Բաքուն թեժացնում է առաջնագիծը. Հասանովի մեսիջը Փաշինյանի պոպուլիզմին
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել»,-նշել է նա:
Ադրբեջանն օգտագործում է ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականն ու փոխադարձ մեղադրանքներն ու ՀՀ-Արցախ սրված հարաբերությունները, այդ թվում մարտի 1-ի հետ կապված, որպեսզի իրականացնի իր ռազմական նպատակներն առաջնագծում:
Բաքվում տեսնում են, թե Փաշինյանի թիմում ինչ սուր պայքար է ընթանում և կան տարբեր խմբավորումներ և շահեր, իսկ ԱԱԾ տնօրենի ու Փաշինյանի հակամարտությունն արդեն իսկ հայտնվել են ԶԼՄ-ներում՝ փոխադարձ մեղադրանքների տեսքով: Այս պարագայում Ադրբեջանը չէր կարող չակտիվանալ Ղարաբաղում ու չփորձել դիվիդենտներ քաղաքել այս իրավիճակից:
Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովն օրերս հայտարարել էր, որ շատ շուտով ադրբեջանական բանակը կպատասխանի Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, սակայն ռազմի դաշտում: Սա փաստորեն Հասանովի մեսիջն էր թե՛ Փաշինյանին, թե՛ հայ ժողովրդին՝ եթե Արցախ-ՀՀ հարաբերություններում շարունակվի այսպիսի պառակտման գործընթաց, ինչպիսին հիմա առկա է, ապա Բաքուն ակտիվանալու է առաջնագծում:
Փաշինյանը պետք է դադարեցնի ներքաղաքական պայքարում գնալ ամեն գնով իր իշխանությունը պահելու գծով և որոշակի կոնսենսուսների պետք է հասնի նախկին իշխանությունների հետ, իսկ ամենակարևորը Ստեփանակերտի հետ և չփորձի թավշյա հեղափոխությունն արտահանել Արցախկ, քանի որ դրանից օգտվելու է միայն Ադրբեջանը ապրիլյան քառօրյայի պես փոխելով առաջնագծի կոնֆիգուրացիան հօգուտ իրեն: