Հայաստանում հաստատվել է մեկ անձի իշխանություն, որը պահվում է անցյալի դեմ պայքարով ու ժողովրդրի բնական ցանկությունների ու հույզերի վրա խաղով: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ընթացքում նոյեմբերի 15-ին հայտարարել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը:
Ովքե՞ր են մասնակցում
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին մասնակցում են Հայաստանի նոր իշախանություններին վերջին շրջանում ակտիվորեն քննադատող դեմքեր: Նրանցից են «Ժառանգություն» կուսակցության նախկին փոխնախագահ, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը, տնտեսագետ և Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ, ձերբակալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը, ժամանակին տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության շատ խիստ քննադատ, ՀԱԿ նախկին անդամ, այժմ գրեթե հակառակ դիրքերցի հանդես եկող Դավիթ Շահնազարյանը, ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և այլոք:
Ի դեպ Դավիթ Շահազարյանը ժամանակին քննադատում էր Հայաստանի հանրապետական կուսակցությանը, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարում «հանցագործ»՝ խոստանալով նրա դեմ Մարտի 1-ի գործով հայց ներկայացել Հաագայի միջազգային դատարանում: Այժմ նա քննադատում է նոր իշխանություններին, Մարտի 1-ի գործով իրավապահների գործողությունները, ՀՀԿ-ի ցուցակով մասնակցեց ԱԺ ընտրություններին և հանդես է գալիս Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու օգտին:
Բոլորովին վերջերս Հնարային խորհուդի նախագահի պաշտոնը լքած Վազգեն Մանուկյանն ընդունում է, որ կոռուօցիան նոր իշախանությունների ժամանակ նվազել է, սակայն, ըստ նրա, այդպես չեն պայքարում կոռուպցիայի դեմ:
«Կոռուպցիան մի քիչ նվազել է, բայց մենք առաջ չենք գնացել այդ հարցում։ Դրա համար պետք են ինստիտուտներ, կառուցակարգեր, ոչ թե ասֆալտին փռել: Հայաստանում կա խնդիր նախկին կոռուպցիոներների հացերը լուծելու։ Անընդհատ հետ նայելով մենք ոչինչ չենք ունենա»։ Մանուկյանը խոսեց նաև հեղափոխությունից հետո փոփոխություններից․ «Վերադարձա՞վ պետությունը ժողովրդին, ո՛չ, Արցախի հարց, տնտեսություն, ներքին քաղաքականություն, դա՞ էինք մենք ուզում։ Ասվում է՝ շատ ձայն ենք ստացել, ժողովրդի անունից ենք խոսում։ Մեզ պետք է իսկական ժողովրդավարական պետություն։ Ժողովրդի բնական ցանկությունների վրա կարելի է դեռ այս խաղը շարունակել, բայց դա ապագա չունի։ Այս ճանապարհը տանում է անմակարդակ, ոչ ազգային բռնապետության։ Կստացվի՞, ո՛չ իհարկե»։ Մանուկյանն ասաց, որ անհրաժեշտ է համախմբվել գաղափարների շուրջ։
Ամբոխը երբեք չի կարող պետություն կառուցել
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին գրեթե բոլոր ելույթ ունեցողները քննադատեցին նոր իշխանություններին:
Ամբոխը երբեք չի կարող պետություն կառուցել, քանի որ իշխանության է բերում իր արտացոլանքին՝ անբան ու անպետք մեկին, նշում է Անդրանիկ Թևանյանը:
«Մենք ապրում ենք քաղաքական և տնտեսական ականապատ դաշտում: Այդ ականները պարբերաբար պայթում են՝ մեծ ու փոքր ցնցումներ առաջացնելով: Մեզանում մի շարք ճգնաժամեր են առկա՝ սեփականության լեգիտիմության ճգնաժամ, քաղաքական լեգիտիմության ճգնաժամ, մասնակցային ճգնաժամ և կոմպետենտության ճգնաժամ»,- ներկայացրեց Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով՝ այս ճգնաժամերը կապված են քաղաքականության հետ, և դրա արդյունքում է, որ քաղաքական պայքարը չի կարող տեղավորվել քաղաքակիրթ խաղի շրջանակներում: Ըստ նրա՝ տնտեսական և քաղաքական խաղից օտարվածություն կա, որը քաղաքացուն զրկում է հանրային ու պետական կյանքին մասնակցելու հնարավորությունից, որից ևս այլ ճգնաժամեր են առաջանում:
Պատերազմ է հայտարարվել այն ամեն դրականին
«Այն, ինչ անվանում է Նոր Հայաստան, ես համարում եմ՝ գոյություն չունի․ Պատերազմ է հայտարարվել այն ամեն դրականին, ինչն այս տարիների ընթացքում ստեղծվել է», - ասաց Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով. «Հին Հայաստանը, այն Հայաստանն է, որ ապահովել է Արցախի անվտանգությունը, հակառակորդին պարտադրել է զինադադար, որը 2016 թվականին ցույց տվեց համազգային աննախադեպ համախմբում, սա՞ է մերժվում։ Գործող իշխանության քաղաքականությունը բերում է ձախողված պետության կարգավիճակին»։
Նա անդրադարձավ ԼՂ հիմնախնդրին՝ այդ համատեքստում քննադատելով նոր իշխանությունների քաղաքականությունը:
«Իշխանությունը ԼՂ հարցի վերաբերյալ իրարամերժ հայտարարություններով է հանդես եկել։ Ներկայիս իշխանությունը բանակցությունները շարունակում է այն կետից, ուր հասել էինք, այլ ոչ թե նոր կետից։ Բանակցային սեղանին էր գտնվում միայն մեկ հարց՝ շփման գծի երկայնքով միջոցառումներ. հատուկ շփման գծերի տեղադրում շփման գծի երկայնքով, միջազգային մեխանիզմների ներդրում և այլն։ Ակնհայտ է, որ մեզ համար ձեռնտու օրակարգ էր»,- ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
Նա հիշեցրեց Ալիևի հայտարարությունը, թե ինքը միջազգային ծանր ճնշումների տակ է ճանաչել ԼՂ անկախությունը: «Ներկայիս իշխանությունը, կարծես, չի խոսում ինքնորոշման սկզբունքի մասին», - հավելեց նա։
Նրա հետ համաձայնեց Ռուբեն Հակոբյանը: «Արցախի հարցը փակուղի է մտած։ Լավրովը մի քանի օր առաջ այստեղ էր։ Բրիֆինգի ժամանակ չորս րոպեի ընթացքում երկու անգամ ցիտեց Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ այո, մեզ համար ընդունելի է այնպիսի տարբերակ, թե Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի համար։ Ինքնորոշման մասին խոսք չեղավ։ Մանյովրի տեղ է բացվում Ադրբեջանի համար»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։
Հավաքաներն ունեն հեռահար նպատակներ
Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին մասնակցում էր նաև ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Լրագրողների հարցին ի պատասխան, նա չբացառեց, որ հետագայում այս ուժերը հանդես կգան որպես մեկ միասնական ուժ: «Որ նման հավաքներն ինքնին ունեն հեռահար նպատակներ, վաղվա տեսլական, թե ինչպիսի ապագա ենք պատկերացնում, դա ակնհայտ է։ Այսօր Հայաստանում իշխանությունից դուրս կան առնվազն 5-6 ուժային կենտրոններ, որոնց մտահոգությունները, մեծ հաշվով նույնն են»,- ասաց Աղվան Վարդանյանը։