Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը. ԱԳՆ
Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Խաղաղությունն այլընտրանք չունի և Հայաստանի Հանրապետությունը և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար»,- շեշտեց նա։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում միջազգայնորեն ընդունված միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների դերակատարումը արցախյան հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում։
«Հայաստանը հստակ արտահայտել է իր մոտեցումները Ղարաբաղյան խաղաղ կարգավորման առնչությամբ և այս տեսակետից կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում և օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում անցկացված հանրահավաքին հնչեցրած դրույթները: Ղարաբաղյան խաղաղ գործընթացում կարգավիճակի և անվտանգության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը»,- ընդգծեց նա:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում կիրառելի մարդու անօտարելի իրավունքները ենթադրում են նաև ազատ կամարտահայտում, ասաց նախարարը, որը ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացումը և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավումը բանակցային գործընթացում:
«Եթե Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ»,- հավելեց նա: