Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը
ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից:
Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանն ընգծել է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան՝ ուշադրություն դարձնելով 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ինտենսիվ երկկողմ այցերին, և կարևորել ՌԴ ԱԽ աշխատակազմի կողմից կազմակերպվող միջոցառումների դերը բազմակողմ համագործակցության ամրապնդման մեջ։
Նիկոլայ Պատրուշևը հրավիրել է քարտուղար Գրիգորյանին մասնակցելու 2020 թվականի մայիսին նախատեսվող Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա 11-րդ հանդիպմանը։
Քննարկվել են ՀԱՊԿ և ՇՀԿ շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները:
Հայկական կողմի նախաձեռնությամբ քննարկվել են նաև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության պլանը, օրակարգի ընդլայնման և համատեղ արտադրությունների զարգացման ծրագրերը ու գործողությունները։