VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության նիստին մասնակցածները չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները: Նիկոլ Փաշինյանը եղել է բավականին նյարդային, հասկացրել է, որ կադրային հարցերն իրենց հետ չի պատրաստվում քննարկել, սակայն ասել է, որ Վիլեն Գաբրիելյանը ոստիկանապետ չի նշանակվելու. «Շատ հարցերի կանդրադառնանք ԱՄՆ այցից հետո։ Ասաց՝ գլխավոր հարցը Հրայր Թովմասյանն է, զեկուցեցին, որ հոկտեմբերի 1-ին նրա պաշտոնանկության օրինագիծն ԱԺ-ն կընդունի, եւ փակ քվեարկությամբ Հրայրը պաշտոնանկ կարվի: Կրկին ասաց՝ բոլոր կոռումպացվածները նստելու են։ Անուղղակի շեշտադրումներ արեց նորերի թանկարժեք ժամացույցներին, բիզնեսներին։ Ակնհայտորեն չէր մարսել Դավիթ Տոնոյանի հայտարարությունը` հրաժարականի դիմում չգրելու մասով, ինչպես նաեւ Վանեցյանի հայտարարությունը, որ ինքն է դիմում գրել եւ ոչ թե իրեն «հնարավորություն» են տվել գնալու»: Իմքայլականի փոխանցմամբ` «պրիցելի» տակ են մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ Ծառուկյանը. «Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում սկսելու սխեմա վաղուց կա, կանխել են մտերիմները՝ Սասուն Միքայելյանը, Խաչատուր Սուքիասյանը։ Բայց գործ է հարուցվել «Մուլտի կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի դեմ։ Իմաստը՝ կանխել ԱԺ-ում սպասվող վերադասավորությունները։ Հունվարի 14-ին լրանում է վարչապետի պաշտոնավարման 1 տարին, նրան անվստահություն հայտնելու եւ նոր վարչապետ առաջադրելու թեմա կարող է ծագել, Ծառուկյանն ամենահարմար թեկնածուն է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ պաշտոնանկությունը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից դիտարկվում էր որպես հաջորդ վարչապետի ամենացանկալի թեկնածու, շատերը հույս ունեին, որ հենց նա է իրականացնելու ներիշխանական հեղաշրջում, որի պարագայում նախորդ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կլիներ ավելի լոյալ: Մինչեւ պաշտոնանկությունը Վանեցյանը որոշակի շփումներ էր պահպանում այդ շրջանակների հետ, իսկ հիմա համարում է, որ այդ շփումները դարձան իր կործանման պատճառը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետը ներկայացրեց ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին․ ԱԱԾ-ում՝ Էդուարդ Մարտիրոսյան, ոստիկանությունում՝ Արման Սարգսյան։ Հիշեցնենք, որ նախ աշխատանքից ազատվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը մոտ 10 օր առաջ դիմում էր գրել, ապա նաեւ՝ Վալերի Օսիպյանը, որը նույն օրը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։ Ի դեպ, մեր տեղեկություններով, իր նշանակման մասին Օսիպյանը տեղեկացել է մամուլից»:
«Իրատես» թերթը գրում է. «Այսօր քաղաքականությունը սկսել է զբաղվել ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանով։ Պաշտոնանկությունից հետո ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Վանեցյանի շուրջը։ Մեր տեղեկություններով, այս օրերին հետաքրքիր շարժեր կան հատկապես այն շրջանակներում, որոնք ցանկանում են իշխանության հակադիր բեւեռ ստեղծել առանց նախկին իշխանությունների եւ նրանց մերձավորների մասնակցության։ Վանեցյանն էլ կարծես սեփական հավակնություններ ունի եւ մտադիր է օր առաջ իր շուրջը համախմբել նախկին ու ներկա իշխանություններից դժգոհ քաղաքական ուժերին, անհատներին։ Ի դեպ, նրան ընդդիմության առանցք է տեսնում նաեւ իշխանության որոշակի հատված, որը հարմար պահին շատ արագ դաշտը կփոխի։ Նույն տեղեկություններով, այս օրերին վանեցյանական թեւի ներկայացուցիչները որոշ անհատների հետ բանակցությունների մեջ են՝ փորձելով հնարավորինս արագ համախմբումը գլուխ բերել»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկություններից հետո շրջանառվում էին հավանական ու անհավանական անուններ՝ որպես այդ պաշտոնների հավակնորդներ: Երեկ նշյալ կառույցների ղեկավարներ նշանակվեցին տեղակալները, ավելի ստույգ՝ նշանակվեցին պաշտոնակատարներ: Երեկ մենք արդեն նշել էինք, թե «չի բացառվում, որ առայժմ բավարարվեն պաշտոնակատարներով (թե՛ բառիս բուն, թե՛ փոխաբերական իմաստով), մինչեւ օրենքի ընդունումը»: Այդպես էլ եղավ: «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետը նշանակում չի արել՝ սպասելով, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունի օրենքի նախագիծը, որով ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական։ Առաջարկված փոփոխության համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Այսպիսով, հնարավորություն կընձեռվի այդ պաշտոններում նշանակել այնպիսի մեկին, որը համակարգերից չէ եւ ամբողջապես «յուրային» է թե՛ անձնապես, թե՛ քաղաքականապես»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Լուսավոր Հայաստանի» եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ պայմանավորվածություն կա «պասերով» խաղալու։ Էդմոնի բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են` Արման Բաբաջանյանին «հրաժեշտ» տալու, մանդատը հետ վերցնելուց մինչեւ ուժային կառույցների ղեկավարների մասին օրինագիծ: Ինքն ու իր «լումինատոր» (լուսավորիչ) կոչվող թիմը ձեւավորում են կեղծ` մի քանի գլխանի ընդդիմադիր հիդրա` հօգուտ եւ ի շահ Նիկոլ Փաշինյանի։ Հարցը մնում է բաց` ինչպես է հաջողացնում ԱՄՆ-ի դեսպանատան «հաճախորդ» կիրովականցի Էդմոնը եւ՛ նախորդ իշխանությանը «այցելել», եւ՛ նոր իշխանությանը, վերջերս էլ՝ Գագիկ Ծառուկյանին, որ, բան է, եթե պառլամենտական վերադասավորություններով քաղաքական թնջուկը լուծվի, Ծառուկյանը՝ վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ դառնա»:
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ամենից շատ օգտվեց ՀԱԿ-ը։ Քաղաքական թատերաբեմից հեռացած այս ուժը վերակենդանացավ ու Փաշինյանի իշխանությունում թելադրողի դեր ստանձնեց։ Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ը փորձում է կրկին խաղի մեջ մտնել ու, կանխազգալով առաջիկա զարգացումները, ակտիվ նախապատրաստությունների մեջ է։ Ավելին, շուտով այս քաղաքական ուժը սպասարկող լրատվամիջոցները եւս ակտիվանալու են, քաղաքական պայքարում նրանց համար սա ամենակարեւոր գործիքն է։ Օրերս տեղի ունեցած ՀԱԿ-ի փակ նիստը եւս վկայում է, որ քաղաքական նոր օրակարգի մեկնարկը տրված է։ Նույն տեղեկություններով, նրանք գուցե երբեմն հակադրվեն Փաշինյանին, սակայն իրականում կաջակցեն միմյանց։ Բացի այդ, ՀԱԿ-ն առանձին չի կարող ծանրակշիռ ներկայություն ունենալ քաղաքական դաշտում։ Մնում է, որ հոգեզավակն իր հետ քաղաքական վերջնական ոչնչացման չտանի հոգեւոր հորը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Բաց հասարակությունների հիմնադրամ ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ ցասման ալիք է առաջացրել քաղհասարակության ներկայացուցիչների շրջանում։ ԵՄ դեսպանի հետ քաղհասարակության այս մի հատվածի ղեկավար Լարիսա Մինասյանը փորձ է անում Հայաստանի քաղհասարակության առաջամարտիկի դեր ստանձնել, բայց հաշվի առնելով վերջին շրջանի բավական խնդրահարույց իրողությունները՝ պետք է, հավանաբար, արձանագրել, որ հանդիպման կազմակերպիչները դեսպանին ուղղակի ապակողմնորոշել են եւ գցել անհարմար վիճակի մեջ։ Ըստ քաղհասարակության ներկայացուցիչների՝ առաջին անգամ է, որ ԵՄ երեւանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված որեւէ գրառում-նկարի տակ արված մեկնաբանությունները մի քանի օր շարունակ գրաքննվում եւ ջնջվում են»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Միհրան Դավթյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում: Հետաքրքիրն այն է, որ մինչեւ այս նշանակումը Միհրան Դավթյանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ. նրան մեղադրում էին որոշակի գումարի դիմաց տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չբացահայտելու եւ դրանց ընթացք չտալու մեջ: Թե ինչպես կամ ում միջոցով է Դավթյանին հաջողվել խուսափել այդ մեղադրանքներից ու հայտնվել ՌԴ-ում՝ այնքան էլ պարզ չէ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ խղճին է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը: 2,5 տարի է անցել նրա մահվանից, մինչեւ օրս ՀՀ քննչական կոմիտեն քննում է, թե ում էր ձեռնտու այդպիսի հիվանդություններով մարդուն կանալքի տակ պահել ու մահվան դուռը հասցնել: «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ տեղեկություններ է պարզել նրա առողջական վիճակի ու կալանքի համատեղելիության փորձագիտական եզրակացության մասով: Մասնավորապես, քրեական գործով նոր հանգամանք է ի հայտ եկել. փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Ա. Սարգսյանն այդ հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ: Իսկ ի՞նչ փուլում է գտնվում քրգործը: Գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին. «Հարուցված քրգործով նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական նոր փորձաքննություն»: Այսինքն՝ նոր փորձաքննությամբ փորձում են պարզել, թե նախկինում տված եզրակացությունը որքան արժանահավատ է եղել: Հիշեցնենք՝ դեռ 2019-ի մայիսի 14-ին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակավ հայտարարել էր. ««ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում երբ իրականացվեց 2-րդ փորձաքննությունը եւ ասվեց, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն չունի «Հաց բերողը», կարճ ժամանակ անց եզրակացություն տվողը նշանակվեց ՊՈԱԿ-ի տնօրեն»: Հիմա, պարզվում է, փորձագետները սխալվել են, բայց Սարգսյանն արդեն մահացած է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակում կարող է կալանավորվել առնվազն 52 մարդ: Չարաշահումներն այնքան մասշտաբային են, որ Քննչական կոմիտեում զգուշանում են ավելի մեծ թվով մարդկանց մեղադրանք ներկայացնելուց՝ մտահոգվելով, որ արդյունքում կարող է պարզվել, որ չկա մի մարդ, որն առնչվել է այս ճանապարհի կառուցմանը եւ գումար չի յուրացրել»: