26.11.2024
ԱԳՆ-ն հերքել է հումանիտար խումբը հանելու վերաբերյալ ՀՀ-ին ներկայացված պահանջի մասին լուրը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ո՞ւմ «մարդն է» Արսեն Թորոսյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո «ծովը ծնկներից էր թվում» ու ինչ բարձր պաշտոնյա էր նշանակում վարչապետը, որևէ մեկը չէր հետաքրքրվում նրա կենսագրությամբ։ Այն ժամանակ, երբ ասեին, որ այսինչը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, հեղափոխականները միաբերան կգոռային՝ հակահեղափոխական սուտ է, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նրա բոլոր կադրերը նոր են, մաքուր, ազնիվ և կապ չունեն նախկինների հետ։ Հիմա, երբ շատ պաշտոնյաների կենսագրության մեջ խորանում ես, հասկանում ես, որ Առաջին նախագահի թիմից է եղել։ Առողջապահության նախարարի շուրջ ստեղծված աղմուկից հետո էլի նույն մտայնությունը՝ ո՞նց հայտնվեց։ Ու գտնում եմ լրատվամիջոցներից մեկին տված նրա հարցազրույցներից մեկը։ Արսեն Թորոսյանն է պատմում․ «2008-ին եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: DVD սկավառակները 10 հազար օրինակով ձայնագրում էինք ու իմ մեքենայով տարբեր գյուղերում էինք բաժանում: Ի դեպ, այդ ամենն արել ենք անաչառությամբ, ասում էին՝ ցույցերին մասնակցելու համար ձեզ գումար և պիցցա են բաժանում, իսկ ես իմ աշխատավարձն էի ծախսում: 2008-ի ընտրություններին իմ գրպանից մոտ 1500 դոլար գումար եմ ծախսել՝ DVD-ներ կրկնօրինակելու համար, այն ժամանակ էլ ասում էինք՝ DVD-ների հեղափոխություն է: Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո եղել եմ նաև բազմաթիվ ակցիաների ու նախաձեռնությունների մասնակից»:


Այսինքն ի՞նչ է ստացվում։ Ինքը պայքարում էր Սերժ Սարգսյանի դեմ, բայց այդ ժամանակ այնքան լավ էր ապրում, որ կարող էր իր աշխատավարձից լրացուցիչ 1500 դոլա՞ր ծախսել առաջին նախագահի համար։ Ու այդ պայմաններում բողոքու՞մ էր։ Հազար պատճառաբանություն կարող է բերել, բայց սա փաստ է ու անհերքելի փաստ։ Ինչևէ, ուզում եմ հասկանալ՝ «ու՞մ մարդն է Արսեն Թորոսյանը»։ Ո՞վ է նախարար նշանակել՝ 2008-ի հեղափոխության ղեկավա՞րը, թե՞ այս հեղափոխության ղեկավարը։ Կամ գուցե դրանք նույն մարդիկ են, ասեն՝ հասկանանք, կողմնորոշվենք։ Ես, ինչպես նաև շատերը, քաղաքական իրավիճակին տեղյակ ենք եղել ու համոզված, որ Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական հակառակորդներ էին։ Ինչպե՞ս է ստացվեց, որ Լևոն որ Տեր- Պետրոսյանի վստահված անձը նախարար դարձավ»։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի հարկայինի պետ Ռուբեն Սարգսյանը, ով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության պետ Գրիշա Սարգսյանի եղբորորդին է։ Նա ավելի վաղ՝ հեղափոխությունից առաջ, զբաղեցնում էր Կոտայքի հարկայինի պետի պաշտոնը, այդ ժամանակ վերադասների հետ չհամաձայնեցված ստուգում էր իրականացրել, որի պատճառով ազատվել էր աշխատանքից ու տեղափոխվել «աքսորավայր»՝ Եղեգնաձոր, որտեղ փող աշխատել, ըստ էության, հնարավոր չէ։ Կարճ ժամանակ անց, սակայն, նա նշանակվել էր Գեղարքունիքի հարկայինի պետ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում տրվեց «Երեւանի օրերը՝ Արցախում» միջոցառումների մեկնարկը, որին մասնակցում էին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, աշխատակազմի տարբեր պաշտոնյաներ եւ ավագանու անդամներ։ Միջոցառման շրջանակներում Ստեփանակերտում տրվեց նաեւ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների մեկնարկը։ Մաեստրոյի պատվին անցկացվել են տարբեր միջոցառումներ, որոնք հետո ամփոփվել են տոնական խնջույքով՝ Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետերի ու ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մենք տեղեկացանք, որ խնջույքին Մանսուրյանին ուղեկցել են նրա երկու քույրերը եւ քրոջ՝ Արաքս Մանսուրյանի դուստրը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Նորաթուխ իշխանականներով լի միջավայրում, սակայն, Շուշանը հայտնվել է «դիսկոմֆորտի» վիճակում՝ ամբողջ ընթացքում ասես փշերի վրա է եղել, քանզի ներկաների մեծ մասը «հակառակորդ» ճամբարից էր։ Բայց որոշ ժամանակ անց կենացները քաղցրացել են, եւ Ստեփանակերտի քաղաքապետը ներկաներին առաջարկել է խմել ոչ միայն մաեստրո Մանսուրյանի, այլեւ Շուշան Պետրոսյանի կենացը՝ որպես հայ երգարվեստում, նաեւ Արցախում իր ներդրումն ունեցած տաղանդավոր արտիստի։ Դա հաստատել է նաեւ Հայկ Մարությանը, որն անգամ մոտեցել համբուրել է Շուշանին։ Իմքայլականներն էլ, նրանցից ոմանք՝ չուզելով ու ճարահատյալ, ոտքի են կանգնել եւ խմել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր -երգչուհու կենացը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթյանի փոխարեն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իսկ, ահա, Արտակ Դավթյանին հնարավոր է՝ տանեն Մովսես Հակոբյանի տեղը՝ զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշ­տոնին: Բանն այն է, որ այդ պաշտոնը նախկինում ենթարկվում էր ՀՀ նախագահին, հիմա դարձել է ՊՆ-ին կից: Բայց այս փոփոխության մասով մի խնդիր կա, որը և ձգձգման պատճառն է: Բանն այն է, որ Օնիկ Գասպարյանը ծնունդով իջևանցի է, և ՊՆ-ում մտավախություն ունեն, որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը թիրախավորվի այս նշանակումից հետո, թե, իբրև, իր «զեմլյակին» բարձր պաշտոնի նշանակեց: Բայց Գասպարյանը լուրջ և բազմափորձ զինվորական է և մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՊՆ-ում մշտապես բարձր դիրքեր է ունեցել»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ուժի ներսում առկա բևեռացումների մասին խոսակցություններն աստիճանաբար իրականության սաղմեր են ստանում։ Մասնավորաբար, անընդհատ խոսվում էր այն մասին, որ Սասուն Միքայելյանին իշխանության ներսում այնքան էլ բարյացակամորեն չեն վերաբերվում. որպես դրա վառ ապացույց նշվում էր այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ լինելով՝ նա չընտրվեց նոր վարչության կազմում, թեպետ Միքայելյանն ու ՔՊ-ականները ամեն ինչ արեցին՝ ցույց տալու, թե արտառոց բան չի եղել, ժողովրդավարական ընտրություններ են եղել։ Իսկ Միքայելյանի հետ կապված «պատմություններն» սկսվել էին Աբովյանի համայնքապետի ընտրություններից հետո, երբ նա չպաշտպանեց մարզպետի առաջադրած թեկնածուին։ Ահա այս ամենից հետո թերթին նոր մանրամասնություններ են հայտնի դարձել, մասնավորաբար, որ օրերս տեղի ունեցած ՔՊ փակ հանդիպմանը Սասուն Միքայելյանը չի մասնակցել: Ընդ որում, ոչ թե ուղղակի չի մասնակցել, այլ նրան ընդհանրապես չեն էլ հրավիրել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն․ Սասուն Միքայելյանի սկսած զանգվածային կադրային ջարդից հետո կառույցը լքելու տրամադրություններն ուժեղացել են։ Նախկինները, որոնք ընկել են նոր ղեկավարի թրի տակ ու հեռացվել պաշտոններից, խոսքը տարածքային կառույցների ղեկավարության մասին է, որոշել են իրենց հետ տանել նաև յուրայիններին՝ Սասուն Միքայելյանին թողնելով որպես «ավերակաց» կառավարիչ։ Մեզ պատմեցին, որ հին երկրապահները հատկապես ծանր են տարել Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Սերգեյ Գասպարյանի հեռացման փաստը, ով անձնական միջոցների հաշվին մեծ ներդրումներ է կատարել պատանի երկրապահների կարիքների հարմար։ Հիմա այդ պաշտոնը վստահվել է Ռոմիկ Մխիթարյանին, ով մինչ այդ և երկար տարիներ ղեկավարում էր Շենգավիթի կառույցը, սակայն Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո նրա դեմ ակտիվ խոսողներից է։ Կա՞ն արդյոք ԵԿՄ-ից դուրս գալու դիմումներ․ ԵԿՄ խոսնակը վստահեցրեց, որ մինչ այս պահը որևէ դիմում չեն ստացել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արման Սահակյանի (Սովրանոյի Արման) գործերը այնքան էլ լավ չեն: Նրա գործունեությամբ սկսել են զբաղվել ինչպես ՊԵԿ-ը, այնպես էլ ԱԱԾ-ն: Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում արդեն կա հարուցված քրեական գործ, իսկ ԱԱԾ-ն զբաղվում է նրա ֆուտբոլային գործունեությամբ: Հիշեցնենք, որ Արման Սահակյանը, բացի բազմաթիվ բիզնեսներից, հանդիսանում է նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը: Այնպես որ, աշնան ամիսներին, կարծես, նոր շոուների պակաս մեր հասարակությունը չի ունենալու»:


«Հրապարակը» օրաթերթը գրում է. «Օրաթերթը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ՝ լոսանջելեսյան տեղի կառույցներն ու կազմակերպությունները ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանի վարչապետի այցն առավել տպավորիչ դարձնելու համար։ «Հրապարակը» տեղեկացավ, որ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Բայբուրդյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապված հանձնաժողով, որում ընդգրկված են տեղական խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ ավանդական 3 կուսակցություններից՝ ՀՅԴ, ռամկավարներ և հնչակյաններ, բարեգործական միություններից, տեղի առաջնորդարանից։ Հիմնական միջոցառումը նախատեսված է անցկացնել Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմաց՝ «Գրանդ պարկ» կոչվող տարածքում։ Այն է՝ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լոս Անջելեսի հասարակության միջև, և ակնկալվում է 20-30 հազար մարդու ներկայություն։ Նախատեսված են մի քանի այլ հանդիպում-միջոցառումներ ևս, բայց դրանք լինելու են կարճատև՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում 1 օր է անցկացնելու»:


«ՀՀ» օրաթերթը գրում է. «Արցախի անկախության տարեդարձի տոնակատարությունները անարձագանք չեն մնացել Ադրբեջանում։ Այդ երկրի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ իշխանություններին մեղադրելով Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված գործընթացը վտանգելու մեջ։ «Այս հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը շարժվում է մի ուղղությամբ, որը հեռացնում է հարցը խաղաղ ճանապարհով լուծելուց»,- համոզված է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Ադրբեջանի կողմից նման շեշտադրումներով հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցությունների չգնալուն ուղղված քայլ, որը, սակայն, միակը չէ։ Փորձագետի խոսքով՝ մոտ օրերս «խաղաղ բնակչությունը» նախատեսում է անցնել սահմանը և հիմնավորվել Արցախում որպես իրենց հայրենիք։ Սա նմանատիպ թվով երրորդ ակցիան է»»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտա­գործողների. ընկերություննե­րի միությունների մասին» օրենքում: Մելքումյանն առա­ջարկում է օրենքում ավելաց­նել այսպիսի կետ. «Ընկերու­թյան գործադիր տնօրեն կա­րող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործու­նակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթու­թյուն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշ­տոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլոր­տի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշ­խատանքային ստաժ»: Նման փոփոխության անհրաժեշ­տություն առաջացել է թավշյա և ոչ բռնի հեղափոխությունից հետո, երբ հեղափոխության առաջնորդները ՋՕՄ պետեր են նշանակում ոլորտից ան­տեղյակ և պատահական մարդկանց: Բայց այդ դեպ­քում նման փոփոխություն պետք է կատարել բոլոր օրենքներում, որովհետև իրավիճակը նույնն է բոլոր ոլորտներում»:


«Իրավունք» օրաթերթը գրում է. «Այսօր շրջանառության մեջ հայտնվեց տեղեկատվություն, որ օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ 1 սմ-ով պակաս է: Մինչդեռ օրերս վարչապետ Փաշինյանը գլուխ էր գովում, թե անցած տարվա համեմատ Սևանից 51 մլն խմ-ով պակաս ջրառ է իրականացվել: Ջրային տնտեսության կոմիտեն որոշեց օգնության նետվել Փաշինյանին, թեև լավ կաներ, որ ծպտուն չհաներ, ավելի խստացրեց վիճակը: Այսպես, կոմիտեն, չգիտես ինչու, «թյուր մեկնաբանություն» որակեց լճի մակարդակի 1 սմ-ով նվազելու տեղեկատվությունը, թեև իր հայտարարությունը, ըստ էության, հաստատեց, որ սխալ չկա, օգոստոսի 29-ին նման ան­կում փաստացի եղել է. էլ ի՞նչ «թյուր մեկնաբանություն»: Բայց դա մի կողմ: Կոմիտեն փորձում է համոզել, որ օգոստոսի 29-ի պատկերը պատահականություն է, իսկ ահա սեպ­տեմբերի 1-ին ամեն ինչ տեղն է ընկել. «Ցուցանիշը նույնն է, ինչ անցյալ տարվանը»: Բայց երևի այդպես էլ չեն գիտակցել, որ ամբողջ խնդիրը ոչ թե 1 սմ բարձր կամ ցածրն է, այլ, որ լճի մակարդակը գրեթե անցած տարվա վիճակում է: Եվ հենց իր հայտարարությամբ էլ կոմիտեն օրակարգ է մղել այդ խիստ մտահոգիչ հարցը: Բացատրենք... Ըստ կոմիտեի տվյալների. «Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900.63 մ է, նույն ցուցանիշն է 2018 թ. նույն օրվա դրությամբ»: Մինչ­դեռ. «Արփա-Սևան ջրատա­րով լիճ մուտք գործած ջրի ծավալը այս տարվա սեպտեմ­բերի 1-ի դրությամբ կազմել է 148. 343 մլն խմ, իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշը 131.538 մլն խմ էր»: Այսինքն՝ մուտք եղած ջուրը 16.805 մլն խմ-ով այս տարի ավել է: Միևնույն ժամանակ. «Նույն օրվա դրությամբ այս տարի Սևանից բաց է թողնվել 129.044 մլն խմ ջուր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 174.956 մլն խմ էր»: Այսինքն՝ ջրթողը մոտ 46 մլն խմ-ով պակաս է եղել: Միայն այս երկու պարամետրերի հաշվին լճում այս տարի մոտ 63 մլն խմ-ով ջուրը պետք է ավելանար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարու­թյունն այսօր պետք է վերջնական եզրակացություն տա՝ Ամուլսարի հանքի շահագործման համար նոր ՇՄԱԳ պետք է, թե ոչ: Կառավարությունում օրեր առաջ անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ մի շարք նոր հանգա­մանքներ ի հայտ եկան նաև Քննչական կոմիտեի գործունեության հետ կապ­ված, սակայն վերջնական անելիքները հայտնի կդառնան միայն այսօր՝ նախարարության կողմից տրված վերջնական եզրակացությունից հետո: Հավելենք, որ այս օրերին ակադեմիական գիտա­կան հաստատությունները Շրջակա մի­ջավայրի նախարարություն են ուղար­կում իրենց տեսակետները՝ Ամուլսարի հանքի շահագործման շրջակա միջա­վայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ու «Էլարդ»-ի փորձագիտա­կան թիմի եզրակացության վերաբեր­յալ: Եվ հիմնականում պրոֆեսորներն այն կարծիքն են արտահայտել, որ ջրե­րի աղտոտումն անխուսափելի է: Հավելենք, որ Գիտությունների ազգային ակադեմիան կառավարության խորհր­դատուն է օրենքով, սակայն հանքի շա­հագործման գնահատական նրանցից ոչ ոք նախկինում չի պահանջել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու առիթով կոմիտեում սպասվող զարգացումների վերաբերյալ։ Տեղեկությունների համաձայն, Քննչական կոմիտեի վրա Ամուլսարի «բազարը» ջարդելուց հետո, Քննչականում լուրջ ցնցումներ են սկսվել։ Գաղտնիք չէ, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում ՔԿ-ն հատկապես «նստած» է նախկին իշխանավորների գործերի վրա, որոնց մեծ մասը՝ քաղաքական որոշումների արդյունքում: Կոմիտեում գիտակցում են՝ բացի նրանից, որ հետագայում իշխանության փոփոխության դեպքում իրենք են դառնալու քավության նոխազ, նաև իրենցից յուրաքանչյուրը կարող է «ժերտվա» դառնալ՝ իշխանությունների քաղաքական ամբիցիաների պատճառով, ինչի արդյունքում կդառնան (կամ դարձել են) համակարգի «զոհը»։ Եվ ահա, թերթի՝ Քննչականի աղբյուրի փոխանցմամբ, կոմիտեում կադրային որոշակի արտահոսք է սպասվում. կա տեղեկատվություն, որ իր պաշտոնին հնարավոր է հրաժեշտ տա նաև ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մեղադրյալներից մեկը ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանն է: Վերջինիս որդին Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն է»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ակնառու է, որ քաղաքական «դիսկուրսը» Հայաստանում դուրս չի գալիս նորի և հնի շրջանակից, և անգամ Ամուլսարի հարցում առաջացած քաղաքական դիմակայությունը մեծ հաշվով մնաց այդ համատեքստում՝ վկայելով, թե որքան ուժեղ է նորի և հնի, այսպես ասած, «ճնշումը» հասարակական-քաղաքական օրակարգի վրա: Ո՞վ է պատասխանատու այդ օրակարգի համար: Հարցը մի կողմից՝ ունի միարժեք կոնկրետ պատասխան՝ կառավարող ուժը, բայց մյուս կողմից՝ այդ միարժեքությունն առերևույթ է, որովհետև օրակարգի համար պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր ունեն քաղաքական կյանքի, հասարակական-քաղաքական սուբյեկտության հավակնություն: Որովհետև նրանք օրակարգի անմիջական շահառուներն են, այդ օրակարգը և դրանում ձևավորված իրավիճակն ու իրողություններն են պայմանավորում հանրության հետ քաղաքական սուբյեկտների հարաբերությունը, ուժերի հարաբերակցությունը: Ըստ այդմ, եթե որևէ սուբյեկտի, որն ունի քաղաքական հավակնություն, չի բավարարում ձևավորված օրակարգը կամ «դիսկուրսը», ապա տվյալ սուբյեկտը պետք է լինի այն փոխելու առաջնային շահագրգռություն ունեցողը և դրա ուղղությամբ քայլեր կատարողը: Ըստ այդմ, օրակարգի, «դիսկուրսի» ձևավորման պատասխանատվություն կրում են բոլոր քաղաքական ուժերը, քաղաքականության և հանրային շահերի սպասարկման հավակնություն ներկայացնող բոլոր սուբյեկտները: Եթե այն շարունակում է մնալ, լինել հնի ու նորի գերակայության միջավայրում, ապա դա նշանակում է, որ չկա դրան արդյունավետ մրցակցություն:


Թե՛ նոր իշխանությունը, թե՛ հին համակարգի տարբեր սեգմենտները լուծում են իրենց քաղաքական խնդիրները, և պետք է արձանագրել, որ ներկայիս դիմակայությունն ու օրակարգը բխում են այդ շահից: Քաղաքականությունը ենթադրում է մրցակցություն, քաղաքականության մեջ դա ոչ միայն անխուսափելի է, այլև մեծ հաշվով այլ կերպ չի էլ լինում: Ըստ այդմ՝ ամբողջ հարցը մրցակցության բովանդակությունն է և որակը: Հեղափոխությունից հետո այն, մեղմ ասած, բարձր չէ և խոշոր հաշվով առանձնապես չի էլ տարբերվում մինչ հեղափոխությունը եղած իրողություններից: Դա նաև հասկանալի է՝ ի վերջո մեծ հաշվով քաղաքական դիրքավորման տեսանկյունից եղել է տեղերի փոփոխություն, իսկ դերակատարները սկզբունքորեն նույնն են: Ահա այստեղ է ամբողջ հարցը՝ հետհեղափոխական իրավիճակում ի հայտ կգա՞ն քաղաքական նոր դերակատարներ, նոր՝ ոչ միայն անուններով և անվանումներով, այլև ընդհանրապես քաղաքական փիլիսոփայությամբ, աշխարհայացքով ու մեթոդաբանությամբ, որոնք կբերեն քաղաքական մրցակցության նոր նշաձող և որակ, հանրության հետ հարաբերության նոր մշակույթ, որը միաժամանակ կլինի հանրամատչելի և հասկանալի, որպեսզի հետո հանրությունը չմեղադրվի այդ մշակույթը «չհասկանալու» համար: Առայժմ մրցունակ քաղաքական այլ սեգմենտ՝ հետհեղափոխական մեկուկեսամյա շրջանում, չի ձևավորվել, ինչի հետևանքն էլ հնի ու նորի գերակա «օրակարգն» է»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Բոլոր ընտրություններին ՀՀԿ-ի, Սամվել Ալեքսանյանի համար խախտումներով ձայն հավաքող, Մալաթիայի տա­րածքում քվեատուփերը լցո­նող Կարապետ Շահինյանն օրերս նշանակվել է Շենգավիթի թաղապետարանի աշխատակազմի քարտուղար: Ու­շագրավն այն է, որ այս նշա­նակման մասին քաղաքապետարանի կայքում ոչ մի տեղե­կություն չկա: Մինչդեռ բոլոր վարչական շրջանների աշխատակազմերի ղեկավարնե­րի ու քարտուղարների անուն­ները կայքում նշված են: Կա­րապետ Շահինյանի ո’չ անու­նը, ոչ լուսանկարը նշված չէ»: