Բանակցությունների ձևաչափը փոխելու Երևանի փորձերը ակնհայտ սպառնալիք է. Բաքու
ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի քննարկման շրջանակներում հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ առաջընթաց չկա:
«Ինչպես հաստատել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, հրադադարը հիմնականում պահպանվում է, և կրակոցների թիվը զգալիորեն նվազել է: Նրանք նաև հաստատում են, որ առկա է բարենպաստ մթնոլորտ բանակցությունների տեղաշարժի վերաբերյալ արդյունավետ քննարկումներ անցկացնելու համար:
Սակայն, չնայած դրական մթնոլորտի ձևավորմանը, շփման գծի ողջ երկայնքով 2018 թվականից ի վեր հաստատված լռությունը չի հանգեցրել ղարաբաղյան կարգավորման մեջ դրական տեղաշարժի: Փաստ է հանդիսանում այն, որ այսօր մենք կարող ենք խոսել միայն հանդիպումների մասին, սակայն դա չի հանգեցնում այն էական հարցերի լիարժեք քննարկմանը, որոնք ի վիճակի են փոխել ներկայիս ստատուս-քվոն, ինչը համանախագահներն իրենք համարում են անկայուն և անընդունելի:
Չնայած հանդիպումների որոշակի ինտենսիվությանը, ազնվորեն բանակցելու Հայաստանի բաց քաղաքական ցանկության բացակայությունը շարունակում է խոչընդոտել գործընթացի առաջընթացին: Այս համատեքստում հիասթափեցնող էր Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը:
Մենք համարում ենք, որ վստահության ամրապնդման որոշ միջոցառումներ կարող են իրականացվել: Սակայն, սա չի կարող այլընտրանք լինել բանակցային գործընթացում: Ժողովրդին խաղաղության նախապատրաստման հետ կապված այս փոքր քայլերը չեն կարող առաջադրվել որպես սուբստանտիվ բանակցությունների անցկացման համար նախապայման: Անցած տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել անպատասխանատու հայտարարությունների և Հայաստանի ղեկավարության կողմից խաղաղ գործընթացը խաթարելու փորձերի:
Այսպիսով, բանակցությունների ձևաչափը փոխելու Երևանի փորձերը հանդիսանում են ակնհայտ սպառնալիք խաղաղ գործընթացի համար», - ընդգծվում է հայտարարության մեջ: