Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
«Մեր երկրների միջև հարաբերությունները լավ են եղել և մինչ այսօր էլ շարունակում են մնալ, և մեր դիրքորոշումն այն է, որ Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, որովհետև մենք անմիջական հարևաններ ենք և ունենք շատ ընդհանուր շահեր, և մենք դեռ շատ երկար դարեր և հազարամյակներ պետք է համագործակցենք», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:
«Մենք պատրաստ ենք Ձեր կառավարության հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Միաժամանակ, պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ», - հայտարարել է Իրանի նախագահը:
Ռոհանիի խոսքով` իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` Հայաստանում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում:
Հայ-իրանական հարաբերություններն իրոք պետք է զերծ մնան երրորդ երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ազդեցությունից, քանի որ Իրանը ՀՀ-ի բարեկամ երկիրն է, այնտեղ առկա է հայկական համայնք, մեծ է Թեհրանի ազդեցությունը Մեծ Մերձավոր Արևելքում, որտեղ նույնպես առկա են հայկական համայնքներ: Բացի այդ, Իրանի հետ սերտ կապերը թույլ են տալիս ՀՀ-ին դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությանը Հարավային Կովկասում:
Փաշինյանը կարևոր մեսիջ հղեց Իրանին, որ ՀՀ-ն չի դառնալու երրորդ երկրների պլացդարմը կամ շահերի սպասարկողն ընդդեմ Իրանի կամ հակաիրանական պլացդարմի չի վերածվելու Արևմուտքի համար: Հայ-իրանական դաշնակցային կապերը պետք է զերծ մնան գեոպոլիտիկ կոնյուկտուրայից:
Ինչ վերաբերվում է Ռոհանիի հայտարարությանը, ապա այն ցուցիչ է այն բանի, որ Թեհրանը ցանկանում է ակտիվացնել ՀՀ-ի հետ տնտեսական կապերն ու զգում է, որ այստեղ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Պարսից ծոց-Սև ծով միջանցքը, որն Իրանին թույլ կտա դուրս գալ սևծովյան նավահանգիստներ, պետք է անցնի ՀՀ-ով, ինչը կընդլայնի հայ-իրանական տնտեսական կապերը՝ ՀՀ-ն կդառնա կարևոր տրանսպորտային հանգույց, ինչպես նաև կակտիվացնի տնտեսական կյանքն Իրանի սահմանամերձ ՀՀ-ի մարզերում, մասնավորապես Սյունիքում:
Ռոհանիի մեսիջները թույլ են տալիս ենթադրել, որ իրանական կապիտալը ցանկանում է ավելի մեծ չափով ներկա լինել հայկական տնտեսության բազմաթիվ ոլորտներում, առաջնայինը սակայն ենթակառուցվածքներն են և էներգետիկան:
Հայ-իրանական կապերի ընդլայնումը, այդ թվում ԵԱՏՄ-ի հարթակն օգտագործելով, պետք է մնա հայկական դիվանագիտության առանցքային հարցերից մեկը, քանի որ Իրանը խորացնում է էներգետիկ-տրանսպորտային կապերն Ադրբեջանի հետ և Երևանն իրավունք չունի հետ մնալ Բաքվից՝Թեհրանի հետ կապերը խորացնելու առումով: