Երկրի գրագետ հատվածը պետք է վերջապես դառնա եռալեզու՝ պատշաճ իմանա մայրենին, ռուսերենն ու անգլերենը: Սա է 21-րդ դարի թելադրանքը, սա անհրաժեշտություն է մրցունակ պետություն կառուցելու և զարգացնելու համար: Այս մասին «Այսօրվա Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հիմնական խնդիրները» կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով, Հայաստանը չունի միլիարդներ ու ռեսուրսներ, բայց ունի այն բնորոշումը, որ հայերը բնականից լեզուներ սովորելու շնորհ ունեն: Բայց վերջին տարիներին Հայաստանում, նրա խոսքով, շատ գործընթացներ ֆորմալ, երբեմն նաև ձևական բնույթ են կրել և լեզուների դասավանդումը դրանց թվում է:
«Եթե մենք ուզում ենք լինել մրցունակ աշխարհի մեծ ու փոքր ազգերի հետ, հասկանում ենք, որ մեր երկրում շատ ֆորմալ, ձևական բաներ են եղել, որոնց վրա մենք աչք ենք փակել և դրանից մեկը լեզուների իմացությունն է: Որպես ԵՊՀ դոցենտ ցավով եմ նշում, որ շատ-շատերը մեր ուսանողներից չեմ ասում ռուսերեն –անգլերեն, անգամ հայերեն գրագետ գրել չեն կարողանում: Այս պայմաններում մենք մրցունակ լինել չենք կարող, և վաղուց ժամանակն է, որ մտածենք, թե ինչ անենք, որ այս խնդիրը լուծում ստանա»,- ասաց նա:
Արամ Սաֆարյանը հատուկ ընդգծեց ռուսերենի իմացությունը, որը դեռ մի քանի տասնամյակ առաջ մեզանում եղել է սովորական մի բան, բայց այսօր խնդրահարույց է: Մինչդեռ Հայաստանը թե՛ տարածաշրջանային, թե՛ իր հետաքրքրությունների տեսանկյունից այն արեոլում է, որտեղ ռուսերենի լավ իմացությունը պարտադիր է զարգացման համար.
«Ռուսերեն իմանալը մեր մրցակցային առավելությունն է, սա այն կապիտալն է, որը մեզ պետք է երկրի զարգացման համար: Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին ռուսերենն իմանալը ուղղակի անհրաժեշտություն է»,-շեշտեց նա:
Սաֆարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանում վաղուց գործում են ամերիկյան լեզվական կենտրոններ, ԵՄ-ն ևս շատ ակտիվ է ուսանողներին կրթական ծրագրեր առաջարկելու տեսանկյունից և այլն: Որպես օրինակ նա նշեց, որ մի քանի օր առաջ էլ ԵՊՀ-ում ստեղծվեց Ամերիկյան հետազոտությունների կենտրոն, այսինքն՝ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ԵՄ-ն ծախս են անում ու միջոցներ ձեռնարկում, որպեսզի Հայաստանի ուսանողները մեկնեն արտերկիր ուսանելու:
«Ես դրան դեմ չեմ, ամենևին, դա հրաշալի հնարավորություն է մեր երիտասարդության համար: Առավել ևս, որ մեր արտաքին քաղաքականությունը թելադրում է մեզ բաց հարաբերություններ ունենալ բոլորի հետ՝ ի դեմս դաշնակից Ռուսաստանի: Բայց լինելով ՀԱՊԿ անդամակցությամբ շատ շահագրգիռ երկիր, ԱՊՀ շրջանակներում կառուցողական մասնակցություն ունեցող երկիր ինչո՞ւ ՀՀ-ում մի հատ հետխորհրդային հետազոտությունների կամ ԱՊՀ հետազոտությունների կենտրոն չկա: Ի՞նչ է, դա պահանջարկված չէ: Ոչ, շատ պահանջարկված է, և դա է վկայում այն, որ մեր բազմաթիվ ուսանողներ մեզ են դիմում, որպեսզի եվրասիականության մասին գիտելիքներ ստանան, գրականություն ունենան»,- ասաց նա:
Արամ Սաֆարյանը նշեց, որ այս ամենից հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները մի հատ եվրասիական հետազոտությունների կենտրոն չստեղծեցին այս հինգ տարիներին, ինչ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է: Հասարակական կառույցները այս ուղղությամբ այտիվ գործունեություն վարում են, այդ թվում և իր ղեկավարած ՀԿ-ն, բայց խոսքը պետական մակարդակի մասին է:
«Եվ սա չի կարող չանհանգստացնել Հայաստանի դաշնակիցներին՝ ի դեմս ռազմավարական դաշնակից Ռուսաստանի: Մեր շահերը, մեր հետաքրքրությունները հենց այս տարածաշրջանում են, այս տնտեսական միության շրջանակում են և մեր ապագան էլ այստեղ է»,- հավելեց նա:
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպվել էր «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի կողմից: