26.11.2024
Արցախի ՀՕՊ-ի ոչնչացրած «ORBITER-2» տիպի ԱԹՍ-ն արժե շուրջ 1 միլիոն դոլար. ՊՆ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ղարաբաղյան հարցում «գնդակը» տեղափոխում է Բաքվի կիսադաշտ

«Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում բանակցել ԼՂ ժողովրդի հետ, նրանք ցանկանում են տարածքներն՝ առանց ժողովրդի: Ադրբեջանի իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիևին կոչ եմ անում ընդունել բանաձև, որը կստեղծի պայմաններ՝ խաղաղ գործընթացում առաջընթացի համար: ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է համատեղ աշխատենք այս բանաձևն իրականության դարձնելու համար»: Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանը կարգավորման նոր բանաձև է ցանկանում առաջ բերել՝ լուծում, որն ընդունելի կլինի Արցախի, ՀՀ-ի և Ադրբեջանի համար: Սակայն ինչ ընդունելի կլինի Արցախի և ՀՀ-ի համար՝ Արցախի անկախություն կամ միավորում Հայաստանի հետ, 180 աստիճանով հակասում է Բաքվի դիրքորոշմանը, որը հայտարարում է ոչ միայն այսօրվա Արցախը իր 12.000 քկմ տարածքով հետ բերելու մասին, այլ նաև Երևանն ու Սյունիքն է ներկայացնում ադրբեջանական «պատմական տարածքներ»:


Փաշինյանի առաջ քաշած փոխզիջումային տարբերակը տորպեդահարվելու է Բաքվի և անձամբ Իլհամ Ալիևի կողմից: Նա տարիներ շարունակ վարել է Արցախի հարցում ոչ մի զիջում բանաձևով արտաքին քաղաքականություն և այս պարագայում գնալ զիջումների հայկական կողմին նրա համար կլինի քաղաքական ինքնասպանություն: Փաշինյանն այս կերպ դիվանագիտական առումով միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ հայկական կողմը կոնստրուկտիվ է և պատրաստ է գնալ որոշակի զիջումների հարցը կարգավորելու համար, իսկ Բաքուն անզիջում է և փաստացի տորպեդահարում է թե՛ գործընթացը, թե՛ Մինսկի խմբի ջանքերը:


Ադրբեջանը տարիներ շարունակ թե՛ իր հասարակությունը, թե՛ բանակը պատրաստել է պատերազմի և Արցախն ուժով հետ բերելուն:


Նրանք իրենց ապագա սերունդներին պատրաստում են հայերի նոր ջարդերի՝ մանկապարտեզներում, դպրոցներում, փողոցներում ու ամենուր տարվում է հայերից արտաքին թշնամու կերպար ձևավորելու հստակ ազգային-պետական քաղաքականություն: Ալիևն ունի մաքսիմալիստական դիրքորոշում ղարաբաղյան հարցում: Ադրբեջանը ցանկանում է ամեն ինչ, անգամ Արցախն առանց հայերի, ու հավակնություններ ունի ՀՀ-ի մայրաքաղաք Երևանի նկատմամբ:


Ինչ վերաբերվում է Բաքվի համար ընդունելի բանաձևին, ապա տարիներ շարունակ բանակցվում են հայկական կողմի համար անընդունելի մադրիդյան սկզբունքները՝ տարածքների վերադարձ Ադրբեջանին, ադրբեջանցի փախստականների վերադարձ, ինչը փոխելու է թե՛ Արցախի դեմոգրաֆիական դեմքը, թե՛ զրոյացնելու է Արցախի ռազմական հնարավորությունները. մադրիդյան սկզբունքները տանելու են Արցախի հայաթափման:


Անգամ մադրիդյան սկզբունքների պարագայում Բաքուն առաջնահերթ է համարում 7 շրջանների և ադրբեջանցի փախստականների վերադարձ, իսկ նախկին ԼՂԻՄ սահմաններում Արցախին խոստանում է լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում:


Բաքվի համար երբեք ընդունելի չեն լինելու կարգավորման այն տարբերակաները, որոնք ընդունելի կլինեն Երևանին ու Ստեփանակերտին, իսկ դա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի քաղաքական և  ունի միայն ռազմական լուծում:


Մադրիդյան սկզբունքները ձեռնտու չեն ՀՀ-ին ու Արցախին և Փաշինյանն ամեն կերպ փորձում է խույս տալ այդ սկզբունքների հիման վրա հարցի կարգավորումից, որպեսզի պահպանի այսօրվա ստատուս-քվոն թե՛ սահմանների առումով, թ՛ե ներքաղաքական դաշտում: Արցախյան հարցում միակողմանի զիջումները տապալելու են թե՛ Ալիևին, թե՛ ցանկացած ղեկավարի Երևանում:


Նոր պատերազմն Արցախում ստեղծելու է քաղաքական և ռազմական նոր ստատուս-քվո, ինչն էլ թելադրելու է ապագա կարգավորման վերջնական ալգորիթմ: