23.11.2024
ԱՄՆ-ի դեսպանատունը վերսկսել է ՀՀ-ի քաղաքացիների գրանտային հավաքագրումը
prev Նախորդ նորություն

Փաստաբաններ. Պերմյակովը գործել է սպանություն "սատանայական դրդապատճառներով"

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Գյումրիում կայացավ տարեսկզբին Ավետիսյաննրի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական առաջին նիստը:

Դատարանում զոհված ընտանիքի իրավահաջորդների փաստաբանները հայտարարել են, որ իրենք որոշակի տեղեկություններ ունեն, որոնք կարող են լույս սփռել Պերմյակովի գործողությունների դրդապատճառների վրա: Մասնավորապես, փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ Պերմյակովը "Одноклассники" սոցցանցում միացած է եղել սատանիստների էջին՝ խոստանալով մարդկանց զոհաբերել:

Երեմ Սարգսյանը վստահ է, որ այդ հանգամանքը կարելի է դիտարկել որպես հանցագործության դրդապատճառ: Նրա խոսքով, փաստաբանները հայցադիմում են ներկայացրել այդ ուղղությամբ հետաքննություն անցկացնելու համար, սակայն քննիչը մերժել է նրանց հայցադիմումը: "Չի բացառվում, որ հանցագործությունը կատարվել է առաջին հերթին նյութական դրդապատճառներով, սակայն Պերմյակովի սատանայական հակումները շատ բան են ասում նրա ներաշխարհի մասին", - պարզաբանել է նա:

Ի պատասխան դատախազը հայտարարել է, որ չունի համապատասխան նյութեր և դատավորի որոշմամբ հարցը ուսումնասիրվելու է հաջորդ փուլում: Հաջորդ նիստը կկայանա հունվարի 18-ին: Դատը մեկ ամսով հետաձգվել է, քանի որ Պերմյակովի նոր հասարական պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դեռևս պետք է այդ ընթացքում ծանոթանա քրեական գործի նյութերին:

Օգոստոսին Գյումրու ռուսական ռազմակայանի կայազորային դատարանը Պերմյակովին դատապարտել էր տաս տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգքրի երեք հոդվածներով՝ դասալքություն, զենքի գողություն և անօրինական կրում: Այնուհետև դատարանը փոխանցել է հայկական կողմին Ավեստիսյանների յոթ հոգուց բաղկացած ընտանիքի սպանության 9 հատորանոց գործը: