ՌԴ և Բելառուսի կողմից Բաքվին զենք չվաճառելը բացասական կազդի ԼՂ հակամարտության վրա
Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանի Հանրապետությանը զենք չվաճառելը կարող է հանգեցնել երկու բացասական հետևանքների: Այս մասին ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը՝ անդրադառնալով այն հարցին, թե ՀԱՊԿ անդամ երկու պետություն՝ ՌԴ-ն ու Բելառուսը զենք են վաճառում Ադրբեջանին:
Նա նշեց, որ ցանկացած հակամարտությունում իրավիճակը կարող է ապակայունացնել ուժերի անհամաչափությունը, երբ մի կողմի մոտ առաջանում է կամ իրական հնարավորություն, կամ խաբկանք, որ նա կարող է հաղթանակ տանել ռազմական հակամարտությունում.
«Համոզված ենք, որ այս տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը հանդիսանում է նյութական երաշխիքներից մեկը` ղարաբաղյան հակամարտությունը ոչ ռազմական վիճակի մեջ պահելու համար: Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի և’ գործընկերը, և’ դաշնակիցը, Ադրբեջանի հետ այդպիսի հարաբերություններ չունենք, բայց այդպիսի համագործակցությունից հրաժարվելն Բելառուսի և Ռուսաստանի կողմից կբերի երկու անցանկալի հետևանքների ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների համար: Այդ հավանական հեռանկարներից մեկն այն է, որ կարող են հայտնվել Ադրբեջանին զենքի այլ մատակարարներ, որի դեպքում կարող է սկսվել զինտեխնիկայի հզորության ցուցադրություն, որպեսզի պարզեն, թե որ կողմն է ավելի ուժեղ, երկրորդն այն է, որ կարող է խաթարվել ռազմական հնարավորությունների հավասարակշռությունը, որն այսօր կա»,- հավելեց Կոսաչովը: