25.11.2024
Փաշինյանը ղարաբաղյան հարցում «գնդակը» տեղափոխում է Բաքվի կիսադաշտ
prev Նախորդ նորություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են Ավստրալիայի խորհրդարանականներին

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին և Հյու Մաք-Դերմոթին, ովքեր Արցախում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ: Այդ մասին սեպտեմբերի 26-ին փոխանցում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։


ԱԺ նախագահը երախտիքի խոսք է հայտնել հյուրերին՝ Ավստրալիայի և Արցախի կապերի ինստիտուցիոնալացմանն ուղղված գործունեության և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին՝ հետևողական և արդյունավետ աշխատանքի համար: Աշոտ Ղուլյանը, խոսելով Ավստրալիայի և Արցախի համագործակցության հեռանկարների մասին, անդրադարձել է սեպտեմբերի 24-ին «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի ստեղծմանը:


«Սա այն մեծ գործի շարունակությունն է, որ դուք սկսել եք օգոստոսի 1-ին՝ ձևավորելով «Արցախի Ավստրալիացի բարեկամներ» խումբը»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը խոսել է հայ-ավսրալիական վաղեմի բարեկամության մասին հատկապես հայոց ցեղասպանության տարիներին: Խորհրդարանականը կարևորել է ավստրալահայերի դերակատարությունը՝ այն համարելով մարդկային կամուրջ՝ երկու երկրների միջև:


Հյու Մաք-Դերմոթը ևս իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս աջակցելու Արցախին:


«Ժողովրդավարական այս երկիրը պետք է ապրի, և աշխարհը պետք է ճանաչի այն»,-նշել է խորհրդարանականը:Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը հյուրերին է հանձնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ջոն Ալեքսանդրին շնորհված «Վաչագան Բարեպաշտ» և Հյու Մաք-Դերմոթին շնորհված «Երախտագիտություն» պետական պարգևները:


Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր, «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նախագահ Դավիթ Իշխանյանը:


Ավստրալիայի խորհրդարանականներն այնուհետև հանդիպել են «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամներին:


Ողջունելով հյուրերին՝ շրջանակի նախագահ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել այս տարիներին խորհրդարանականների կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ այսուհետ ևս կքայլեն միասին՝ կիսելով համատեղ հաջողությունները:


Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության ուղղությունների ամրագրումը և պարբերական շփումների անհրաժեշտությունը: