26.11.2024
«Կողմերի մոտեցումները մոտ չեն»: Նալբանդյանը Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
prev Նախորդ նորություն

Խուճապ Ադրբեջանի արժութային շուկայում. Մանաթը գահավիժել է 47%

Ադրբեջանի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել երկրի ազգային արժույթի՝ մանաթի համար սահմանել լողացող փոխարժեք այն բանից հետո, երբ նմանատիպ որոշում են կայացրել Ադրբեջանի գործընկեր երկրների ԿԲ-ները: Այդ մասին նշված է Ադրբեջանի ԿԲ-ի հայտարարության մեջ: Լողացող փոխարժեքին անցումը կտրուկ արժեզրկել է մանաթը՝ 47,63% դոլարի նկատմամբ և 47,88%՝ եվրոյի նկատմամբ, փոխանցում է minval.az-ը:

Բաքվում շաբաթ օրը փոխանակման կետերը սահմանափակել են դրամի վաճառքը: «Դոլար չկա», -այդպես են արձագանքում փոխանակման կետերի սեփականատերերի մեծամասնությունը, փոխանցում է contact.az-ը: Փոխանակման կետերը խուճապի են մատնվել մանաթի հնարավոր արժեզրկման սպասումից, ինչի մասին լուրերը վերջին շրջանում ակտիվացել են նավթի գների՝ մեկ բարելի համար մինչ $37 նվազման ֆոնին:

Մանաթի փետրվարյան 35%-ոց արժեզրկումից հետո, ԿԲ-ի նախագահ Էլման Ռուստամովը հայտարարել էր հերթական արժեզրկմա մասին նավթի գների $40 ցածր իջնելու պարագայում:

«Ըստ այդ որոշման, մանաթի փոխարժեքը ձևավորվելու է գլխավորապես հիմնարար գործոններից ելնելով, հաշվի առնելով առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունը շուկայում: ԿԲ-ի մասնակցությունը արժույթի շուկայում իրականացվելու է այդ ռեժիմից ելնելով», - նշվում է Ադրբեջանի կենտրոնական բանկի հայտարարության մեջ: Լողացող փոխարժեքին անցումը կարգավորիչը բացատրում է էներգակիրների շուկայում առաջարկի գերակայությամբ և նավթի հիմնական սպառող երկրներում տնտեսական աճի թուլացման հանգամանքով:

«Վերջին ամիսներին գործընկեր երկրների ազգային արժույթներն արժեզրկվել են ավելի քան 100%-ով: Այդ իրավիճակը ստիպել է արժութային շուկան և մանաթի փոխարժեքը հարմարեցնել նավթի նոր գներին: Կտրուկ նվազել է երկրի արտաքին առևտրային դրական հաշվեկշիռը և այլ աղբյուրներից եկամտային հոսքերը», -նշված է ԿԲ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2015թ.-ի փետրվարին ԿԲ-ը իրականցրել է ազգային արժույթի արժեզրկում, որպեսզի կարգավորեն փոխարժեքը նավթի գների մեկ բարելի համար $50-55 պայմաններում:

«Ադրբեջանի անցումը լողացող փոխարժեքին ստիպողական քայլ է, որը բացատրվում է համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող գործընթացներով: Այն, ինչ մենք այժմ տեսնում ենք, մանաթի իրական արժեքն է»,- Թրենդի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախարարների խորհրդի գնային, տնտեսական և ֆինանսա-վարկային քաղաքականության բաժնի նախկին ղեկավար Օքթայ Ահվերդիևը: