ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման ու քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը:
« Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատմական քվեարկություն է կատարելու՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ամերիկան պետք է դեմ արտահայտվի մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, հատկապես, որ Թուրքիան սպառնում է Հյուսիսային Սիրիայում նոր էթնիկ բնաջնջման արշավով»,- նշել է նա:
Իր հերթին, Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, որ բանաձևի աջակիցների թիվն ավելանում է:
«Ամերիկայի հայկական համագումարը բարձր է գնահատում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները ջանքերը և ողջունում է H.Res.296 բանաձևը Ներկայացուցիչների պալատ բերելու որոշումը: Այս երկկուսակցական բանաձևը հաստատում է Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի աննախադեպ մարդասիրական աջակցությունն՝ ուղղված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածներին»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Արմենպրեսը հիշեցնում է, որ ավելի վաղ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Գուս Բիլիրակիսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: Նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով:
«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կուղարկվի քվեարկության: Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 1915-1923 թվականներին և, որի հետևանքով սպանվել է 1.5 միլիոն հայ, ինչպես նաև այլ էթնիկ խմբեր, ազգի ներկայացուցիչներ, ռեալ ժամանակում արձանագրվել է ամերիկացի դիվանագետների կողմից»,-հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները:
Ամերիկյան լրատվամիջոցները, անդրադարձ կատարելով այս թեմային, հավանական են համարում, որ հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կվավերացնեն բանաձևը: