26.11.2024
Դատախազությունը հաստատել է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը. գործը դատարանում է
prev Նախորդ նորություն

Արցախի ՀՕՊ-ի ոչնչացրած «ORBITER-2» տիպի ԱԹՍ-ն արժե շուրջ 1 միլիոն դոլար. ՊՆ

Սեպտեմբերի 25-ին Արցախի Զինված ուժերի խոցած իսրայելական արտադրության եւ Ադրբեջանի բանակին պատկանող «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքն արժե գրեթե 1 միլիոն դոլար: Նման կարծիք VERELQ-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Սեպտեմբերի 25-ին Արցախի ՊՆ-ն տեղեկացրեց, որ ժամը 10:15-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք:


Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, խոսքը բավականին լուրջ զինատեսակի մասին է, քանի որ այս տիպի անօդաչու թռչող սարքերը բարձրանում են մինչեւ 5-6 կիլոմետր: Նա ենթադրում է, որ Արցախում ու ՀՀ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությանը հետեւելու ու տեղում հետախուզություն իրականացնելու նպատակով էր ԱԹՍ-ն ուղարկել: «Ենթադրում եմ՝ այո՛, հետախուզություն են իրականացնում», - ասաց նա:


Արդեն երկու օր է՝ ՀՀ տարածքում «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով անցկացվում է լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Զորավարժությունը կտեւի մինչեւ հոկտեմբերի 5-ը:


Զորավարժության նպատակներն են զինված ուժերի ծավալման եւ մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի եւ միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին եւ զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների եւ ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը եւ ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:


Նշենք, որ «ORBITER-2»-ն իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք է: Ինչպես հայտնում է «ՌազմԻնֆո»-ն, ունի էլեկտրական շարժիչ, նախատեսված է հետախուզության եւ մարտավարական որոնողական աշխատանքների համար։


Երկարությունը 1մ է, բարձրությունը՝ 0.2մ, թեւերի բացվածքը՝ 3մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 9.5կգ, առավելագույն օգտակար բեռնվածությունը՝ 1.5կգ, արագությունը՝ 55-130կմ/ժ, թռիչքի տեւողությունը՝ 4 ժամ, հեռավորությունը՝ մինչեւ 80կմ, թռիչքի առաստաղը՝ 5486մ, արձակվում է կատապուլտի օգնությամբ, վայրէջք է կատարում պարաշյուտով կամ օդային բարձիկով։


Հատկանշական է, որ իսրայելական ԱԹՍ-ը խոցվեց Հայաստանի եւ Լիբանանի պաշտպանության նախարարների հանդիպումից օրեր անց: Երեւանում Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբն Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանն ու Լիբանանը պայմանավորվել են համագործակցել ԱԹՍ-ների դեմ պայքարում: Խոսքը մասնավորապես իսրայելական արտադրության ԱԹՍ-ների դեմ պայքարի մասին է:


Նրա խոսքով՝ Լիբանանի մարտահրավերները հարավային սահմանում են: «Մենք փաստացի պատերազմում ենք Իսրայելի հետ, չնայած ներկայումս չկան ակտիվ ռազմական գործողություններ: Իսրայելը գրավել է Լիբանանի տարածքի մի մասը»,- ասել էր նախարարը:


Լիբանանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանն ու Լիբանանը նման մարտահրավերներ ունեն: «Հայաստանի սահմանները պարբերաբար խախտվում են կամ սպառնում են խախտել անօդաչու թռչող սարքերը»,- ասաց Աբու Սաաբը: «Այս ուղղությամբ մենք կիսում ենք հետախուզական տեղեկատվությունը և փորձը. պաշտպանել մեր երկրները նման կամ այլ հարձակումներից»,- հավելել էր նա:


Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը գնում է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործվել են 2016-ի ապրիլին Արցախում քառօրյա պատերազմի ընթացքում:


2017-ին սկանդալ էր բռնկվել Բաքվում իսրայելական ինքնաթիռների օգտագործման շուրջ: