25.11.2024
Վարչապետն ընդգծել է ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման կարևորությունը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ռամզան Քադիրովի հայտարարությունը Լարսին այլընտրանքի մասի՞ն էր

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ռուսական լրատվամիջոցները տարածեցին Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հայտարարությունը, որով նա ցանկություն էր հայտնել բացելու չեչենական Իտում Կալի բնակավայրից մինչև վրացական Շատիլի գյուղ տանող ավտոճանապարհը: Ըստ վրացական մեր աղբյուրի՝ Իտում Կալիից մինչև վրացական սահման ճանապարհը երթևեկելի է, այդ թվում՝ նաև մարդատար ավտոմեքենաների համար, այն կառուցվել է առաջին և երկրորդ չեչենական պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում, իսկ վրացական կողմից մինչև ռուսական սահման ընդամենը 2 կմ է: Ճանապարհը վերանորոգման կարիք ունի, բայց չի շահագործվում սահմանային անցակետի բացակայության պատճառով: Այս ճանապարհը կարող էր այլընտրանք լինել Վերին Լարսի ավտոճանապարհին»:


«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իրար հաջորդող սխալները, հրապարակային անպատասխանատու արտահայտությունները սկսել են բավական ծանր կացության մեջ դնել սեփական թիմակիցներին։ Մեր տեղեկություններով, իշխանական տարբեր թեւերում կա խուլ դժգոհություն, թե ինչու պիտի իրենք պարտադրված արդարացնեն այն, ինչին կտրականապես դեմ են։ Ավելին, շատերը գերադասում են լրատվամիջոցների հետ չխոսել, որպեսզի ստիպված չլինեն ասելու այն, ինչն իրենց համոզմունքներին դեմ է։ Այս ամենին գումարվում է եւ այն, որ այդ թեւերի ներկայացուցիչները միմյանց հանդեպ գրեթե թշնամական վերաբերմունք ունեն, բանը հասել է այնտեղ, որ միմյանց կասկածում են նախկին իշխանությունների հետ կապի մեջ։ «Այսպես շարունակվելու դեպքում այսօր իսկ թիմում հազիվ վերահսկողությունը պահող Փաշինյանը կարող է այլեւս ի զորու չլինել կառավարելու սեփական թիմակիցներին, որոնք եւ՛ դժգոհ են նրա քաղաքականությունից, եւ՛ պակաս գայթակղիչ առաջարկներ չեն ստանում նախկիններից»,- մանրամասնեց մեր աղբյուրը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ կիրականացնի Եղեգնաձորի քաղաքապետարանում: Այս որոշումը կայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո: ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելու պատճառներից մեկը սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակին հետեւելն է: Երբ նախորդ կիրակի վարչապետը եղել է Գորիսում, Վայքում եւ Եղեգնաձորում, խնդիրներ են արձանագրել: Որոշում է կայացվել ստուգումներ անցկացնել, որ հասկանան, թե ինչ է կատարվում: Ընդ որում, վարչապետի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանին եւ տարածքային կառավարման եւ ենթակաոուցվածքների նախարարին հրահանգ է եղել նույնպիսի չնախատեսված այցերով լինել մարզերում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Արցախ՝ հարսանիքի մեկնած Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահական ընտրությունների 2 հավակնորդի՝ Մասիս Մայիլյանի եւ Արայիկ Հարությունյանի հետ։ Եռակողմ հանդիպումից հետո երկու թեկնածուի կողմնակիցներն էլ հայտարարում են, որ Փաշինյանն ասել է իր թեկնածուի անունը, բայց հորդորել է այսուայն կողմ չշեփորահարել։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի համակրանքը Հարությունյանի կողմն է, ինչը, թերեւս, նաեւ վերջինիս ռեյտինգով է պայմանավորված։ ՀՀ վարչապետը չէր ուզենա հերթական անգամ «ստավկա» անել պարտվող թեկնածուի վրա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ Արցախի նախագահի ընտրություններում իշխանությունը ֆավորիտ թեկնածու ունի՞։ Նա ասաց․ «Վարչապետը հայտարարել է, որ մենք աջակցելու ենք ազատ, արդար ընտրություններին եւ ամբողջովին այդ սկզբունքով ենք առաջնորդվելու»։ Բայց արդեն խոսվում է, թե ում կաջակցի վարչապետը, Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի անուններն են տալիս։ «Մենք առաջնորդվելու ենք օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հայտարարված սկզբունքներով»։ Իսկ եթե Վիտալի Բալասանյանը, որ բացահայտ առճակատման է գնում ՀՀ իշխանությունների հետ, հաղթի, իշխանությունն ինչպե՞ս կաշխատի նրա հետ։ «Դրա հավանականությոuնը գրեթե զրոյին մոտ եմ համարում»։ Ինչո՞ւ, արցախցիներն ազատ ժողովուրդ են, կարող են ձայն տալ ում ուզեն։ «Նաեւ արցախցիներին ճանաչելով եմ դա ասում»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, ինչի մասին կհայտարարի առաջիկայում: Ղուլյանը նման որոշում է կայացրել, քանի որ առանց իր առաջադրման, նրա ղեկավարած կուսակցությունը՝ ԱԺԿ-ն, խորհրդարանական ընտրություններում որեւէ հաջողության հույս չէր կարող ունենալ: Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու միաժամանակ, եւ Ղուլյանը հույս ունի, որ ընտրություններից հետո իր ղեկավարած կուսակցությունը հերթական անգամ կոալիցիայի մաս կդառնա»:


«Փաստ» թերթը գրում է. «Ամիսներ շարունակ խոսվում է ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի գնի բարձրացման մասին, շրջանառվում են տարբեր վարկածներ ու ժամկետներ։ Նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեմայի հետ կապված ասել է, որ գազի գինը մինչեւ ապրիլի 1-ը կմնա նույնը։ Այս մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ մեկ ամիս առաջ՝ նշելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ գազը ձմռան ամիսներին չթանկանա: Այս թեմայի հետ կապված, սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, կա մի փոքր նրբություն։ Մեր տեղեկություններով, իրականում գազի գնի վերանայման հարցը օրակարգում դրված է, եւ չի բացառվում, որ դա տեղի կունենա ոչ թե ապրիլին, այլ տարեվերջին։ Դեկտեմբերի վերջին, նախնական պայմանավորվածության համաձայն, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ էլ այս թեման կհստակեցվի։ Ըստ նույն աղբյուրների, թանկացման մասին իշխանությունները չեն բարձրաձայնի մինչեւ գարուն, որպեսզի ավելորդ անգամ սոցիալական ընդվզման առիթ չստեղծեն եւ իրենց ընկնող վարկանիշին ժամանակից շուտ նոր հարված չհասցնեն։ Եթե տարեվերջին գազի գինը բարձրանա, ապա ձմռան ամիսներին սպառողների համար տարբերությունը կկոմպենսացվի պետության հաշվին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դատական վեճերի պատճառով սառեցված է 150 մլրդ դրամ գումար, և դրա պատճառը դատական համակարգի անկատարությունն է: Դատական դեպարտամենտի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահին դատարաններում վիճարկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրած 800 շինթույլտվության ակտ: Այսինքն՝ այդքան թվով շինարարություն, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի և խոշոր առևտրի ու սպասարկման շինությունների շինարարություն սառեցված է: Դատական նիստերը տարիներով հետաձգվում են, ներդրողները հսկայական կորուստներ են կրում, և դրա համար, ըստ էության, որևէ մեկը պատասխան չի տալիս»:


«Փաստ» թերթը գրում է. «ԱԱԾ-ին հանձնարարել եմ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները»: Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են կառավարության երեկվա նիստում: Թվում էր՝ «սատանիստական» թեմաներով հերթական հումորն է (մի քանի օր առաջ միանգամից երեք գրառում էր կատարել վարչապետն այս թեմայով), մինչեւ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին չխնդրեց հաստատել: Վերջինս ամենայն լրջությամբ ասաց. «Այո, իսկապես մի քանի օր առաջ նման հանձնարարական ստացել ենք, կզեկուցենք Ձեզ»: Ինչպես ասում են՝ հասանք տեղ: Սա նույնիսկ մեկնաբանության ենթակա չէ, սա պարզապես, մեղմ ասած, անհասկանալի է, ինչպես անհասկանալի էին նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի բառապաշարն ու խոսելաոճը: Երբ հարց է բարձրացվում, թե ինչու է մեր հասարակության մեջ միմյանց նկատմամբ այսքան շատ չարությունը, ատելությունը, մաղձը, բավական է միայն նորից դիտել վարչապետի՝ այդ օրվա ելույթները: Դրանց մեջ, ցավոք, աննկարագրելի ատելություն կար բոլոր այն քաղաքացիների հանդեպ, որոնք «քայլողների» դասին չեն պատկանում, որոնք համարձակվում են իշխանության «թանին թթու» ասել, որոնք այնպես չեն մտածում, ինչպես իրենք: Այնինչ, միամտորեն մտածում էինք, որ երկրի ղեկավարը բոլորի ղեկավարն է՝ անկախ նրա հանդեպ վերաբերմունքից, որ անխտիր բոլորը պետք է լինեն նրա պաշտպանության ներքո»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ներսի եւ դրսի դաշնակցականների մասին, էլ ավելի է սրել հակասությունները այդ կուսակցության ներսում: Սփյուռքի դաշնակցական կառույցները ակնհայտորեն փորձում են տարանջատվել նախկին իշխանության հետ 20 տարի համագործակցած, այդ համագործակցության արդյունքում բիզնեսների ու միլիոնավոր դոլարների կարողություն ձեւավորած, արդյունքում հայ հասարակության կողմից մերժված հայաստանյան կառույցի ներկայացուցիչներից: Ավելին՝ Սփյուռքի դաշնակցական կառույցների ներկայացուցիչները հաճույքով հանդիպում են նոր իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկում նախագծեր, հայրենադարձությանը վերաբերող հարցեր: Նախարար Հարությունյանի դեմ պայքարն էլ համակարգում է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, սակայն նման գործելաոճը էլ ավելի է մեծացնելու հակասություններն ու ներկուսակցական բաժանումները, որի ականատեսը կլինենք ապագայում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը երեկ հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթին, որը հանրության մեջ արդեն իսկ ստացել է ՍԴ դատավորներին օրենքով «կաշառելու» նախաձեռնություն անունը: Փաթեթը համարվել է անհետաձգելի եւ կարճ ժամկետում կքննարկվի խորհրդարանում: Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները: «Փաստ» թերթի տեղեկություններով, խորհրդարանական քննարկումներին զուգահեռ՝ «երազանքի ՍԴ» ունենալու համար իշխանությունները նախատեսում են անհատական «աշխատանքներ տանել» ՍԴ անցանկալի դատավորների հետ, որպեսզի նրանք կամավոր գնան թոշակի: Եթե «բացատրելը» չստացվեց, կկիրառեն այն «գործիքները», որոնք կիրառվում են Հրայր Թովմասյանի նկատմամբ: Եթե դա էլ չօգնեց, ապա իշխանությունները եկող տարի կգնան ՍԴ-ն լուծարելու, այն է՝ Սահմանադրությամբ նոր Բարձր դատարան ամրագրելու ճանապարհով: Մեր տեղեկություններով, այս պահին ՍԴ դատավորների մեծ մասը վիրավորական է համարում այս նախագիծը եւ չի պատրաստվում թոշակի գնալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այն պահին, երբ ԱԺ-ում լրջագույն հարցեր են քննարկվում, ֆրակցիայի ղեկավարն ԱՄՆ-ում լուրջ «վոյաժների» մեջ է եւ անգամ գրություն չի թողել՝ կարեւոր օրինագծերին իր ձայնը տալու մասին։ Ձեզ համար ծանր չէ՞ պատասխանատվություն կրել 88 պատգամավորի քվեարկության, օրինագծի տապալման համար՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանին։ «Ոչ, դժվար չէ»: Ի՞նչ է կատարվում ֆրակցիայում. նախորդ օրը քաշքշոց էր, հաջորդ օրը Միրզոյանի օրինագիծը տապալվեց։ «Խմբակցությունում ո՛չ քաշքշոց է եղել, ո՛չ էլ այլ բան… Ինչ վերաբերում է օրենքի ուժով ԱԽ անդամ դառնալու օրենքի նախագծի քվեարկությանը, ապա շատ պարզ պատճառով այն չընդունվեց՝ չքվեարկածների մի մասը գործուղման մեջ էր, մնացածները փոքր-ինչ ուշացել էին»: Ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ նման տապալում կարող եք ունենալ նաեւ բյուջեի քվեարկության ժամանակ, մանավանդ որ ԲՀԿ-ն արդեն ասել է, որ դեմ է քվեարկելու։ «Ոչ, չի անհանգստացնում. մենք որեւէ բան չենք տապալել, ես, իհարկե, հասկանում եմ, որ լրագրողները ցանկանում են մի փոքր դրվագից շատ մեծ աղմուկ բարձրացնել, սակայն այդպես չէ»: Այնքան էլ փոքր դրվագ չէր, ստացվում է, որ մեծամասնություն չկա խորհրդարանում։ «Մեկնաբանության հարց է՝ որեւէ ֆիասկո չկա»: «Նախկինում» նման տապալում երբեք չի եղել՝ «նախկինները» շատ կազմակերպված էին նման հարցերում։ «Նախկինում Հայաստանն այլ տրամաբանության մեջ էր, հիմա օրինական տրամաբանության մեջ է»: Բայց կարծիք կա, որ ձեզ մոտ չեք կարողանում կազմակերպել թիմային աշխատանքը։ «Ամեն ինչ էլ կարողանում ենք, մենք ոչ մի խնդիր չունենք»: