Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել
Ժուռնալիստների միության նախկին նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հաստատելով մամուլի հրապարակումը:
Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը, կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը, կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը:
Նշենք, որ Աստղիկ Գևորգյանը Ժուրնալիստների միության նախագահ է եղել 1992-2017 թվականներին: