Զոհրաբ Մնացականյանը մեծ նշանակություն չի տալիս Բաքվի հայտարարություններին
Ես մեծ նշանակություն չեմ տալիս պաշտոնական Բաքվից հնչած հայտարարությանը և չեմ էլ ուզում առանձնապես մեծ նշանակություն տալ, որովհետև դա նշանակում է մտնել մի դաշտ, որն ինձ համար հետաքրքիր չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին իր կողմից հնչեցրած այն հայտարարությանը, թե «Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք»:
Անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացին, նա չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե գործընթացը սառեցված է և նշեց, որ առաջիկայում նախատեսվում է իր հերթական հանդիպումը ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Սակայն ինչպես և նախկինում, այնպես էլ այսօր հանդիպման օրն ու վայրը Մնացականյանը չհստակեցրեց: Կարևորը, ըստ նրա, արտաքին գործերի նախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելն է:
Նշենք, որ ըստ ամենայնի՝ Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը տեղի կունենան Նյու-Յորքում: