25.11.2024
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են Ավստրալիայի խորհրդարանականներին
prev Նախորդ նորություն

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց պետությանը. նիստ

ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկի նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։


Հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ հյուրանոցի շուկայական արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար ՀՀ դրամ է, շենք-շինությունների տարածքը՝ 19 758 քմ, հողատարածքը` 1.38 հեկտար։


«Հյուրանոցը պետությանն է փոխանցվում շենք շինությունների ներսում առկա ամբողջ գույքով, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 312 889 000 դրամ»,- ասաց Պապիկյանը:


Նախարարի խոսքով՝ գույքը պետք է հատկացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այն պետության կարիքների համար շահագործելու նպատակով: Նախագծով նախատեսվում է գույքի հանձման եւ ընդունման աշխատանքների ավարտից հետո գույքի պահպանության աշխատանքների կազմակերպումը վերապահել ՀՀ ոստիկանությանը մինչեւ ՀՀ կառավարության կողմից գույքի հետագա տնօրինման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը:


Հիշեցնենք, որ ըստ 2018 թվականի հոկտեմբերին ԱԱԾ Քննչական վարչության տարածած հաղորդագրության՝ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկի նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Ավետիսյանը ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը: