24.11.2024
Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Էդմոն Մարուքյանի վրա կոշտ ճնշում է եղել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի որոշումն անակնկալ է եղել «Լույս» դաշինքի «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամների համար։ Նախնական պայմանավորվածություն է եղել, որ ավագանու անդամները, Մարուքյանն ու Արամ Սարգսյանը հաջորդ օրը պետք է հանդիպեին, քննարկեին վիճակը: «Մարուքյանի վրա կոշտ ճնշում էր եղել՝ երեւի․ հանդիպումը չկայացավ։ Առավոտյան միանգամից հանդես եկավ հայտարարությամբ»,- ասաց «Հանրապետության» աղբյուրը: Ե՞րբ է ԼՀԿ-ն Ձեր մանդատի մասով որոշումը կայացնելու՝ հարցրինք Դավիթ Խաժակյանին։ «Ես խնդրել եմ մերոնց, որ մինչեւ դեկտեմբերի 23-ը կայացնեն, որովհետեւ 25-ին ավագանու նիստ է նշանակված, որպեսզի հստակ կողմնորոշված գնամ»: Գիտենք, որ չեք ուզում վայր դնել մանդատը՝ առաջարկել եք ավագանու անկախ անդամ դառնալ։ «Հնարավոր է»: Եթե վայր դնեք, Ձեզ փոխարինելու է անկուսակցական Անահիտ Բախշյա՞նը։ «Այո, հաջորդը Բախշյանն է»: Ձեզ համար Մարուքյանի հայտարարությունն անակնկա՞լ էր։ «Քննարկումը հասունացել էր մերոնց տված ասուլիսի առավոտյան»: Ասում են՝ երեկոյան Փաշինյանն ու Մարուքյանը զրույց են ունեցել․ տեղյա՞կ եք։ «Ոչ»: Կարո՞ղ էր նման զրույցի արդյունք լինել այս ամենը։ «Այն մասով, որ մեզ կարող են ճնշել, եւ իմ՝ մանդատի վայր դնելը դրանով պայմանավորված լինի, բացառում եմ»: Եթե վայր դնեք մանդատը, ինչո՞վ եք զբաղվելու։ «Նույն գործունեությամբ` առանց մանդատի»: Դուրս կգա՞ք կուսակցությունից։ «Մենք մեր կուսակցությունում շարունակում ենք ներդաշնակ աշխատել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 21-ին «Լուսավոր Հայաստանը» կնշի կազմավորման 4 տարին, դրանից 2-3 օր անց էլ կհրավիրի կառավարող խորհրդի նիստ, որպեսզի որոշի՝ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը մնո՞ւմ է, թե՞ հեռանում Երեւանի ավագանուց։ Խորհուրդը բաղկացած է 10 անդամից։ Տեղեկություններ կան, որ մեծամասնությունը դեմ կքվեարկի Խաժակյանին ավագանու մանդատից զրկելու որոշմանը, եւ գլխավոր հիմնավորումը կլինի այն, որ «Լուսավորը» չի կարող արհամարհել, հրաժարվել իրեն տված վստահության քվեից, քանի որ Խաժակյանի մանդատն անցնելու է Անահիտ Բախշյանին, ով ԼՀԿ անդամ չէ։ Խորհուրդը կհայտարարի, որ ԼՀԿ-ն այսուհետ պատասխանատվություն չի կրում գործընկեր կանանց պահվածքի համար։ Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդում այս ողջ «բոլոլան»։ ԼՀԿ մեր աղբյուրն անկեղծացավ․ ««Հանրապետության» գործընկերներին դաստիարակելու, մեր ռեսուրսով նրանց վարկանիշը չմեծացնելու, հընթացս իշխանությանը հավատարմության ժեստ անելու, որ իրենք «բովանդակային» աշխատանքով են զբաղված, այլ ոչ թե սկանդալներ եւ շոուներ սարքելով»։ Իսկ արդյունքում կունենանք հերթական դաշինքի փլուզումը, որ Հայաստանի քաղաքական դաշտում սովորական երեւույթ է, քանզի դրանք չեն ձեւավորվում գաղափարների ու սկզբունքների համադրությամբ, այլ տվյալ պահի նպատակահարմարությամբ»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» մանկամսուր է հիշեցնում, որտեղ պարբերաբար ինչ-որ մեկը չարաճճիություն է անում։ Երեկ հերթը Վաղարշակ Հակոբյանինն էր՝ սփյուռքի նախկին նախարար, այժմ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի մոտ ընկերոջն ու համակուրսեցունը։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի տարեկան ամփոփիչ ասուլիսն էր, որի անդամն է նաև Հակոբյանը։ Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ասուլիսի սկզբում հատուկ էկրանի վրա ցուցադրում էր «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժները՝ իր գործունեության մասին, թե ինչպես է գնացել Բագրատաշեն, ռուսներն ինչպես են ներկայացրել իրեն, ողջունել, ծափահարել։ Հակոբյանը ցուցադրության սկզբից սկսեց բարձրաձայն փռթկալ, ապա հռհռալ, գլուխը թաքցնել սեղանի տակ, կեսից նրան միացավ նաև իմքայլական Սերգեյ Ատոմյանը։ Ի վերջո, Հակոբյանը դուրս եկավ սենյակից և սկսեց բարձրաձայն հռհռալ միջանցքում ու վերադարձավ միայն այն ժամանակ, երբ Մելքումյանն ավարտել էր»,


«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչև տարեվերջ Երևանում կանցկացվի Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։ Պաշտոնապես կասվի, որ նպատակը 2019-ի սկզբին Արցախում կայացած համատեղ նիստից հետո կատարված աշխատանքներն ամփոփելն է, սակայն իրականում պատճառը ԼՂ-ի շուրջ սպասվող զարգացումներն են։ Հիշեցնենք․ առաջին համատեղ նիստն անցկացվել է մայիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունից օրեր անց, երբ վերջիններս, ի պատասխան Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությանը, կոչ էին արել զերծ մնալ այն հայտարարություններից և գործողություններից, որոնք «կարող են էապես փոխել հակամարտության գոտում իրավիճակը»։ Նրանց կարծիքով` միակողմանի փոփոխություններ պահանջել չի կարելի բանակցային ձևաչափում, առանց մյուս կողմի համաձայնության»


«Փաստ» թերթը գրում է. «Տարբեր առիթներով նշվել է, որ ՀՀ գործող իշխանություններն իրենց ռուս գործընկերների հետ շփումների հետ կապված որոշակի խնդիրներ են ունենում, հիմնականում դա կապված է ՀՀ կառավարող շրջանակների՝ մինչ իշխանություն եղած ժամանակահատվածը ծավալած գործունեության հետ։ Չնայած եւ՛ Նիկոլ Փաշինյանը, եւ՛ իշխանության մյուս ներկայացուցիչները քանիցս հայտնել են, որ «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են», սակայն անզեն աչքով էլ ակնհայտ է, որ կան զգալի խութեր։ «Փաստ» թերթի կառավարական աղբյուրը փոխանցում է, որ ներկայումս ռուսական քաղաքական շրջանակների համար հայաստանյան ներկայիս իշխանություններից ամենաընդունելի անձնավորությունը, ում հետ կարողանում են փոքրիշատե նորմալ բանակցել եւ փոխզիջումներ գտնել, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Ի դեպ, կառավարությունում հենց Գրիգորյանն է ԵԱՏՄ հարցերով ընդհանուր աշխատանքների, ինչպես նաեւ ՌԴ հետ կապված փաստաթղթերի պատրաստման պատասխանատուն»:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում զգալի ակտիվություն է ցուցաբերում ՀՅԴ-ն, որի նախաձեռնությամբ նոյեմբերին ականատես եղանք լուրջ ներքաղաքական գործընթացների, որին հաջորդեցին իշխանության կողմից կոշտ գնահատականներն ու տարբեր սպառնալիքները, ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ Դաշնակցության կողմից առաջիկայում սպասվում են նոր գործընթացներ ու ակցիաներ։ Միևնույն ժամանակ, մեր աղբյուրները պնդում են, որ իշխանությունները չեն պատրաստվում «ձեռքները ծալած» նստել և այդ ամենին դիտորդի կարգավիճակում հետևել։ Ըստ տեղեկությունների՝ իշխանություններն իրենց անելիքների մասին հստակ մեսիջներ են իջեցնում իրենց սպասարկող «փորձագիտական» շրջանակների միջոցով։ Ըստ նույն աղբյուրների՝ գործող իշխանությունները նախատեսել են ՀՅԴ-ին զսպելու լուրջ քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ հայտնի ՀՅԴ-ականներին տարբեր արհեստական «գործերի» շրջանակներում հարցաքննությունների կանչելով ու նրանց ղեկավարած նախկին գերատեսչություններում խորքային ուսումնասիրություններ անցկացնելով, ինչպես նաև տարբեր ՀՅԴ-ականներին «վերբովկա» անելու միջոցով։ Թերթին տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ իշխանություններն իրենց համար նպատակ են սահմանել ՀՅԴ-ին վերջնականապես քաղաքական դաշտից «արտաքսելը», իսկ եթե հաջողվի, նաև գործունեության կասեցումը, ինչը ժամանակին արել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը»:


«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ն ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենք, ըստ որի՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում ՍԴ դատավորները, մինչեւ իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը, կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած աշխատավարձի ու հավելավճարի չափով, իսկ այդ տարիքը լրանալուց հետո կստանան դատավորի համար օրենքով նախատեսված կենսաթոշակ: Իրավաբանների գնահատմամբ՝ սա քողարկված, կազմակերպված հանցավոր գործունեություն է, որի վերջնանպատակը Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու միջոցով իշխանությունը զավթելն է: Օրենքի ձեւակերպումից պարզորոշ հետեւում է, որ այն «շահագրգռում» կամ «նպաստավոր պայմաններ» է ստեղծում, որպեսզի հրաժարականի միջոցով դադարեն Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները: Մինչդեռ դատավորի լիազորությունների դադարման՝ Սահմանադրության 164 հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը ենթադրում է դատավորի կամքի բացարձակ ազատ դրսեւորում: Այսինքն, ինչպես դատավորի կողմից ի պաշտոնե ընդունվող ցանկացած այլ որոշում, հրաժարականը եւս չի կարող թելադրվել կամ ուղղորդվել սուբյեկտիվ արտաքին միջամտությամբ, ներառյալ՝ հարկադրանքով, սպառնալիքով, շահագրգռելով կամ որեւէ այլ կերպ դատավորին այդ որոշմանը հակելով: Մինչդեռ ընդունված օրենքը նյութական շահագրգռվածություն առաջացնելու միջոցով Սահմանադրական դատարանի դատավորին դրդում կամ տրամադրում է կայացնել իր կարգավիճակից բխող մի որոշում, որը նա չէր ընդունի, եթե այդ պայմանը չլիներ:


Ուստի, այս օրենքի հիման վրա Սահմանադրական դատարանի դատավորի կողմից հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունների դադարումը, հետեւաբար եւ` նրա փոխարեն այլ դատավոր ընտրելը տեղի կունենա Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով: Իրավունքի մասնագետների կարծիքով, այս իրավիճակում գործ ունենք դասական հանցակցության, այն է՝ երկու եւ ավելի անձանց կողմից դիտավորյալ հանցագործությանը դիտավորյալ համատեղ մասնակցության դեպքի հետ: Ընդ որում, առկա են հանցակիցների բոլոր տեսակները՝ կազմակերպիչ` ՀՀ վարչապետը՝ իր հրապարակային ելույթներով, դրդիչ՝ Արդարադատության նախարարը՝ պատգամավորների վրա գործադրած ազդեցությամբ, կատարողներ, ովքեր ի կատար են ածել վարչապետի եւ Արդարադատության նախարարի հրահանգները, եւ վերջապես, օժանդակողներ, որոնց թվում է Հայաստանի նախագահը, եթե վերջինս որոշում կայացնի ստորագրել այս օրենքը:


Փաստացի, իշխանության զավթման այս գործընթացը սահուն կերպով անցել է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների աշխատասեղաններով եւ հայտնվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սեղանին: Նախագահ Սարգսյանն այժմ ունի ընտրության երկու հնարավորություն՝ չստորագրելով օրենքը` կանգնեցնի կառավարության եւ քաղաքական մեծամասնության կողմից դատական իշխանության զավթման այս փորձը, կամ` ստորագրի օրենքը՝ դառնալով հանցակից, քանի որ սա բացահայտ հանցագործություն է, որի վրա տարածվում է իշխանությունը զավթելու միջոցով իշխանությունը յուրացնելու հանցագործության բոլոր հատկանիշները (ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մաս), որը պատժվում է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկմամբ: Թե ինչ որոշում կկայացնի ՀՀ նախագահը՝ պարզ կդառնա առաջիկայում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով երեկ ձերբակալվեցին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր կին, որի անունն, իհարկե, չէինք հրապարակել՝ անձնական տվյալների գաղտնիությունից ելնելով։ Իհարկե, ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ արձակվեց: Գրել էինք նաեւ, որ իրավապահները Ֆրանսիայից անձանց են հրավիրել սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննության։ Եվ հիմա «Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործով կասկածանքով ձերբակալված անձանց գործողություններից եւ, առհասարակ, սպասվող զարգացումներից այլ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահները գտել են այն ընտանիքներին, որոնց երեխաներին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները, արձանագրել են, որ որդեգրվող երեխաների ընտանիքները ապրել են ծայրահեղ ծանր պայմաններում:  Ուշագրավն այն է, որ իրավապահները նաեւ բացահայտել են, թե ինչպես են քրեական գործով կասկածյալները ինչ -ինչ ճանապարհներով բացահայտել անապահով ընտանիքների ինքնությունը եւ անձամբ գնացել եւ գտել են նրանց: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն` իրավապահները սույն քրեական գործի շրջանակներում առաջիկայում կմտնեն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ գործընթացում նախարարության աշխատակիցներ կան ներգրավված: Այսինքն՝ սլաքները ուղղվում են դեպի նախարարություն եւ նախկին նախարարներ»։


«Ժո­ղովուրդ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներին ոչ պետհամարանիշ են տալիս, ոչ էլ տեխանձնագիր: Նրանց տրամադրվում է միայն ժամանակավոր ինչ-որ թուղթ, քանի որ Հայաստանում վերջացել է ավտոհամարանիշի հումքը՝ երկաթյա թիթեղը, ու տեխանձնագրի պլաստիկը: Եվ ամենաուշագրավն այն է, որ ազգությամբ ղազախներն ու ռուսները, որոնք համարվում են ՀՀ-ից մեքենաների պոտենցիալ գնորդ, Վերին Լարսի անցակետում խնդիրներ են ունենում: Ու այս իրավիճա­կը խիստ զայրացրել է մեքենաների վաճառքով զբաղվող տնտեսվարողներին, որոնք այս ընթացքում մեծ դժ­վարությամբ են կարողանում իրենց մեքենաները վաճառել: Ինչո՞ւ պատրաստ չենք նման հոսքի, չէ որ բոլորին էր հայտնի՝ մեքենաների մեծ հոսք է սպասվում մինչև 2020 թ. դեկտեմբերի վերջ: Այս խնդրի առնչությամբ «Ժո­ղովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից փոխանցեցին, որ այս տարվա ներկրված տրանս­պորտային միջոցների քանակի աննախադեպ աճով պայմանավորված՝ պաշտպանիչ թաղանթները հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում սպառվել են: Այսինքն՝ անպատրաստ են»: