Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Իր խոսքում, վարչապետը նշել է.
«Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգությունը համարում եմ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը: Մենք երկրի անվտանգությունն ապահովող մի քանի ինստիտուտներ, կառույցներ ունենք, և այդ կարևոր կառույցներից մեկն Ազգային անվտանգության ծառայությունն է: Որպես վարչապետ կարող եմ արձանագրել, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը:
Գիտեք, շատ է խոսվում ԱԱԾ հասցեին երբեմն հնչող քննադատությունների մասին, բայց ես ուզում եմ արձանագրել մի բան, որ ԱԱԾ գործունեության մի զգալի մասը, եթե չասենք մեծ մասը, եթե չասենք հսկայական մասը, անտեսանելի է հանրության համար: Անվտանգությունն այն երևույթներից է, որի ներկայությունը հաճախ չի նկատվում և սովորաբար չի նկատվում: Եվ երբ անվտանգությունը կա, սովորաբար այդ անվտանգության առկայության համար շնորհակալություն ոչ ոք ոչ մեկին չի ասում, որովհետև դա համարվում է մի բան, որ ինքնին ենթադրվում է, ինքնին ներկա է և ինքնին պետ ք է լինի: Այն, որ անվտանգության ներկայությունը թեկուզ մի փոքր կասկածի տակ է առնվում, բնականաբար, բոլորը հանում են իրենց թրերը և հարձակվում այդ անվտանգությունն ապահովելուն ուղղված մարմինների ուղղությամբ: Ես ուզում այս առիթն օգտագործելով շնորհակալություն հայտնել ԱԱԾ-ին, նրա բոլոր աշխատակիցներին իրենց կատարած ծառայության համար»:
Վարչապետը ցավով է նշել, որ Հայատանի Հանրապետությունը դեռևս այնպիսի անվտանգային միջավայրում չէ, որպեսզի հնարավորություն ունենանք ընդհանրապես չնկատել անվտանգության հետ կապված խնդիրները, անվտանգության ներկայությունը: «Մենք ցավոք, գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ իրավիճակը շատ բարդ է, որտեղ իրավիճակը պարբերաբար սրվում է: Մենք անվտանգության երկարաժամկետ մարտահրավերներ ենք ունենալու, ընդ որում՝ կապված նաև միջազգային, տարածաշրջանային իրավիճակի հետ, սկսած ահաբեկչության, մեր սահմանների անվտանգության մարտահրավերներից և այլն, և այսպես շարունակ: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այսօր ամենավերջին տվյալներով, Հայատանի Հանրապետությունը տեղ է զբաղեցրել աշխարհի անվտանգ երկրների ցանկում: Եվ պատկերացնում եք, հակամարտություն ունեցող, չորս սահմանից 2 փակ սահման ունեցող երկիրը հանկարծ հայտնվում է աշխարհի անվտանգ երկրների շարքում: Սրանք բաներ են, որոնք, ցավոք, շատ դեպքերում չի նկատվում:
Եվ ես այսօր այս ամբիոնից հարկ եմ համարում մեր ուշադրությունը հրավիրել այս կարևորագույն փաստի վրա: Եվ այս է պատճառը, որ ես շնորհակալություն եմ հայտնում ԱԱԾ-ին, իհարկե նրա բոլոր ծառայողներին, որպեսզի անարդար չհնչի, նաև մեր երկրի անվտանգությունն ապահովող մյուս կառույցներին՝ Զինված ուժերին, Ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և ընհանրապես, մեր իրավապահ համակարգին: Սա չի նշանակում, թե համարում եմ, որ ԱԱԾ-ն կամ որևէ մարմին ընդհանրապես անթերի է աշխատում: Ես կարծում եմ, որ այսպես չի կարող մտածել որևէ մեկը և որևէ մեկը չի կարող մտածել, թե ՀՀ-ում կա որևէ մարմին, պետական թե մասնավոր, որն անթերի է աշխատում: Եվ ընդհանրապես, որևէ երկրում չկա անթերի աշխատող մարմին: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ մենք, մեր երկրի պետական ինստիտուտների աշխատանքի կատարելագործումը, որակի բարձրացումը համարում ենք կարևորագույն առաջնահերթություն և որևէ կասկած չկա, որ մենք այս ուղղությամբ հետևողականորեն առաջ ենք շարժվելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ, դիտարկումներ են եղել, թե ինչքանով է ինքը՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում ԱԱԾ-ին, այն ԱԱԾ-ին, որը գործել է այն ժամանակներում նաև, երբ ինքը եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, դրանից առաջ՝ քաղբանտարկյալի կագավիճակում: «Պատմությունը բոլորիս է հայտնի, բայց ուզում եմ մի այսպիսի բան ասել, որը կարծում եմ որպես արձանագրում շատ կարևոր է. բնականաբար, տարբեր ժամանակներում իրավապահ համակարգը, այդ թվում ԱԱԾ-ն, աշխատում է տարբեր պայմաններում, տարբեր միջավայրերո? ?մ: Բայց ուզում եմ ասել, որ նույնիսկ այն ժամանակներում ԱԱԾ-ն և իր գործունեության հասկանալի նրբություններով երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում: Եվ ես, այո՛, նաև այդ պատճառով, այո՛, նաև այսօր՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև դա նաև իմ պատկերացումն է, որ ԱԱԾ-ն չպիտի լինի որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն: ԱԱԾ-ն բառիս բուն իմաստով ազգային անվտանգության ծառայությու? ? պետք է լինի առանց բացառության բոլոր իշխանությունների գործունեության ժամանակ:
Եվ սա է այս կառույցի թիվ մեկ առաքելությունը: Եվ առավել ևս որպես վարչապետ և կառավարության ղեկավար, որը 100 տոկոսով համոզված է, որ իր գործունեությունը, իր բոլոր նրբություններն առանց որևէ մի տոկոսային վերապահման, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, ազգային շահերին, պետական շահերին, ահա այդ վարչապետը, այդ կառավարությունը չի կարող անվստահության որևէ նշույլ ունենալ ԱԱԾ-ի նկատմամբ: Եվ ես կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրն է նաև, որ մենք առաջիկա տարիներին շատ հավասարակշռված քայլերով այնպիսի բարեփոխումներ իրականացնենք ԱԱԾ-ում, որ նրա գործունեությունը դառնա առավել արդյունավետ: Եվ մասնավորապես, այո՛, ես համաձայն եմ բոլոր այն դիտարկումների հետ, որ ժամանակի ընթացքում ԱԱԾ-ն գուցե ավելի պակաս ջանք պիտի գործադրի կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետև դրա համար պետք է ձևավորվեն առավել արդյունավետ ինստիտուտներ և ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա մասնավորապես, հակահետախուզության խնդիրների վրա, պետք է կենտրոնանա ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վրա, պետք է կենտրոնանա սահմանադրական կարգի պահպանության և բռնության բացառման խնդիրների վրա:
Ցավոք մեր հանրության մի շատ զգալի մասն ԱԱԾ գործունեության մասին խոսելիս, լավ չի պատկերացնում նրա գործունեության ամբողջ շրջանակը: Եվ ես ուզում եմ ընդգծել հատկապես ևս մի քանի ուղղություններ, որոնք հանրության տեսատաշտից դուրս են մնում: Դա հետախուզությունն է, հակահետախուզությունը, սահմանապահ զորքերը, ահաբեկչության դեմ պայքարը, որը սովորաբար ԱԱԾ գործունեության մասին պատկերացումներից դուրս է մնում, գուցե նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
Հարգելի՛ ներկաներ,
չափազանց կարևոր է, որ մենք հետևողականորեն կարողանանք պայմաններ ստեղծել ԱԱԾ առավել արդյունավետ գործունեության համար: Բազմաթիվ ասպեկտներ կան, որոնց մասին համոզված եմ, ընդհանրապես չեն էլ խոսում: Իսկ ի՞նչ հոգեբանական ծանրաբեռնվածության են ենթարկվում ԱԱԾ աշխատակիցներն իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում, ինչքանո՞վ են նրանք պաշտպանված այդ հոգեբանական բեռնվածության և գերբեռնվածության արդյունքում առաջ եկող հետևանքներից՝ սոցիալական, առողջական և այդպես շարունակ: Ուզում եմ ընդգծել, երբ ասում եմ, որ պետք է ԱԱԾ գործունեության պայմանները լինեն առավել արդյունավետ, նաև սա նկատի ունեմ, որ ԱԱԾ աշխատակիցները պետք է նաև իրենց ծառայությանը համարժեք սոցիալական և հոգեբանական պաշտպանվածության որոշակի մեխանիզմներ և երաշխիքներ ունենան: Սա կարևորագույն նրբություններից մեկն է, որի համատեքստում մենք պատկերացնում ենք այս ինստիտուտի հետագա զարգացումը:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հարգելի՛ պաշտոնակատար,
Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, ծառայողներ,
Կառավարության հարգելի՛ անդամներ, պետական այրեր,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս ԱԱԾ աշխատողի, ծառայողի, սպասվող, եկող տոնի կապակցությամբ և մաղթում եմ բոլորիս, որ ամեն տարի այս օրը մենք իրար հետ նշենք ավելի ու ավելի բարձր տրամադրությամբ, ավելի վստահ, որ մեր երկրում անվտանգության խնդիրները լուծված են առավել բարձր մակարդակով և մեր ընդհանուր անվտանգության հարցերով զբաղվող մարմինները կկարողանան իրականացնել ու ստեղծել այնպիսի պայմաններ, որ որևէ մեկը չի կարողանա որևէ էական սպառնալիք ստեղծել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հայ ժողովրդի անվտանգության համար: Մեր անվտանգությունն ամուր ձեռքերում է, մեր անվտանգությունը հուսալի ձեռքերում է և այդ հուսալիությունն ու ամրությունը պետք է շարունակվի ի շահ Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և ընդհանրապես հայ ժողովրդի և մեր պետականությունների, մեր պետությունների»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պետական պարգևներով և մեդալներով, վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Արթուր Աղաջանյանը, դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Շահումյանը, գլխավոր վարչության պետ, գնդապետ Կարեն Ղարիբյանը:
«Արիության» մեդալով պարգևատրվել են՝ դեպարտամենտի պետ, գեներալ մայոր Եսայի Մկրտչյանը, վարչության պետ, գնդապետ Վահան Թադևոսյանը, դեպարտամենտի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Նաիրի Մարգարյանը, դեպարտամենտի բաժնի պետ, գնդապետ Հրանտ Աղասարյանը, դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ալեքսանյանը, դեպարտամենտի բաժնի պետ, փոխգնդապետ Սամվել Գրիգորյանը, Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արթուր Գասպարյանը:
Վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Երևանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը, դեպարտամենտի պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը, Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Նարեկ Պողոսյանը, Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Կարեն Ալչանգյանը:
Վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են՝ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Համբարձում Վիրաբյանը, Պետական պահպանության ծառայության ավագ թիկնապահ, մայոր Արթուր Չարչյանը, Պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը:
Անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է պատվո շքանշանով: