Մամուլի տեսություն. Որքանո՞վ «երջանկացան» արաբական երկրների ժողովուրդները «գարնան» արդյունքում
Verelq.am-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն և վերլուծություն:
«Առավոտ» օրաթերթը գրում է. «2011 թվականին ծաղկեց «արաբական գարունը»՝ Թունիսում, Եգիպտոսում, իսկ այնուհետև Լիբիայում. «ժողովրդի համբերության բաժակը լցվեց», և նա դուրս եկավ «տապալելու բռնապետությունը»: Սիրիայում էլ բաժակը «լցվելու վրա էր», բայց Բաշար Ասադի «բռնապետությունը» առայսօր չի տապալվել, և «Իսլամական պետության» «դեմոկրատներն» այնտեղ առայժմ իշխանության չեն եկել: Հիշո՞ւմ եք՝ ինչ էին ասում Հայաստանի ընդդիմադիրներն այդ ժամանակ՝ հանրահավաքային ամբիոնից: Նրանք վստահություն էին հայտնում, որ Հայաստանում նույնպես ժողովուրդը, «արաբական գարնան» ոգևորիչ օրինակով, ուր որ է՜ «կտապալի բռնապետությունը» և «կվերականգնի սահմանադրական կարգը»՝ հանձնելով իշխանությունը իրենց նման «դեմոկրատներին»:
Ճիշտ է, այն պահին նախատեսվում էր, որ միայն «դեմոկրատներն» են հեղափոխություն անելու և իշխելու են առանց «բուրժուաների»՝ «բուրժուաները» դեռևս «վատն էին» [հիմա էլ բոլոր շանսերն ունեն «վատը դառնալու»]: Հայաստանյան ընդդիմադիրների մոտ հատուկ տերմին կար՝ «մենք նրանց կթունիսենք», այսինքն՝ հեղափոխություն կանենք Թունիսի օրինակով: Կամ՝ Քադաֆիի օրը կգցենք: Կարևոր չէ, որ դա Հայաստանում տեղի չունեցավ: Ավելի կարևոր է, թե որքանով «երջանիկ դարձան» հիշյալ արաբական երկրների ժողովուրդները այդ «գարնան» արդյունքում: Այնտեղ ավելի ժողովրդավարական կարգե՞ր հաստատվեցին: Մարդկանց կենսամակարդա՞կը բարձրացավ: Քաղաքացիների ֆիզիկական անվտանգության հավելյալ երաշխիքնե՞ր ստեղծվեցին: Կամ գուցե քրիստոնյաները [մասնավորապես հայերը] շահեցի՞ն»:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Դժվար թե գտնվի մեկը, ով կասի, թե մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները արդյունքների կանխատեսելիության առումով իրենցից որևէ հետաքրքրություն են ներկայացնում: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում կան որոշակի նրբերանգներ, որոնք հեռուն գնացող ենթադրությունների տեղիք են տալիս: Ինչպես հայտնի է, վերջին օրերին ընտրական մրցավազքին բնորոշ միջկուսակցական մրցակցությունից բացի առանձնակի սրվնլ են հարաբերությունները ԼՂՀ գործող վարչապետ «Ազատ Արցախ» կուսակցության ղեկավար Արա Հարությունյանի և նրա ներկայիս տեղակալ ՀՅԴ-ն ներկայացնող ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի միջև:
Հաշվի առնելով կանխատեսումները, որ երեք իշխանական քաղաքական կուսակցությունները՝ «Ազատ Արցախը», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» և Դաշնակցությունը պայմանավորվածություն են ձեռք բերել ապագա խորհրդարանում ներկայիս ստատուս քվոն հիմնականում պահպանելու վերաբերյալ, կարելի է ենթադրել, որ վարչապետի և փոխվարչապետի միջև մրցակցությունը պայմանավորված է ապագա գործադիր մարմնում դերերի որոշակի վերաբաշխմամբ: Բանն այն է, որ ՀՅԴ-ն, առանձնապես մեծ հույսեր չկապելով պատգամավորական իր ներկայիս մանդատների քանակն էապես ավելացնելու հետ, փորձելու է պայմանավորվածություններ ձեռք բերել գործադիր մարմնում իր դիրքերը փոքր-ինչ ամրապնդելու վերաբերյալ: Բնականաբար, Դաշնակցության այս ախորժակը գործող վարչապետի և նրա կուսակիցների սրտով չէ»:
«Հայկական ժամանակ» օրաթրեթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մինչ օրս չի վճարել դեռ այս տարվա հունվարի 1-ից փոքր ՀԷԿ-երից գնած էլեկտրաէներգիայի դիմաց: Սա աննախադեպ իրավիճակ է՝ մինչ այժմ «ՀԷՑ»-ը միշտ վճարել է ՓՀԷԿ-երին մինչև հաջորդ ամսվա 20-ը: Իրենց հասանելիք գումարները չստացած ՓՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ: Նրանցից շատերը վարկային պարտավորություններ ունեն, որոնք կատարվում են յուրաքանչյուր ամիս: Որոշները վարկեր ունեն արտասահմանյան բանկերին: Իրավիճակը պարզաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ «ՀԷՑ» մամլո պատասխանատու Նատալյա Սարջանյանը հաստատեց ՓՀԷԿ-երին գումարներ չվճարելու փաստը և տեղեկացրեց, որ դա ֆինանսական բարդ վիճակի հետևանք է:
Ըստ Սարջանյանի, ներկայում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրավիճակից դուրս գալու որոշակի տարբերակներ է քննարկում: Այժմ փոքր ՀԷԿ-երի նկատմամբ «ՀԷՑ»-ի կուտակած ընդհանուր պարտքը արդեն մի քանի մլն դոլար է կազմում: Մեր տեղեկություններով, սակայն, այս չվճարումները ոչ միայն «ՀԷՑ»-ի ֆինանսական վատ վիճակի հետևանք են, այլ պայմանավորված են այդ ընկերության վաճառքի գործընթացով: Ներկայում «ՀԷՑ»-ը աշխատում է հնարավորինս քիչ վճարումներ կատարել մինչե սեփականատիրոջ փոփոխությունը: Ինչպես արդեն նշել ենք, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը պատրաստվում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ից գնել «ՀԷՑ»-ը»: