Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մենակբանելով Սարգսյան-Ալիև բակացությունները Բեռնում, ասել է, որ որ ցավոք, կողմերի մոտեցումները մոտ չեն, կամ չեն համընկնում: Ներկայացնում ենք նախարարի ճեպազրույցը հայկական լրատվամիջոցներին Սարգսյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո՝ առանց կրճատումների:
Հարց. Պարոն նախարար, ի՞նչ մեխանիզմներ են մշակվում:
Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով մոտ երկու տասնյակ հանդիպումներ են եղել՝ գագաթաժողովներ: Մի շարք հանդիպումներ շատ մոտ են եղել համաձայնության, սակայն Ադրբեջանը միշտ հետքայլ է արել:
Անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում կայացած վերջին գագաթաժողովից բավական ժամանակ է անցել՝ մեկ տարուց ավել, և շատ կարևոր էր նոր հանդիպում կազմակերպել:
Մենք շնորհակալ ենք Շվեյցարիայի իշխանություններին, որ հյուրընկալեցին այս գագաթաժողովը։ Շնորհակալ ենք նաև եռանախագահող երկրներին՝ իրենց ջանքերի համար՝ բանակցային գործընթացն առաջ մղելուն ուղղված նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու համար։ Այդ գործընթացն առաջ մղելու համար նման մտադրություն պետք է ունենա Ադրբեջանը, ինչն, իրականում, ոչ միայն նման մտադրություն չունի, այլ՝ ընդհակառակը:
Հարց. Ո՞րն էր այս հանդիպման օրակարգը։
Այս գագաթաժողովի օրակարգը թելադրված էր Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների հետևանքով իրավիճակի սրմամբ։ Եվ, բնական է, եթե այսպիսի սուր վիճակ է տիրում, ապա մյուս հարցերը երկրորդ պլան են մղվում:
Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, թե կարող է ուժի կիրառումը, իրավիճակի սրումը օգտագործել որպես բանակցային գործիք: Իրականում դա իրենց թուլությունն է։ Բաքուն իր անվստահությունը բանակցություններում ցանկանում է կոմպենսացնել այս կարգի քայլերով։
Ադրբեջանի ստրատեգները կարծում են, թե դա իրենց ինչ-որ ուժ է տալիս. Ի՞նչ է տվել մինչ հիմա այս քաղաքականությունը Ադրբեջանին: Որևէ դրական բան, որևէ առավելություն ոչ տվել է, ոչ տալիս է, ոչ էլ, իհարկե, կտա:
Հարց. Եվ այս պայմաններում նպատակահարմա՞ր էր գալ բանակցությունների։
Կային տրամադրություններ և կան տրամադրություններ, որ Ադրբեջանի այս ոչ ադեկվատ կեցվածքի՝ սադրանքների պայմաններում երևի իմաստ չունի բանակցությունները շարունակել: Ու հարց է առաջանում՝ որն է բանակցությունների այլընտրանքը:
Հայաստանը կողմ է եղել, կողմ է բանակցային գործընթացը շարունակելու, բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը: Ու մեր Հանրապետության Նախագահի մասնակցությունը այս գագաթաժողովին հենց դրա մասին է խոսում՝ մեր մոտեցման մասին, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու եռանախագահների հետ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հարց. Այս պայմաններում եթե բանակցություն չլինի, խաղաղ լուծում հնարավո՞ր է:
Եթե բանակցություն չլինի, ինչպե՞ս է լուծում լինելու: Ինչպե՞ս են խաղաղություն հաստատում:
Իրականում նաև այս հանդիպման ժամանակ կողմերն արտահայտեցին իրենց մոտեցումները հիմնախնդրի կարգավորման տարբեր տարրերի, տարբեր սկզբունքների շուրջ, որոնք իրենք ներկայացրել են: Եվ կարող ենք նորից վերահաստատել, որ ցավոք, կողմերի մոտեցումները մոտ չեն, կամ չեն համընկնում:
Բայց այստեղ ոչ միայն Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում Հայաստանի մոտեցումներին։ Կարող ենք ասել նաև, որ Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում և չեն համապատասխանում եռանախագահող երկրների առաջարկներին:
Դուք գիտեք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով հինգ հայտարարություն է եղել։ Ադրբեջանը ամեն կերպ խուսափում է որևէ հղում կատարել այդ հայտարարություններին, որտեղ արտահայտված են այն սկզբունքները, այն տարրերը, որոնք, ինչպես բամիցս նշել են համանախագահները, արված են որպես մեկ ամբողջություն, և մեկ սկզբունքի կամ մեկ տարրի տարանջատումը անհնար կդարձնի կարգավորումը։
Մենք բազմիցս արտահայտվել ենք, որ պատրաստ ենք այդ առաջարկների վրա շարունակել բանակցությունները և գնալ կարգավորման, Ադրբեջանը որևէ դրական կարծիք այդ հայտարարությունների վերաբերյալ չի հայտնել։ Միայն ձևացնում է որ ինչ-որ բանի պատրաստ է, բայց ինչի՞ է պատրաստ։
Նրանք ինչ-որ հայտարարություններ են անում իրենց հանրային կարծիքի համար, և մտածում են, թե որևէ մեկին դրսում կտպավորեն։ Դա ամենևին այդպես չէ։
Բելգրադում եռանախագահների հայտարարության կապակցությամբ ես մեկնաբանություն տվեցի, կետ առ կետ անդրադարձա։ Իսկ ի՞նչ մեկնաբանություն տվեցին ադրբեջանցիները, չկա ոչ մի մեկնաբանություն, քանի որ այն ինչ ասում էին համանախագահները, մենք էլ ենք նույնն ասում։
Հարց. Պարոն նախարար, ի՞նչ տվեցին կոնկրետ այսօրվա բանակցությունները, կա՞ ինչ-որ կոնկրետ արդյունք, որը կարելի է դրական համարել։
Որևէ հանդիպում՝ հատկապես՝ նախագահների մակարդակով, շատ կարևոր է։ Որպեսզի այդ երկխոսությունը շարունակվի, բանակցությունները շարունակվեն, քանի որ, ինչպես նշեցի, դրան այլընտրանք չկա։
Ինչքան հաճախ լինեն այս հանդիպումները, այնքան ավելի շատ է հնարավոր, միգուցե փոքր քայլերով, բայց ինչ-որ քննարկումներ լինեն թե հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու իմաստով, թե լարվածության նվազեցման մեխանիզմների մշակման իմաստով։ Այդ հարցերն էլ են, իհարկե, քննարկվել։
Գիտեք, որ եռանախագահները բազմաթիվ հայտարարություններ են արել նաև այս ուղղությամբ, հրադադարի խախտումների, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։ Մեր կողմից բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք գնալ այդ մեխանիզմի ստեղծմանը։ Ոչ միայն պատրաստ ենք, մենք ողջունել ենք այդ մեխանիզմի ստեղծումը։ Ասեմ ավելին, համանախագահները բազմիցս ներկայացրել են այդ մեխանիզմի ստեղծման մանրամասները: Կողմերն առնվազն երկու անգամ՝ Սոչիում կայացած երկու գագաթաժողովների ժամանակ, խոսել են այդ մասին։
Դուք կարող եք նայել այդ գագաթաժողովների արդյունքում ընդունված եռակողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունները, որոնցում խոսքը գնում է հենց այդ մեխանիզմի ստեղծման մասին։ Այդ հայտարարություններում որոշակի պարտավորություններ էին վերցված, որ կողմերը՝ եռանախագահաների հետ միասին, պետք է քննարկեն այդ մեխանիզմների ստեղծումը։
Հարց. Ու ի՞նչ եղավ...
Հենց այդ հայտարարություններից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հետքայլ արեց։ Այսօր մենք ևս քննարկեցինք այդ մեխանիզմի ստեղծման առաջարկը: Վերահաստատվել է, որ հայկական կողմերը ներկայացրել են իրենց դրական արձագանքը դրան։
Սեպտեմբերին՝ Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, եռանախագահները վերահաստատեցին, որ Հայաստանն ընդունել է առաջարկը, իսկ Ադրբեջանից սպասում են, որ նա էլ կընդունի։ Այդ հարցը նորից արծարծվեց այսօրվա հանդիպմանը։
Հուսով ենք, որ Ադրբեջանը վերջապես այլ մոտեցում կցուցաբերի, քանի որ, եթե մենք իսկապես ցանկանում ենք բանակցային գործընթացն առաջ շարժել, ապա դրա համար պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծվի։
Հարց. Պարոն նախարար, այսօրվա հանդիպմանը եռանախագահները կտրուկ բարձրացրե՞լ են շփման գծում տանկերի ու հրետանու օգտագործման հարցը։
Եռանախագահները և այսօր են դրել այդ հարցը, և իրենց հայտարարությունների մեջ են բարձրացրել։ Եթե վերցնենք այս տարվա հունվարից, համանախագահները հասցեական հայտարարություններ և կոչեր են արել, վերջինը՝ Բելգրադում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում, որը բավականին կարևոր ձևաչափ է։ Ամեն տարի դեկտեմբերին այդ ձևաչափում եռանախագահները հանդես են գալիս հայտարարությամբ։
Այդ վերջին հայտարարության մեջ շատ խիստ քննադատություն կար ծանր հրետանու և տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառման իմաստով։ Եվ պարզ է, թե ում էր դա ուղղված։
Ադրբեջանը, դրան ի պատասխան, փաստորեն, ապտակ հասցրեց եռանախագահներին ու գնաց տարբեր զինատեսակների օգտագործմամբ իրավիճակի առավել սրմանը։
Սա է Ադրբեջանի պատասխանը միջազգային հանրության առաջարկներին, քանի որ համանախագահներն ունեն միջազգային հանրության մանդատը և հանդես են գալիս նրանց անունից։
Հարց. Պարոն Նալբանդյան, հասկանալի է, մեկ հարց ուղղակի. Ուորլիքը տեսակետ է հայտնել, որ կարծեք թե լավատեսություն կա: Դուք կիսու՞մ եք միջնորդի լավատեսությունը: Եվ Դուք նշեցիք, որ տրամադրվածություն կար, որ Հայաստանը այսուհետ առհասարակ հրաժարվի բանակցելուց: Տրամադրություններն աճեցի՞ն, ըստ Ձեզ, թե՞ պակասեցին:
Ես պատասխանեցի այդ հարցին. տրամադրությունները կան, այլընտրանք բանակցային գործընթացին չկա: Հայաստանը միշտ կողմ է եղել և կողմ է լինելու բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը: Իսկ այդ դրական տրամադրության կամ լավատեսության իմաստով՝ դիվանագետներն ընդհանրապես պետք է լավատես լինեն, որովհետև եթե լավատես չեն, ուրեմն դիվանագետ չեն:
Հարց. Իսկ կենացը, որի վերաբերյալ Ուորլիքը Թվիթերում գրել էր, իրո՞ք կենաց է եղել։ Դա համապատասխանու՞մ է իրականությանը:
Կարծեմ երևակայական ինչ-որ մի բան է: Ամեն դեպքում նախագահները կենաց չեն խմել: Լուրջ բանակցություններ են վարել: