Դուք «Սիլիկոնյան հովիտ» եք տարածաշրջանում և մեծ հեռանկար ունեք. Իվոն Չու
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն 7-րդ անգամ է Հայաստանում, և շատ է սիրել մարդկանց, մշակույթն ու երկիրը:
Այս մասին Չուն ասաց հոկտեմբերի 7-ին Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մի քանի տարի առաջ ես նույնիսկ չգիտեի Հայաստանի գոյության մասին, իսկ հիմա այնքան շատ երկրներ գիտեն Հայաստանի մասին, ես մեծապես հպարտ եմ սրանով, և ուրախ եմ, որ WCIT-2019-ը տեղի է ունենում Հայաստանում»,- ասաց նա:
Չուն նշեց, որ շատ մարդկանց է պատմել Հայաստանի մասին և շատերն են ցանկություն հայտնել գալ այստեղ:
«21 երկրում եմ եղել, պատմել եմ բոլորին Հայաստանի մասին: Չեմ կարծում, որ որևէ մեկը պետք է մտածի, որ երկիրը փոքր է, դուք պետք է հպարտանաք, որովհետև, երբ պատմում եմ ՀՀ-ի մասին, շատերն են ցանկանում այցելել Հայաստան: Դուք «Սիլիկոնյան հովիտ» եք տարածաշրջանում և մեծ հեռանկար ունեք: Ձեր ժողովուրդն ունի երիտասարդ տաղանդ, և ասում եմ, որ սիրում եմ Հայաստանը»,- նշեց նա: