Իրավիճակը լարված է. «Սանիթեք»-ի աշխատակիցները վերջնաժամկետ են տվել քաղաքապետարանին
Երեւանի քաղաքապետարանի մոտ իրավիճակը լարված է: Այստեղ կրկին բողոքի ցույց են անցկացնում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները եւ պահանջում են իրենց աշխատավարձը:
Նրանց շահերի պաշտպան ներկայացող, Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը հայտարարում է, որ քաղաքապետարանին վերջնաժամկետ են տալիս մինչեւ ժամը 16:00-ն: Հակառակ դեպքում պատրաստվում են նստացույց անել ու փողոց փակել:
Նրանց հետ խոսելու դուրս եկան քաղաքապետարանի պաշտոնյաներ ու ավագանու անդամներ: Առաջարկեցին խնդրի լուծման իրենց տարբերակը: Այն է՝ համայնքը պատրաստ է վճարել աշխատավարձերը, բայց դրա համար անհրաժեշտ է, որ «Սանիթեքը» քաղաքապետարանին տրամադրի համապատասխան հաշվապահական փաստաթղթերը, որպեսզի պարզ դառնա, թե յուրաքանչյուր աշխատակցի հաշվին որքան գումար է պետք փոխանցել:
Ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ նախորդ շաբաթ խոստացել էին փնտրել իրավական այն հիմքը, որը թույլ կտար վճարել այդ գումարը: Այժմ այդ հիմքը գտել են:
Հավաքվածները պահանջում էին, որ ընդհանուր գումարը՝ 132 միլիոն դրամ, փոխանցվի «Սանիթեքին», որից էլ իրենք աշխատավարձ կստանան:
Սոնա Աղեկյանը, անդրադառնալով քաղաքապետարանի եւ ավագանու ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե վստահ չեն, որ ընկերությունը կվճարի աշխատավարձերը, բացի այդ էլ «Սանիթեքի» հաշիվների վրա արգելանք է դրված, նշեց, որ աշխատակիցների հաշիվների վրա եւս արգելանքներ կան, եւ գումարը հաշվեհամարին փոխանցվելու դեպքում նրանք դա չեն կարողանա ստանալ: Ասել է թե «Սանիթեքն» աշխատակիցների աշխատավարձերը պետք է վճարի կանխիկ:
Կողմերի միջեւ խնդիրը ծագել է դեռ ամիսներ առաջ, երբ քաղաքապետարանը դժգոհում էր «Սանիթեքի» աշխատանքից ու պարբերաբար տուգանում: Վերջին անգամ եւս նախատեսվածից փոքր գումար է փոխանցվել, եւ ընկերության աշխատակիցներին չի վճարվել օգոստոսի աշխատավարձը: