24.11.2024
Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանն ակտիվացել է, ՀՀԿ-ում դժգոհ են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ակտիվացել է, նույնիսկ իր հնարավոր կալանավորման մասին խոսեց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ում շատ են քննարկում Ս. Սարգսյանի չիրականացրած խոստումները: Բացատրություն չունեն, թե, օրինակ, ինչու նա հայտարարեց, որ ՀՀԿ ղեկը կտա Վիգեն Սարգսյանին, բայց այդպես էլ դա չարեց: Թիմում հիասթափված են նաեւ, որ Ս. Սարգսյանը խոստացել էր, թե ինքն է լինելու ՀՀ վարչապետը, բայց այդ խոստումն էլ չիրականացրեց: Հիմա էլ տեղեկություններ են տարածվում, թե նա ժամանակին ուղիղ կապ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչո՞ւ հանկարծ Սերժ Սարգսյանի գրասենյակը որոշեց հատուկ հայտարարություն անել, որ Ս. Սարգսյանը երբեւէ չի հանդիպել Ն. Փաշինյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել է. «Ուղղակի ունեն ուշադրության պակաս` հերթական անգամ փորձելով իրենց անունը կապել Նիկոլ Փաշինյանի անվան հետ: Իրենք ամեն անգամ սրտաճմլիկ կհայտարարեն դատվելու, ձերբակալվելու մասին… Իրենք միանշանակ մերժված են: Դեռ մեծ-մեծ էլ խոսում են ու ասում են, թե միակ ընդդիմությունը այսօրվա իշխանություններին մենք կարող ենք լինել, այստեղ են ասել` իյա, իրո՞ք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության եւ «Լուսավորի» միջեւ անջրպետը խորանում է։ Բյուջեի առթիվ ծագած հակամարտությունը դրսեւորվում է այլ հարթակներում։ ԱՄՆ գործուղված Լիլիթ Մակունցի՝ հայ համայնքի հետ նոյեմբերի 19-ին ծրագրված հանդիպումը տեղափոխել են նոյեմբերի 18-ին՝ այն օրը եւ գրեթե նույն ժամին, երբ Էդմոն Մարուքյանն էր հրավիրել հանդիպում։ Դրանով, ըստ ԼՀԿ-ականների, ցանկացել են, որ հնարավորինս քիչ մարդ մասնակցի ընդդիմադիր պատգամավորի հանդիպմանը եւ չլսի ՀՀ իշխանությունների մասին քննադատություն։ Բացի դա, լրագրողների մեծ մասն էլ կլուսաբանեն ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանական պատգամավորի հանդիպումը։ Ավելին՝ Մարուքյանը, մեր տեղեկություններով, պարզաբանում է պահանջել Մակունցից։ Վերջինս ասել է, որ այլ՝ չպլանավորված հանդիպումների պատճառով է հարկադրված եղել օրը փոխել՝ միտումնավոր չի եղել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին օրերս հրավիրել են Մոսկվա՝ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների։ Նա երկար չի մնացել, ընդամենը 1-2 օր, եւ երեկ արդեն վերադարձել է։ Մեր մոսկովյան աղբյուրներն ասում են, որ այցի նպատակը եղել է Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին «դուխ տալը», քանզի վերջին շրջանում, հատկապես խորհրդարանում սրվել են «Իմ քայլը»-ԲՀԿ հարաբերությունները, եւ առաջիկայում մեծ «ճակատամարտեր» են սպասվում՝ բյուջեի հողի վրա։ Ռուսները կրկին հասկացրել են, որ Հայաստանում պետք է արմատական ընդդիմություն ձեւավորվի, եւ ամենահարմար ուժն այդ առումով ԲՀԿ-ն է, ում իրենք պատրաստ են աջակցել։ Այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ ՌԴ Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Մոսկվայում, որտեղ մասնակցել է «ԱՊՀ անդամ պետությունների քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերը միջխորհրդարանական գործընկերության շրջանակում» թեմայով համաժողովին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը ակտիվորեն զբաղված է ՀՀԿ-ի շարքերի համալրմամբ: Հեղափոխությունից հետո իշխանությունը կորցրած ՀՀԿ-ի շարքերը ամենաշատ կուսակցականներ անդամագրվել են հենց նրա շնորհիվ: Սահակյանը հույս ունի, որ իրեն հաջողվելու է այդ ճանապարհով ՀՀԿ-ին հետ վերադարձնել իշխանության»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ «Սանիթեք» ընկերության կողմից կառավարությանն ու քաղաքապետարանին ուղարկված արբիտրաժային վեճի մասին ծանուցումն այն մասին, որ առկա է ներդրումային վեճ, եւ վեճը բանակցությունների արդյունքում չլուծվելու դեպքում գործը կգնա միջազգային արբիտրաժային դատարան, մինչ օրս մնացել է անպատասխան: Մեր աղբյուրն ասում է, որ կառավարությունում լուրջ չեն վերաբերվում «Սանիթեք»-ի՝ արբիտրաժ դիմելու փաստին, քանի որ հայցի հիմքում դրված է «ՀՀ կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագրի 9-րդ հոդվածը, իսկ Նիկոլաս էլ Թավիլը՝ «Սանիթեք»-ի տնօրենը, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չի կարող նման հայց ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան։ Հետեւաբար, կառավարությունում վստահ են, որ «Սանիթեք»-ը չի կարողանա հաջողության հասնել արբիտրաժում եւ դատի տալ Հայաստանի Հանրապետությանը: Ասում են, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ առիթով ասել է միջազգային դոնորներին, թե ինքը վստահեցնում է՝ «Սանիթեք»-ը մեզ դատի չի տա։ Սակայն «Սանիթեք»-ում վստահ են, որ նման խոչընդոտ գոյություն չունի՝ Թավիլը երկքաղաքացի է, բացի այդ՝ ընկերությունը ներգրավել է աշխարհում հայտնի երկու իրավաբանական ընկերություններ, որոնք աշխատում են հայցի վրա եւ համոզված են, որ պարտվելու շանս չկա։ Եվ հայցերը շուտով կներկայացնեն Վաշինգտոնի արբիտրաժային դատարան»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ խողովակների եւ հողատարածքի առուծախի պատմություն է, որի պատճառով ՀՔԾ-ն երեկ մեղադրանք առաջադրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ հանրահայտ «Լիսկային»: Ըստ քրգործի` այս պատմության մեջ Ս. Խաչատրյանի եղբայրն էլ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել եղբոր՝ Աղալար Խաչատրյանի հետ, որը վրդովված պնդել է՝ դատարան է դիմելու. «Ես ցանկանում եմ իրենց դատի տալ, եղբայրները ի՞նչ կապ ունեն, մի եղբայրը ես եմ, մյուս եղբայրը մահացել է»: Իսկ ՀՔԾ մեղադրանքով` նախկին մարզպետ Խաչատրյանը 2011-2012թթ.-ին Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին ապօրինի կարգադրել է համայնքին պատկանող 5.132.891 դրամ արժողությամբ մետաղական խողովակներն առանց որեւէ օրինական հիմքի հանձնել իր եղբորը, Լ. Առաքելյանն էլ կատարել է կարգադրությունը: Բացի այդ, 2016թ.-ին Ս. Խաչատրյանը մի ապօրինի կարգադրությամբ էլ Ակներ համայնքի ղեկավարից պահանջել է համայնքի սեփականություն հողամասից կեղծ աճուրդով օտարել Աշոտ Գեւորգյանին: «Լիսկայի» այս կարգադրությունն էլ կատարել են: Եւ այժմ մեղադրանք է առաջադրվել ե՛ւ Լ. Առաքելյանին, ե՛ւ Ա. Գեւորգյանին: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոցը կալանավորումն է:


Նրա եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթին ասել է նաեւ. «Նորավան համայքի ո՛չ գյուղապետին եմ ճանաչում , ո՛չ մեկի հետ շփված չեմ: Մյուս եղբայրս մահացել է, ուզում են երեւի գցեն վրան, նման բան գոյություն չունի, 3-4 տարի առաջ է մահացել, նա էլ դժվար այդ ամենի հետ կապ ունենա: Շանտաժ է էլի, մի սուտ բան սարքում են, էնքան որ մի բան սարքեն»: Հարցին` կապ ունի՞ եղբոր հետ, Ա. Խաչատրյանը պատասխանել է, թե միշտ էլ խոսում է Սուրիկ Խաչատրյանի հետ, «վիճակը լավ չի, պառկած է»: Հիշեցնենք` օգոստոսի 20-ին ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը Էջմիածնի իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, թե Սուրիկ Խաչատրյանի վիճակը ծանր է, կոմայի մեջ է, Փարիզում է, նրա սիրտը վիրահատել են: «Թողեք` էդ մարդն իր մահով մեռնի, գործ չունեք, մեղք է»,- ասել էր Ս. Խաչատրյանի մտերիմ գեներալը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Նազելի Բաղդասարյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում նոյեմբերի 9-10-ը Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում տեղի ունեցած ԼԳԲՏ` «Ծիածան» խորագրով ֆորումին, որը, ըստ ԶԼՄ-ների, կազմակերպել էր «Փինկ Արմենիա» ՀԿ-ն։ «Ընդհանրապես տեղյակ չեմ, որ նման բան է տեղի ունեցել»: Մամուլում գրվեց, անգամ տեղեկություն կար, որ պաշտոնյաներ էլ են մասնակցել։ «Անկեղծ ասած` իսկապես տեղյակ չեմ եւ չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել։ Եթե ֆորումն ինչ-որ թեմա ունի, եւ ոչ անվանդական կողմնորոշման որոշ ներկայացուցիչներ ներկա են եղել, դա այլ խնդիր է, այլ հանգամանք է, ինչպես Դուք եք նշում` ԼԳԲՏ թեմայի ներքո է եղել հավաքը, թե ոչ։ Դրանք ամբողջովին տարբեր բաներ են»: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ստամբուլյան կոնվենցիային։ «Այն դեռեւս ԱԺ չի եկել, երբ գա, անկեղծ ասած` ինձ եւս, որպես պատգամավորի, շատ հետաքրքիր է, եթե այն որեւէ հակասության մեջ չէ Սահմանադրության դրույթների հետ, ապա վավերացումը կարող եմ դրական համարել, բայց եթե որեւէ միջազգային կոնցեպտներ հակասության մեջ են մեր ներքին օրենսդրության հետ, ապա այստեղ խնդիր եմ տեսնում»: Ասում են՝ իրականում այլ բան կա օրենքի տակ։ «Ես չեմ ուզում շտապել, բոլոր դեպքերում, ՍԴ-ն ասելիք ունի, ինքս գտնում եմ` բոլոր մարդիկ հավասար են իրենց իրավունքներով, բայց մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունեն Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Քանիցս բարձրաձայնվել է այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հայ աշխատակիցները դժգոհել են իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքից, ինչպես նաեւ աշխատավարձերի ցածր լինելու հանգամանքից։ Նախորդ ամիս նույնպես երկաթուղու մեքենավարները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը, ինչի արդյունքում տնօրինությունը զիջումների գնաց, եւ նոյեմբերի մեկից ՀԿԵ աշխատակիցների աշխատավարձը բարձրացավ 10 տոկոսով: Տեղեկությունների համաձայն, երկաթուղու հայ եւ ռուս աշխատակիցների աշխատավարձերն էականորեն տարբեր են, ինչն էլ պարբերաբար առաջացնում է տեղացի աշխատակիցների դժգոհությունը։ Օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ-ից մեքենավարների երկու նոր բրիգադ է գործուղվել Հայաստան, որոնք նախօրեին արդեն դուրս են եկել աշխատանքի՝ փոխարինելով հայ մեքենավարներին: ՀԿԵ-ում խոսակցություններ կան, որ ՓԲԸ-ի տնօրինության սրտով չի եղել հայ աշխատակիցների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացումը, եւ ներքին պլան են մշակել՝ աշխատողներին պատժելու համար: Նշենք նաեւ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներին երեկվանից հանգիստ չի տալիս կատարվածը, իսկ տեղի ունեցած գործընթացների մասին երկաթուղու գլխամասից ոչ մի պարզաբանում չեն ներկայացրել։ Հավելենք, որ ռուս մեքենավարները ստանալու են մոտ երեք անգամ շատ աշխատավարձ։ Ի դեպ, տարածքին անտեղյակ, անփորձ ռուս մեքենավարների հետ կապված՝ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները երեկ գրություն են ուղարկել ՀՀ ԱԱԾ, դատախազություն եւ ոստիկանություն»:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ Ամուլսարի թնջուկի հետ կապված՝ իշխանությունները հենց տեղում վարչական լծակներ են օգտագործում՝ փորձելով ջերմուկցիների վրա ճնշումներ գործադրել, որպեսզի կարողանան համաձայնություն ձեռք բերել հանքի շահագործման հարցում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված հատկապես առանձնակի ակտիվություն են դրսեւորում «տեղական» ղեկավարները, որոնց հանձնարարական է իջեցվել՝ բնակչության շրջանում «կոնսենսուս» ձեւավորելու քայլեր ձեռնարկել։ Թերթի զրուցակիցը, ով տեղի բնակիչ է, նշել է, որ Ջերմուկում եւ շրջակա գյուղերում, այսինքն՝ այն հատվածում, որն անմիջական կապ ունի Ամուլսարի հանքի շահագործման աշխարհագրական դիրքի հետ, «ջերմուկցիներն իրենց խաբված են զգում եւ այլեւս չեն վստահում կառավարության գործողություններին ու խոստումներին, քանի որ ոչ մի կերպ բնակիչները չեն կարող ընդունել ու հասկանալ, թե ինչպես կարելի է հանքը շահագործել՝ ժողովրդի կարծիքի վրա թքած ունենալով»։ Տեղեկություններ կան նաեւ, որ առաջիկայում Ամուլսարի ցույցերի նոր ալիք է բարձրանալու, որից անմասն չի մնա նաեւ մայրաքաղաքը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի: Նրան այսօր կտեղափոխեն հոգեբուժարան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրա պաշտպան Սեդրակ Մկրտչյանը հայտնել է, որ անմեղսունակությունը պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն: Իսկ նախաքննական մարմինը պարզել է, որ մինչեւ ոստիկանին սպանելը նա հաշվառված է եղել հոգեբուժարաններից մեկում: Հիշեցնենք՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները հոկտեմբերի 16-ի գիշերը հետապնդելով Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 եւ 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին: Իրավապահները պարզել են նաեւ, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն են կատարել գեղեցկության սրահից: Պարզվել է նաեւ, որ կրտսեր եղբայրը ցերեկը մուրացկանություն է արել, գիշերը՝ ավագ եղբոր հետ գողություն»: