Ուկրաինա-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային տանդեմի ամրապնդումը բխում է Արևմուտքի շահերից
Պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ուկրաինա-Ադրբեջան հարաբերությունների հիմքում ընկած են ինչպես տնտեսական՝էներգետիկ-տրանսպորտային, առևտրային շահեր, այնպես էլ գեոպոլիտիկ՝երկրները ՎՈւԱՄ կազմակերպության անդամ են և միջազգային բոլոր հարթակներում պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Կիևն ու Բաքուն տարիներ շարունակ ռազմավարական գործընկեր են ու կազմում են այսպես կոչված էներգետիկ-տրանսպորտային տանդեմ։ Ադրբեջանը պատրաստ է ընդունել Ուկրաինայից դեպի Կենտրոնական Ասիա ուղղվող բեռների ամբողջ հոսքը, իսկ իր հերթին Ուկրաինան պատրաստ է տրամադրել իր տարածքն ադրբեջանական, ղազախական և այլ ապրանքների արտահանման համար:
Բացի այդ, Ուկրաինայի համար կարևոր է ելք ունենալ կասպյան էներգակիրների վրա, որպեսզի փորձի բալանսավորել ռուսական գազից միակողմանի կախվածությունը:Ադրբեջանը տարիներ շարունակ նավթ է արտահանում Ուկրաինա: Ադրբեջանական SOCAR-ը լայնորեն ներկայացված է ուկրաինական շուկայում իր լցակայաններով, իսկ Ուկրաինայում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը:
Չմոռանանք, որ Բաքուն տասնամյակներ շարունակ զենք և զինամթերք է գնել Ուկրաինայից և Կիևը նույնպես շահագրգռված է իր ռազմական արտադրանքն Ադրբեջան արտահանելու մեջ: Ռազմական համագործակցությունը բխում է երկկողմ շահերից՝Ուկրաինան կունենա Ադրբեջանի պես վճարունակ գնորդ, իսկ Բաքուն ունենալով չլուծված ղարաբաղյան հակամարտություն կգտնի ռազմա-տեխնիկական ևս մեկ ապահով գործընկեր ի դեմս Ուկրաինայի, որն ունի բավականին ուժեղ ռազմական արդյունաբերություն:
Գեոպոլիտիկ առումով Ուկրաինա-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային տանդեմի ամրապնդումը բխում է ԱՄՆ-ի, Արևմուտքի շահերից՝ՌԴ-ի սահմանների երկայնքով հակառուսական պլացդարմներ կամ սանիտարական կորդոն ստեղծելու ռազմավարությունից ելնելով:
ՌԴ-ի ազդեցությունն Ուկրաինայում նվազեցնելու համար Արևմուտքը կարող է օգտագործել Ադրբեջանի էներգետիկ հզորությունները՝նավթ և գազ, ինչպես նաև տարանցիկ լոգիստիկան՝ղազախական, թուրքմենական գազն ու նավթն ուկրաինական շուկա հասցնելու համար: