Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը պետք է դառնա հանրային, քաղաքական պահանջ. Վարդանյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ կստեղծվի, քանի որ Քոչարյանը կալանքի տակ է պահվում հակաօրինական ձևով, և պետք է գտնվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ մի խումբ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի ներկայացուցիչներ հանդես էին եկել հայտարարությամբ, որով կոչ էին անում իշխանություններին վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը՝ մարտի 1-ի գործի առնչությամբ և վերջ տալ դատական համակարգի ճնշումներին։ Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, դրանից հետո կազմակերպվել էր նաև ստորագրահավաք, սակայն իշխանության դիրքորոշումը չի փոխվել և իշխող ուժը շարունակում է իր «անհեռանկար գործելաոճը»։
«ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելը ոչ իրավական է։ Նրան ներկայացված մեղադրանքը որևէ կապ չունի տաս զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հետ։ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ո՛չ քաղաքացիներին, ո՛չ պետությանը և պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Ամենապարզ ելքը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է, բայց իշխանությունն առայժմ չի անում դա՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ կայացնել։ Այսպիսով, մնում է երկրորդ ճանապարհը՝ խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային, քաղաքական պահանջ»,-ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով, արձագանքելով 60.000 քաղաքացիների պահանջին հենց ստեղծվել է նախաձեռնող խումբը, որի գործունեության նպատակը Ռոբերտ Քոչարյանի ազատությունն է. «Մեր խնդիրն է մարդկանց մտածել տալ այս հարցերի մասին, երբ մարդը մտածում է, ապա նաև ունենում է դիրքորոշում։ Մեր խնդիրն է այդ մարդկանց մղել դիրքորոշման»,- ահավելեց նախկին դաշնակցականը։