Նախքան բուհերից հայոց լեզվի պարտադիր ուսուցումը հանելը նախարարությունը պետք է լուծի խնդիրը դպրոցներում՝ ուժեղացնելով մայրենիի ուսուցումը այդտեղ: Այս մասին «Այսօրվա Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հիմնական խնդիրները» կլոր սեղան-քննարկման ժամանակ նախօրեին հայտարարեց «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանյան բուհերում Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության առարկաների դասավանդումը ոչ թե հանվելու է, այլ կրելու է հայեցողական բնույթ: Նա բացատրել էր, որ դրանք ծրագրից չեն հանվում, այլ պարզապես դրանց պարտադիր ուսուցման բնույթն է փոխվում.
«Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մեր աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիք են ստանում և՛ հայոց լեզվից, և՛ հայ գրականությունից, և՛ պատմությունից: Եվ, ըստ էության, ծրագրերի մեծ մասում դրանց կրկնությունը ազդում է մասնագիտական ծրագրի բովանդակության և որակի վրա»,- ասել էր Հարությունյանը:
Սակայն Արման Ղուկասյանը պնդում է՝ դպրոցներում այս կարևոր առարկաների դասավանդումը անմխիթար վիճակում է, առհասարակ՝ դպրոցներում կրթական մակարդակի հետ խնդիր ունենք, հետևաբար սխալ է բուհերում նման փոփոխությունը: Այդ իսկ պատճառով, հայտարարեց փորձագետը, նախարարությունը պետք է սկսի կրթական բարեփոխումները հենց դպրոցից, որտեղ խնդիրները լուծելուց հետո միայն կարելի է անցնել բուհերին.
«Մեր քննարկման ընթացքում արդեն իսկ հնչեց այն մտահոգությունը, որ Հայաստանում անգամ մայրենիին լավ չեն տիրապետում, ուր մնաց այլ լեզուներին՝ ռուսերենին ու անգլերենին: Ես կարծում եմ, որ այս խնդրի արմատները ոչ թե բուհերում են, այլ դպրոցներում: Հետևաբար գլխից սկսելու տրամաբանությունն ինձ համար անհասկանալի է»,- շեշտեց նա:
Արման Ղուկասյանը մտահոգություն հայտնեց, որ այս բավականին լուրջ հարցի շուրջ նախարարությունը լայն շրջանակների հետ նախապես քննարկում չի կազմակերպել ու փաստացի բոլորին փաստի առաջ է կանգնացրել՝ արդեն իսկ կայացված որոշման մասին հայտնելով.
«Ժողովրդավարական երկրում, որի մասին անընդհատ բարձրաձայնում է հայրենի կառավարությունը, սա սխալ մոտեցում է, երբ փորձ չի արվում հաշվի առնել հասարակության լայն շրջանակների կարծիքը խնդրահարույց այս կամ այն հարցի շուրջ»,- ասաց նա:
Հաջորդը, ինչի վրա ուշադրություն դարձրեց Ղուկասյանն այն է, որ
Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի կողմից, որին մասնակցություն ունեցան կրթական ոլորտի մի շարք մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ, ուսանողներ: