ՊԵԿ փոխնախագահ. 2019թ. ընթացքում քրգործերով պետբյուջե է վերականգնվել 5.5 մլրդ դրամ
2019թ. 11 ամիսների ընթացքում ՊԵԿ հետաքննչական և քննչական մարմիններում հարուցվել է 409 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20.8 մլրդ դրամ։
Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ էդվարդ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ այդ դեպքերից 151-ը վերաբերում է հարկեր վճարելուց խուսափելուն, 36 դեպքով քրեական գործեր են հարուցվել կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծման՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով։
2019թ. ընթացքում քրգործերով պետբյուջե է վերականգնվել 5.5 մլրդ դրամ՝ 2018-ին 6.8 մլրդ դրամի դիմաց։ Այս պահին վարչությունում քննվում է 330 քրգործ, պատճառված վնասը կազմում է 32 մլրդ դրամ, որոնցից գազալցակայններին վերաբերող 31 գործով պատճառված վնասը կազմում է 16.7 մլրդ դրամ, հայտնում է Shantnews.am-ը:
Չվճարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին իրավաբանական վարչության կողմից կայացվել է 26.108 որոշում՝ 55.5 մլրդ դրամ գումարի մասով, արդյունքում պետբյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ։ 2018-ին վերականգնվել է 13.2 մլրդ դրամ։
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետևանքով պետությանը պատճառված վնասով հարուցվել է 21 քրգործ, իսկ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերով` 128 քրգործ։ 2018-ին, ընդհանուր առմամբ, հարուցվել է 346 քրգործ՝ 63-ով պակաս, որոնցով պատճառված վնասը կազմել է 20.2 մլրդ դրամ։