Հայաստանն ու Լիբանանը պայմանավորվել են համագործակցել ռազմատեխնիկական, հետախուզական ոլորտներում՝ փորձի փոխանակում, համատեղ վարժանքներ, հետախուզական տեղեկատվության փոխանակում եւ այլն: Այս մասին Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբնի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարի խոսքով՝ հայ-լիբանանյան համագործակցությունն ամուր իրավական հիմքեր ունի, իսկ 2018 թվականին նոյեմբերին` Դավիթ Տոնոյանի Լիբանան կատարած այցի ընթացքում, ստորագրվել է ՀՀ-ի և Լիբանանի հանրապետության միջևհամագործակցության մասին համաձայնագիրը, որն արդեն վավերացվել է Ազգային ժողովի կողմից , իսկ մոտ օրերս այն կստորագրի նաև հանրապետության նախագահը:
«Այն 2001 թվականից գործող համաձայնագրի արդիական տարբերակն է, որն ընդգրկելու է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն շրջանակ»,- ասաց Տոնոյանը:
Իր հերթին Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Աբու Սաաբը հայտնեց, որ Երևանը և Բեյրութը համագործակցում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարում: Նրա խոսքով, Լիբանանի մարտահրավերները հարավային սահմանում են:
«Մենք, փաստացի, պատերազմում ենք Իսրայելի հետ, չնայած ներկայումս չկան ակտիվ ռազմական գործողություններ: Իսրայելը գրավել է Լիբանանի տարածքի մի մասը», - ասաց նախարարը:
Լիբանանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանն ու Լիբանանը նման մարտահրավերներ ունեն:
«Հայաստանի սահմանները պարբերաբար խախտվում են կամ սպառնում են խախտել անօդաչու թռչող սարքերը», - ասաց Աբու Սաաբը: «Այս ուղղությամբ մենք կիսում ենք հետախուզական տեղեկատվությունը և փորձը` պաշտպանել մեր երկրները նման կամ այլ հարձակումներից»,- հավելեց նա:
Հիշեցնենք, Ադրբեջանը գնում է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործվել են 2016-ի ապրիլին Արցախում քառօրյա պատերազմի ընթացքում:
2017-ին սկանդալ էր բռնկվել Բաքվում իսրայելական ինքնաթիռների օգտագործման շուրջ:
Հիշեցնենք, նախօրեին Հայաստանի կառավարությունը իր նիստում որոշում կայացրեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն բացել (նստավայրը՝ Թել Ավիվ):
Հիմնավորման մեջ նշվում է, որ հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով, կարեւորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ) Թել Ավիվում ՀՀ դեսպանություն ստեղծելը: