Պետդեպ. Բաքուն Վաշինգտոնի ռազմավարական գործընկերն է
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը հայտարարել է Վաշինգտոնի՝ Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության մասին:
Այս մասին Շերիլ Ֆերնանդեսը հայտարարել է Բաքվում Ադրբեջանի կոմունիկացիաների և տնտեսական բարեփոխումների վերլուծության կենտրոնի տնօրեն Վուսալ Գասըմլիի հետ հանդիպմանը:
«Ֆերնանդեսը հայտարարել է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է», - նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը դրական է գնահատում Ադրբեջանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, ընդգծել է մեծ հնարավորությունների առկայությունը մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման համար:
Վուսալ Գասըմլըն, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանում իրականացվող բարեփոխումների շնորհիվ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում ոչ նավթային հատվածում գրանցվել է 3,5% աճ: Ընդ որում, ավելի շատ աճ գրանցվել է զբոսաշրջության, ոչ նավթային արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում: