ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեղինակած և կառավարության բացասական եզրակացությանն արժանացած «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է միասեռականների եւ սեռափոխների ամուսնության գրանցումը, թեժ քննարկման թեման դարձա ԱԺ-ում:
ԱԺ հերթական նիստում այսօր քննարկվեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեղինակած՝ «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը լիագումար նիստում քննարկելու հարցը: Այս օրինագիծն արգելում է միասեռականների եւ սեռափոխների ամուսնության գրանցումը: ԱԺ համապատասխան հանձնաժողովում այն բացասական եզրակացության էր արժանացել՝ պատճառաբանությամբ, որ գործող Սահմանադրությունը տալիս է այդ արգելքը, գրում է Առավոտը:
Գեւորգ Պետրոսյանը, սակայն, գտնում է, որ օրենքի տարընթերցման խնդիր կա: Նա այսօր հայտարարեց՝ Սահմանադրությունն ասում է, որ «կինը եւ տղամարդը» կարող են ամուսնանալ, բայց եզակի թվով տերմինի տակ կարող է նաեւ հոգնակի թիվ հասկացվել. «Վաղը մյուս օրը մի սեռափոխված անձ գա ու ուզի իր սերը գրանցե՞լ…Եթե իսկապես ուզում ենք արգելել, իրավական տարընկալումներով հարցը մի լուծեք: Ինձ ասում են՝ «ո՞նց ես ստուգելու, որ սեռափոխված է»…հիմա ես այստեղից ո՞նց ցույց տամ»:
Պատգամավորները ծիծաղեցին: Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց. «Եթե միասեռականների ամուսնության պարագայում հարցնում էիք, թե ոնց պետք է ստուգել, բա այստե՞ղ ինչը ստուգենք: Եթե նույնասեռական է, կատակը մի կողմ, բայց արժեքները պահենք»:
Պետրոսյանը հիշեցրեց. «Մենք ամենաավանդապաշտ ազգն եք, ինչո՞ւ ենք մոռանում այդ ամենը: Չեմ ասում՝ նրանց տանք սպանենք, բայց արգելենք երեխա որդեգրել: Այս նախագիծը ոչ ինձ, ոչ էլ այստեղ շատերին է սպառնում, բայց ազգային անվտանգության խնդիր կա: Ինձ կեղծ էջերից հայհոյում են, բայց միասին պետք է գործենք: Ես եւ ԲՀԿ-ն, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, դեմ ենք դրան: Չեմ ասում՝ դուք կողմ եք, բայց ի՞նչ է նշանակում, որ միասեռականները երեխա որդեգրեն: Նրանց ամուսնությունն արգելող օրինագծիս դեմ եղաք, գոնե որդեգրմանը կողմ քվեարկեք: Հիմա ով որ «դեմ» քվեարկի, կուզենա՞, որ իր ընտանիքում նման երեւույթ լինի»:
Այս արտահայտությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Ի՞նչ է նշանակում՝ դուք կուզենա՞ք…մի հատ էլ քֆուր տվեք քվեարկելուց առաջ: Ձեր ձեւն արդեն չափ ու սահման չունի: Այս հարցը պետք է կարգավորվի, մի հատ գտեք ինձ տվեք հա այն հոդվածը, որը ձայնից զրկելուն է վերաբերում»,-բղավեց Միրզոյանը:
70 պատգամավոր «դեմ» քվեարկեց, ուստի օրինագիծը չի քննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Համաձայն ԱԺ կանոնակարգ օրեքի 52 հոդվածի 3-րդ մասի պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական միջոցները.
1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.
2) խոսափողի անջատում.
3) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.
4) հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից.
5) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկում: