերներ: Նրանց համար կարևոր է, որ շուրջը բոլորը լինեն թույլ, իսկ դրա համար անհրաժեշտ է անընդհատ աջակցել հակամարտություններին: Ամերիկան դա ստեղծում է՝ Աֆղանստանից մինչև Լիբիա, Սիրիայից մինչև Եմեն», - նշել է Իսաևը: Փորձագետի կարծիքով, Վաշինգտոնը շահագրգռված է Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի այլ երկրների թուլացմամբ, քանի որ դա ձերբազատում է Ամերիկային ուժեց մրցակիցներից:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սաուդյան Արաբիան և տարածաշրջանի արաբական մի շարք երկրներ սկսել են Եմենում ռազմական գործողություններ՝ երկրի նախագահ Մանսուր Հադիի խնդրանքով՝ պաշտպանելու համար օրինական իշխանությունը:
Իսաևը գտնում է, որ ռուսական կողմը չպետք է թույլ տա Եմենի ապակայունացում, որպեսզի Իսլամական պետությունը չհասնի Ռուսաստան: «Անսար Ալլահը շարժում է, որը կարող է վերջ դնել Իսլամական պետությանը Եմենում: Դա շատ կարևոր է, քանի որ Իսլամական պետությունը շատ արագ է տարածվում՝ դա Բոկո Հարամն է Նիգերիայում, նրանց մասնաճյուղը Լիբիայում, ես արդեն լռում եմ Մերձավոր Արևելքի մասին: Իհարկե, կարևոր է դրան վերջ դնել, քանի որ Իսլամական պետությունը կարող է հասնել մինչև Ռուսաստան: Մեր խնդիրն է թույլ չտալ Եմենում լայնածավալ հակամարտություն», - հավելել է Իսաևը:
ՌԴ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը անդրադառնալով Եմեն ներխուժման նշել է, որ դա շատ մեծ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը այն պայմաններում, երբ չի հանգուցալուծվել սիրիական ճգնաժամը, իսկ հակամարտության գոտիները առկա են ողջ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:
Նրա խոսքով, ներեմենյան խնդիրների ռազմական լուծումը անթույլատրելի է, իսկ Մոսկվան աշխատելու է եմենյան կողմերի հետ ու այն պետությունների, որոնք մասնակցում են ռազմական գործողություններին՝ ՄԱԿ-ի հարթակում: Հայտնում է Ինտերֆաքսը: Իր հերթին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ը աջակցելով Եմենի փախուստի դիմած նախագահին և չաջակցելով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին գործել են երկակի չափանիշներով: