24.11.2024
Հունաստանը վճռականորեն կգործի հօգուտ ԵՄ-ՀՀ կապերի առավել սերտացման. Պրոկոպիոս Պավլոպուլոս
prev Նախորդ նորություն

Կոնֆլիկտը շարունակվում է. ORSIS-ը պատասխանել է Դավիթ Տոնոյանին

Ռուսական ORSIS ընկերությունը, որը Հայաստանում մասնակցել էր ՊՆ-ի հայտարարած գնումների 2 միլիարդ դրամանոց մրցույթի, սակայն հետագայում դրա արդյունքները չեղարկվել էին, պատասխանել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «գործում հացավոր արաք է եղել» հայտարարությանը։


«ORSIS ընկերության ռազմամթերքը, որով այն մասնակցել է Հայաստանի ՊՆ-ի չեղարկած մրցույթին, բազմաթիվ անգամ փորձարկվել է հայաստանյան զինվորականների կողմից, և այն հարցեր չի առաջացրել տեղական փորձագետների մոտ»,- ի պատասխան Տոնոյանի հայտարարության՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությանը ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:


Դավիթ Տոնոյանը, նոյեմբերի 4-ին ԱԺ-ում պատասխանելով ORSIS-ի մասնակցած մրցույթի հետ կապված հարցին, հայտարարել է, որ գործում եղել է հանցավոր արարք։ «Ում կողմից և ինչ ծավալի է եղել այդ հանցավոր արարքը, կպարզի քննությունը»,- նշել է նախարարը՝ հաստատելով մամուլում տարածվող լուրերը, որ ORSIS-ը փորձել է ռազմականի փոխարեն որսորդական ռազմամթերք մատակարարել:


«Այո, բայց դա ոչ թե փորձաքննություն է եղել, այլ գնումների գործընթացի ժամանակ մատնանշվել է մեկ կազմակերպությանն առավելություն տալու փաստը»,- ասել է նախարարը:


«Ռազմամթերքի շուրջ շահարկումներն ամբողջությամբ անհիմն են: Նման հարցերը լուծվում են փորձաքննությունների արդյունքում, այլ ոչ թե փորձագետների վրա հղումներ կատարելով, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում: Նշենք, որ մեր առաջարկած ռազմամթերքը բազմաթիվ անգամ փորձարկվել են հայաստանյան զինվորականների կողմից, և այն հարցեր չի առաջացրել: Վերջին փորձարկումները եղել են 2018թ․ դեկտեմբերին, և սարքավորումներն իրենց լավագույնս են ցուցադրել»,- պատասխանել է ORSIS ընկերության ներկայացուցիչը:


Բանակի կարիքների համար հայտարարված, այնուհետև չեղարկված մրցույթը, ըստ մեզ հասած տեղեկությունների, ջերմատեսիլ (ջերմադիտակ) սարքերի ձեռքբերմանն է վերաբերում:


Խոսքը ջերմատեսիլ (ջերմադիտակ) Dedal-T2.380 Hunter LRF սարքի մասին է, որն ըներությունն առաջարկել է մատակարարել, ու ստացել է ԶՈՒ ԳՇ-ի պաշտոնյաների համաձայնությունը: Սակայն ՊՆ-ի հետ համագործակցող «Ունիկում Ինժիներինգ»-ի ներկայացրած փաստերով պարզվել է, որ այն որսորդական (հուշում է նաև Hunter բառը) նշանակության է և ռազմական պայմաններում օգտագործելու ենթակա չէ: Արդյունքում մրցույթը չեղարկվել է:


ORSIS ընկերությունում նշել են, որ «հանցավոր արարքը», որի մասին հիշատակել է պաշտպանության նախարարը, հայտնաբերվել է ORSIS ARMS-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի՝ Հայաստանի Քննչական կոմիտե դիմելու արդյունքում: «Դա արվել է այն պատճառով, որ մեզանից առանց հիմքերի պահանջում են վճարել բանկային գրավը, իսկ ՊՆ-ն անտեսում է տեղի ունեցածի վերաբերյալ հանդիպելու և քննարկելու մեր պաշտոնական խնդրանքը»,- ասում է նա: