24.11.2024
ՊԵԿ փոխնախագահ. 2019թ. ընթացքում քրգործերով պետբյուջե է վերականգնվել 5.5 մլրդ դրամ
prev Նախորդ նորություն

ORSIS-ի հետ սկանդալը հանգեցրեց առաջին հրաժարականին ՊՆ-ում

Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Գառնիկ Հայրապետյանը վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից: Այս մասին գրում է InfoPort.am-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:


Համաձայն աղբյուրի, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան աշխատանքից ազատվել է զենք մատակարարող ռուսական ORSIS ընկերության հետ վերջին կապված սկանդալի հետևանքով:  


Հիշեցնենք, ռուսական ORSIS ընկերությունը Հայաստանում մասնակցել էր ՊՆ-ի հայտարարած գնումների 2 միլիարդ դրամանոց մրցույթի, սակայն հետագայում դրա արդյունքները չեղարկվել էին, չեղարկման փաստի առթիվ հարուցվել էր քրգործ։ Մրցույթը հայտարարվել էր մայիսին, պահանջներին բավարարել էր միայն ռուսական ORSIS ընկերությունը, սակայն ավելի ուշ մրցույթը չեղարկվել է՝ առանց պատճառների մասին բացատրություն տալու։


Վերջերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ORSIS ընկերության ներկայացուցիչների միջնորդությունը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշումը, ըստ որի՝ ORSIS-ը պետք է ներառվի «սև ցուցակում» և իրավունք չունենա մասնակցելու պետական գնումներին: Արդյունքում ՝ ORSIS-ը այժմ իրավունք ունի մասնակցելու մրցույթների ու մատակարարումներ իրականացնել ՀՀ ուժային կառույցներին:


ՀՀ պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 4-ին ԱԺ-ում պատասխանելով ORSIS-ի մասնակցած մրցույթի հետ կապված հարցին, հայտարարել է, որ գործում եղել է հանցավոր արարք։ «Ում կողմից և ինչ ծավալի է եղել այդ հանցավոր արարքը, կպարզի քննությունը»,- նշել է նախարարը՝ հաստատելով մամուլում տարածվող լուրերը, որ ORSIS-ը փորձել է ռազմականի փոխարեն որսորդական ռազմամթերք մատակարարել: