Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարք:
Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն:
Սա իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք է: Այն, ինչպես հայտնում է ՌազմԻնֆո-ն ունի էլեկտրական շարժիչ, նախատեսված է հետախուզության և մարտավարական որոնողական աշխատանքների համար։
Երկարությունը 1 մ է, բարձրությունը՝ 0.2 մ, թևերի բացվածքը՝ 3 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 9.5 կգ, առավելագույն օգտակար բեռնվածությունը՝ 1.5 կգ, արագությունը՝ 55-130 կմ/ժ, թռիչքի տևողությունը՝ 4 ժամ, հեռավորությունը՝ մինչև 80 կմ, թռիչքի առաստաղը՝ 5486 մ, արձակվում է կատապուլտի օգնությամբ, վայրէջք է կատարում պարաշյուտով կամ օդային բարձիկով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն ու Լիբանանը պայմանավորվել են համագործակցել ԱԹՍ-ների դեմ պայքարում: Այս մասին հայտնի դարձավ Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբնի վերջերես Երեւան կայացաշծ այցից ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո:
Տոնոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Աբու Սաաբը հայտնեց, որ Երևանը և Բեյրութը համագործակցում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարում: Նրա խոսքով, Լիբանանի մարտահրավերները հարավային սահմանում են:
«Մենք, փաստացի, պատերազմում ենք Իսրայելի հետ, չնայած ներկայումս չկան ակտիվ ռազմական գործողություններ: Իսրայելը գրավել է Լիբանանի տարածքի մի մասը», - ասաց նախարարը:
Լիբանանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանն ու Լիբանանը նման մարտահրավերներ ունեն:
«Հայաստանի սահմանները պարբերաբար խախտվում են կամ սպառնում են խախտել անօդաչու թռչող սարքերը», - ասաց Աբու Սաաբը: «Այս ուղղությամբ մենք կիսում ենք հետախուզական տեղեկատվությունը և փորձը` պաշտպանել մեր երկրները նման կամ այլ հարձակումներից»,- հավելեց նա:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը գնում է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործվել են 2016-ի ապրիլին Արցախում քառօրյա պատերազմի ընթացքում:
2017-ին սկանդալ էր բռնկվել Բաքվում իսրայելական ինքնաթիռների օգտագործման շուրջ:
Հիշեցնենք, օրեր առաջ Հայաստանի կառավարությունը իր նիստում որոշում կայացրեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն բացել (նստավայրը՝ Թել Ավիվ):
Հիմնավորման մեջ նշվում է, որ հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով, կարեւորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ) Թել Ավիվում ՀՀ դեսպանություն ստեղծելը: